2020 թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մարզերի դատախազությունների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվել է լայնածավալ ուսումնասիրություն համայնքներում բջջային կապի ծածկույթ ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար հողամասերի հատկացման գործընթացների իրավաչափության կապակցությամբ:
Արդյունքում՝ հանրապետության 9 մարզերի 76 համայնքներում (այդ թվում՝ խոշորացված համայնքների մաս կազմող բնակավայրերում) կատարված նույնատիպ սխեմատիկ չարաշահումների դեպքերով 2020 թ. ընթացքում նախաքննական մարմիններում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի տարբեր մասի, առանձին դեպքերում՝ նաև 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի, 315.2-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել և քննվել է 77 քրեական գործ:
Այսինքն՝ օրենսդրությամբ ունենալով սահմանված դեպքերում և կարգով ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու և վերացնելու լիազորություն և շատ դեպքերում նախապես իմանալով, որ նշված հողատարածքներն ամսական անհամեմատ բարձր վարձավճարով ենթավարձակալության է տրամադրվելու ընկերություններին և օգտագործվելու է ապօրինի՝ ոչ իրենց գործառնական նշանակությամբ, այդ ապօրինությունները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, կանխարգելելու փոխարեն համայնքների ղեկավարները չեն առարկել ենթավարձակալության պայմանագրի կնքման դեմ: Արդյունքում՝ հողամասերի վարձակալները երկարատև՝ 15-25 տարի ժամկետներով, պայմանագրերի հիման վրա համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից վարձավճարների տեսքով ստացել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից:
Քրեական գործերով համայնքների գործող կամ նախկին 34 ղեկավարների առաջադրվել են մեղադրանքներ:
Վերոնշյալ քրեական գործերից 5-ը 5 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցից 1-ով կայացվել է մեղադրական դատավճիռ, մյուսներով դատական քննությունը շարունակվում է:
Հարուցված քրեական գործերով համայնքներին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 472.5 մլն ՀՀ դրամ, որից շուրջ 127 մլն ՀՀ դրամն արդեն իսկ վերականգնվել է: Միջոցներ են ձեռնարկվում վնասի մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ:
Համայնքների խախտված իրավուքնները վերակագնելու և ֆինանսական միջոցները համայնքային բյուջե ուղղելու խնդիրը լուծելու նպատակով մարզերի դատախազությունների հետևողականությամբ և նախաձեռնողականությամբ 27 համայնքներում (բնակավայրերում) վարձակալության պայմանագրերը լուծվել են, որոնց զգալի դեպքերում համայնքների և կապի օպերատոր նույն ընկերությունների միջև կնքվել են նոր պայմանագրեր: Միջոցներ են ձեռնարկվում մյուս դեպքերով ևս ապօրինի պայմանագրերը լուծելու ուղղությամբ, ինչի նպատակով մարզերի դատախազների կողմից միջնորդագրեր են ներկայացվել մարզպետներին:
Բազմաթիվ դեպքերով նախնական քննությունը դեռևս ընթացքի մեջ է: