Երևանում մեկնարկեց ապատեղեկատվության դեմ պայքարին և մեդիագրագիտությանը նվիրված համաժողով
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երևանում մեկնարկեց ապատեղեկատվության դեմ պայքարին և մեդիագրագիտությանը նվիրված համաժողով

Երևանում մեկնարկեց ապատեղեկատվության դեմ պայքարին և մեդիագրագիտությանը նվիրված համաժողով

Ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ պայքարում ամենահզոր և արդյունավետ միջոցը գրագետ, տեղեկացված և ազատ հասարակություն ունենալն է: Այդ մասին ապատեղեկատվության դեմ պայքարին և մեդիագրագիտությանը վերաբերող համաժողովի բացման խոսքում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը՝ ողջունելով ֆորումի մասնակիցներին և բարձրաստիճան հյուրերին:

Փոխնախարարի խոսքով՝ համաժողովի թեման այսօր առավել քան արդիական է՝ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող զարգացումները և մարդկությանը սպառնացող մարտահրավերները:

«Տեղեկատվության հասանելիությունը, խոսքի ազատությունը, թափանցիկությունը, մարդկանց տեղեկացված լինելը մարդու կարևոր իրավունքներ են: Նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մի կողմից շեշտակիորեն բարձրացնում է հասարակության և յուրաքանչյուր անհատի տեղեկացվածության հնարավորությունները, սակայն մյուս կողմից այդ նույն հասարակությանը և անհատին դարձնում է խոցելի՝ ապատեղեկատվության և կեղծ լուրերի առջև», - նշեց ԱԳ փոխնախարարը:

Ապատեղեկատվությունը կամ կեղծ լուրերի տարածումը, ըստ Վահե Գևորգյանի, այսօր առավել քան արդիական մարտահրավեր է: Դրա պատճառները և շարժառիթները զանազան են, իսկ իրականացման ձևերը օրեցօր կատարելագործվում են:

Փոխնախարարը մտահոգիչ է համարում այն փաստը, որ որպես ապատեղեկատվության թիրախ հաճախ ընտրվում են առավել խոցելի խմբերը, որոնք չունեն բավարար գիտելիք, փորձ և տեղեկացվածություն՝ ապատեղեկատվությունը ճանաչելու կամ այդ նպատակով վերլուծություն կատարելու համար: Եվ այդ առումով, հատկապես, մտահոգիչ է տարեց մարդկանց, անչափահասների և երեխաների թիրախավորումը:

«Ինչպես բոլորս ականատես դարձանք, ապատեղեկատվության և կեղծ լուրերի հորձանուտը շեշտակիորեն աճում է հատկապես արտակարգ իրավիճակներում, օրինակ՝ համավարակի պայմաններում, որն աշխարհը պատուհասեց 2020 թ. սկզբներին: Համավարակի արհավիրքի հետ հանդերձ համաշխարհային հանրությունը առերեսվեց նաև քաոսային տեղեկատվական հոսքին. շատ օգտատերերի համար չափազանց դժվար դարձավ ճշմարտությունը և կեղծ լուրը զանազանելը և իրավիճակի մասին իրական պատկեր կազմելը»- ասաց փոխնախարարը:

Վահե Գևորգյանը շեշտեց, որ կեղծ լուրերի գործոնն ընդգծվում է հատկապես հակամարտային իրավիճակներում և մաս է  կազմում պատերազմի հրձիգների գործիքակազմի:

«Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված վերջին պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրան նախորդած և հաջորդած ժամանակահատվածներում, Հայաստանը ստիպված էր դիմակայել նաև ապատեղեկատվական և կիբերանվտանգային կազմակերպված հարձակումների: Դրանց դեմ պայքարը ենթադրում է ոչ միայն պետական կառույցների, այլև՝ ողջ հասարակության մոբիլիզացիա: Այսպիսով, ներկայիս հրամայականն է նման ապատեղեկատվության դիմակայումը, որի առանցքային մասը պետք է դառնա հասարակության լայն շերտերի մեդիագրագիտության բարձրացումը: Առավել քան համոզված եմ, որ ապատեղեկատվության դեմ պայքարում ամենահզոր և արդյունավետ միջոցը գրագետ, տեղեկացված և ազատ հասարակություն ունենալն է», - հայտարարեց ԱԳ նախարարի տեղակալը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացնում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ ազգային խորհրդատվություն» ծրագիրը, որի շրջանակներում այսօր՝ մարտի 10-ին, Երևանում մեկնարկեց համաժողով հայաստանյան նախարարությունների տեղեկատվական ծառայությունների ներկայացուցիչներիլրագրողներիուսանողներիդասախոսների մասնակցությամբ համաժողով:

Համաժողովի մոդերատորի՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ ֆորումի շրջանակներում քննարկման առաջադրված խնդիրը, որն է՝ ոչ միայն պրոֆեսիոնալ կառույցների ու կազմակերպությունների, լրատվամիջոցների ու լրագրողների, այլև ավելի լայն՝ ոչ մասնագիտական հանրության մեդիա գրագիտությունը և տեղեկատվական անվտանգությունը, շատ մեծ նշանակություն ունի ժամանակակից աշխարհում, այդ թվում՝ ազգային կառավարության և հայ հասարակության համար:

«Եթե Հայաստանի և միջազգային կառույցների նախորդ տարիների համագործակցությունը հիմնականում կենտրոնացած էր մեդիա ոլորտի օրենսդրության, էթիկայի կանոնների, մեդիա ինդուստրիայի զարգացման խնդիրների վրա, ապա վերջին մոտ 10 տարվա ընթացքում մեծ նշանակություն ստացավ նաև ապատեղեկատվության մարտահրավերներին համարժեք արձագանք և պատասխան ձևավորելու խնդիրը: Եվ այդ առումով շատ կարևոր է, որ որոշակի գիտելիքներ ունենան ոչ միայն տեղեկատվություն տարածող պրոֆեսիոնալները, այլև լայն հանրությունը: Եվ այդ իմաստով տարածվող տեղեկությունների ընկալումն, իհարկե, շատ մեծ նշանակություն ունի, և մեզ այսօր, տեղեկատվական հասարակության պայմաններում, անհրաժեշտ է, որպեսզի ոչ միայն պրոֆեսիոնալները այլև մեդիա սպառողները տիրապետեն որոշակի գիտելիքների: Եվ հենց դրան է այսօր նվիրված լինելու մեր քննարկումը, որը խնդրի բազմաթիվ բաղադրիչների է անդրադառնալու»,-պարզաբանեց Նավասարդյանը:

Ֆորումի շրջանակներում ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ նախարարության անունից ողջունելով մասնակիցներին և ընդգծելով, որ գրագետ, տեղեկացված և ազատ հասարակություն ունենալը ենթադրում է համապատասխան գիտելիքներ, հմտություններ, արժեք և վերաբերմունք ունեցող քաղաքացիների առկայություն երկրում: Իսկ այդ ամենի հիմքը, ինչպես Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարը շեշտեց, կրթությունն է:

«Այդ առումով, հատկապես վերջին տարիներին, արվում է աշխատանք, կա խնդրի հստակ գիտակցում, ձևակերպված է մեդիա և տեղեկատվական գրագիտության բարձրացման խնդիրը թե՛ տարբեր ծրագրերում և թե՛ այդ ուղղությամբ ուսումնական նյութեր են ստեղծվում», - հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Մեդիագրագիտության համաժողովին մասնակցում էր նաև ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն, որն առաջին անգամ է Հայաստան եկել: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ներկայացուցիչն իր խոսքում նշեց, որ տեղեկատվական խնդիրներին վերաբերող մարտահրավերները և մեդիագրագիտության բարձրացումը իր առաջնահերթություններից են՝ որպես ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցչի:

«Ես այս խնդիրը բարձրացնում եմ թե՛ ԵԱՀԿ-ի, թե՛ այս տարածաշրջանի անվտանգության համար շատ դժվարին ժամանակաշրջանում: Շատ առիթներով ես բարձրաձայնել եմ իմ մտահոգությունները ԵԱՀԿ տարածաշրջանում մեդիայի հետ կապված իրավիճակի բարդացման վերաբերյալ: Մի իրավիճակ է, երբ հաճախ շատերը չեն հասկանում, թե ինչ է դրված կշեռքի նժարի վրա: Թվում է, թե շատերը մոռացել են, որ անկախ մամուլը ժողովրդավարության հիմնասյուներից և դրա զարգացման պայմաններից մեկն է և բոլորիս համար լավ կյանքի նախապայմաններից մեկը», - ընդգծեց Թերեզա Ռիբեյրոն:

Թեմայի այլ նորություններ