Մեկ օր` հետպատերազմյան Կապանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մեկ օր` հետպատերազմյան Կապանում

Մեկ օր` հետպատերազմյան Կապանում

Հետպատերազմյան Կապանում, որն արդեն  սահմանակից է Ադրբեջանին, տրամադրությունները,  կարելի է ասել,   եղանակի նման մռայլ էին։ Մեկուկես ժամ փողոցում շրջելիս`  հատուկենտ  մարդկանց հանդիպեցինք։ Նրանց, ում էլ  հանդիպեցինք, օրվա հոգսերով էին  ու մտահոգված երկրում տիրող վիճակով։ Սմարթֆոններով էին հետևում  երևանյան իրադարձություններին ու խումբ–խումբ կանգնած  քննարկում։

Տաքսու վարորդները, որոնց քննարկման թեման հիմնականում քաղաքականությունն է,  Կապանի հրապարակում կանգնած  դրսից  հետևում էին մարզպետարանի աշխատանքային ընթացքին։ Նոր մարզպետին էին ներկայացնում աշխատակազմին, որից ակնկալիքները մեծ են։

«Դե ինքը կռված մարդ է։ Իրեն Մելո են ասում։ Շատ մեծ հույսեր ունեմ, որ լավա լինելու»։ 

Երբ մոտեցանք  խումբ-խումբ կանգնած վարորդներին, ոմանք խոսափողը նկատելիս անմիջապես հեռացան. խոսելու ցանկություն չունեին, սակայն տարիքովը չհրաժարվեց զրույցից։ Դժգոհեց վաստակածից։ Պատերազմի ընթացքում հաճախորդներ չի ունեցել։ Ո՞ւմ տանեի, ծիծաղով  ասում է, բոլորը դիրքերում էին։ Պատերազմից հետո էլ օրական մեկ–երկու հաճախորդ է ունենում։

«Էսքան կորուստներ, որ տվել ենք, ոնց պիտի լինենք։  Այսքան երիտասարդները, որ շարքից դուրս են եկել։  Շատ վատ ա։  Ընդհանրապես, կյանքը շարունակվում է, Կապանը միշտ էլ կանգուն է, Կապանը միշտ Կապան է եղել, կանգուն է։  Սպասում ենք դեպի լավ բաների, դեպի առաջընթացը։ Սպասում ենք, որ  այս 17 կուսակցությունները համը չհանեն։  Դավաճաններն էին մեղավոր, մեր տղաները  հաղթել են, նրանք մարտունակ էին։ Նախ զենք ու  զինամթերքը  պակաս էր։ Այս 30 տարվա մեջ փոխանակ  զենք առնեին դղյակներ են կառուցել, միլիարդավոր դղյակներ են կուտակել»։

Տաքսու վարորդներից բացի քաղաքում հանդիպածների մյուս մասն էլ  քաղաքացիական  հագուստով զինվորականներ էին։ Կապանը պատերազմի ընթացքում դժվարին օրեր  է ունեցել։ Պատերազմից հետո  քաղաքը կարծես դարձել  է զինակայան։ Թեև պատերազմում պարտություն ունեցանք, սակայն, սյունեցու  ոգին տեղն է՝ անկոտրում, մեզ հետ զրույցում ասացին  իրենց հերթափոխությանը սպասող  զինվորականները։

«Քաղաքը լքողներ չկան։  Հիմա ես վաղը  հերթափոխի եմ։ Ամեն ինչ նորմալ ա։ Գնում ենք, մեր ծառայությունն անուն, անցնում մեր առօրյա կյանքին։ Իմ  ընտանիքն էլ էայստեղ, իմ հարազատներն էլ։  Ուղղակի հիմա  ցուրտ է, դրա համար մարդիկ դուրս չեն գալիս։ Ես 7 տարի ծառայում  եմ, ամեն ձևի կյանք տեսել եմ։ Նորմալ վիճակ է, կռիվ է։ 1991 –ից կռիվ ենք տեսել։ Ռիսկով ենք ու դուխով, մեզ չեն կարող կոտրել»։  

Կապանցիներին այսօր մտահոգում է թշնամու շատ ավելի մոտ լինելը քաղաքին ու հարակից բնակավայրերին, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ  Գևորգ Փարսյանը։ 

«Իհարկե, թշնամին այսօր շատ ավելի է մոտեցել մեր բնակավայրերին։ Բնականաբար, դրա հետ կապված որոշակի լարվածություն կա,  բայց, եթե ընդհանուր առմամբ ասենք, մեր բնակիչներն ապրում են իրենց առօրյա կյանքով»։

Գորիս-Կապան ավտոմայրուղին  գործում է  անխափան ու անվտանգ։  Կապանն ապրում է բնականոն կյանքով, իսկ քաղաքին մոտ գտնվող և շուտով գործարկվելիք օդանավակայանը մնում է և շարունակելու է մնալ Հայաստանի տարածքում, մեզ  հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետը։ Ըստ ԽՍՀՄ տարիներին գործող վարչական սահմանների` օդանավակայանը գտնվում է  ՀՀ սահմաններից ներս։ Քաղաքում նախատեսված էին զարգացման բազում ծրագրեր, որոնք, ըստ քաղաապետի, առայժմ կմնան թղթի վրա։ Առաջնային խնդիրն այսօր բնակիչների անվտանգության ապահովումն է։ Արդեն տրվել են  քաղաքի ու  գյուղերի  ապաստարանների վերանորոգման ու նորերի կառուցման հանձնարարականները։

Թեմայի այլ նորություններ