ԱՄՆ կառավարությունը պետք է օգնություն չտրամադրի Ադրբեջանին. Երևանում մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    19 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱՄՆ կառավարությունը պետք է օգնություն չտրամադրի Ադրբեջանին. Երևանում մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը

ԱՄՆ կառավարությունը պետք է օգնություն չտրամադրի Ադրբեջանին. Երևանում մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը

Երևանում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների հերթական խորհրդաժողովը, որի մասնակիցները կենտրոնացել են 2020-ի պատերազմից հետո Արցախի հիմնախնդրի շուրջ և ընդհանուր տարածաշրջանում ձևավորված նոր իրավիճակի և այն նոր մարտահրավերների վրա, որոնց առերեսվել է հայ ժողովուրդը անվտանգության և արտաքին քաղաքականության համատեքստում:

Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը իր բացման խոսքում ցավով արձանագրեց, որ Հայաստանն ու հայությունը վերջին պատերազմում կրած պարտությունից հետո կորցրել են անխոցելիության այն զգացումը, որ ձեռք էին բերել Հայաստանի անկախացման և Արցախի ազատագրմանը հանգեցրած 1988-ի Արցախյան համազգային շարժումից հետո:

«Դրանք ընդհանուր խանդավառության տարիներ էին: Բոլորս էլ լծվեցինք աշխատանքի: Դուք դրա ոչ միայն ականատեսներն եք, այլև գործի կիրարկման մասնագետները: Եվ այդ ուղղությամբ աշխարհով մեկ մենք ունեցանք այդ զգացումը, թե հայկական դարաշրջան է բացվում մեր առջև: Այդ պատճառով էլ, անշուշտ, ծանր էր Արցախյան երկրորդ պատերազմի ահավոր ցավը, վիշտը, որովհետև մենք հեռացանք այդ անխոցելիության զգացումից: Բնական է, որ այս կացության մեջ մենք՝ Հայ Դատի հանձնախմբի այս ցանցը, անմիջապես հավաքվեցինք և քննեցինք, թե այս պատերազմի ընթացքում և պատերազմից հետո ի՞նչ հատուկ մարտավարական ճշգրտումներ են հարկավոր, որպեսզի առաջ տանենք մեր աշխատանքը: Թափը չկասեցվեց: Դուք շատ լավ գիտեք, որ պատերազմի ընթացքում Դաշնակցությունը տրամադրեց իր ամբողջ ներուժը պետությանը», - հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

Տեր-Խաչատուրյանի խոսքով՝ Հայ Դատի հանձնախմբերի գործունեության հիմնական ոլորտները չորսն են: Առաջին ոլորտը Հայրենիքի իրազեկման աշխատանքներն են, դրսում Հայաստանի պետականության ամրապնդման լոբբինգի աշխատանքներն են, ինչպես նաև Արցախի ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչման աշխատանքներն են: Երկրորդը դասական Հայ Դատի ոլորտն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա հետևանքների վերացման թղթածրարը: Երրորդը հայության իրավունքների պաշտպանության խնդիրն է հայրենի հողի վրա և ամբողջ աշխարհում՝ որտեղ էլ որ լինեն: Եվ չորրորդը սփյուռքահայության մեջ հայ երիտասարդության քաղաքականացման խնդիրն է:

«Բնականաբար, սգո և հուսահատության էջը մեզ համար վաղուց փակված է, աշխատանքը երբեք չի ընդհատվել, և հիմա հավելյալ թափով կնետվենք առաջ», - հավելեց Դաշնակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչը:

ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանն էլ փաստեց, որ Քառասունչորսօրյա պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները զգալիորեն փոխել են ռազմաքաղաքական ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում, և ստեղծված վիճակը պահանջում է Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ամբողջական վերագնահատում կատարել և դրա վրա կառուցել առաջիկա բոլոր ծրագրերն ու անելիքները:

Ռուստամյանի գնահատմամբ՝ այսօր Հայաստանին ու Արցախին սպառնացող անմիջական վտանգը Մեծ Թուրանի գաղափարով թուրքական երկրները համախմբելու և հնարավորինս արագ այս պատերազմից առավելագույնը ստանալու՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնություններն են: Հետևաբար, մեր գլխավոր խնդիրը պետք է լինի դա բացառելը:

«Եթե մինչև այս պատերազմը հայության և մասնավորապես Հայ դատի գլխավոր խնդիրը ազատամարտում արձանագրված հաղթանակի արդյունքների ամրագրումն էր, ապա հիմա դա այս պատերազմում կրած պարտության և դրա հետևանքների չեզոքացումն ու առաջացած նոր մարտահրավերների հաղթահարումն է: Այսօր հրատապ խնդիր է կասեցնել դեպի նորանոր պարտությունների տանող երկրի գահավիժող ընթացքը՝ մատնանշելով այն կարմիր գիծը, որից այն կողմ կատարված որևէ նահանջ ու զիջում, ըստ էության, հանգեցնելու է հայ տեսակի ու պետականության կորստի», - հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և Արցախի անվտանգության, Հայաստանի հզորացման և անվտանգության ամրապնդման հարցերը Հայ դատի հանձնախմբի գլխավոր առաջնահերթություններից են:

Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանը՝ խոսելով ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի առաջնահերթ անելիքների մասին:

«Այդ հարցերի շուրջ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ամեն քայլափոխին, ամեն ձևերով աշխատում է, և դրա արդյունքները շատ հստակ են: Հենց այսօր Սենատում պիտի քննարկվի ընդհանուր Միացյալ Նահանգների անվտանգության բանաձևը, որի մեջ կա երկու բարեփոխում, ինչի ուղղությամբ Հայ դատի հանձնախումբը աշխատել է սենատորների հետ, որպեսզի կրճատվի ամերիկյան օգնությունը Ադրբեջանին: Սա մեր գերադաս աշխատանքներից մեկն է, որովհետև, ի վերջո, նկատի առնելով Ադրբեջանի կառավարության հարձակողական դիրքը, նկատի առնելով 2020-ի պատերազմը, նկատի առնելով, որ այդ պատերազմը հստակորեն մինչև օրս վերջացած չէ, ամերիկյան կառավարությունը պետք է որևէ օգնություն չուղարկի Ադրբեջան», - լրագրողներին հայտնեց Հայ դատի վաշինգտոնյան գրասենյակի խոսնակը:

Չուլջյանը հիշեցրեց, որ Միացյալ Նահանգները 2016 թվականին ավելի քան 120 մլն դոլար օգնություն էր ուղարկել Ադրբեջանին, և դրա հետևանքը 2020 թվականի աշնանը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիան էր:

Չուլջյանի խոսքով՝ Հայ դատի հանձնախումբը շարունակում է Արցախյան առաջին պատերազմի ընթացքում՝ 1992 թվականից սկսված աշխատանքը, երբ ԱՄՆ կոնգրեսը «Ազատության Աջակցության Ակտի» շրջանակներում ընդունեց այսպես կոչված «907 հատվածը» (Section 907) կամ ինչպես Հայաստանում է ավելի հայտնի՝ 907-րդ բանաձևը, որն արգելում էր ԱՄՆ կառավարությանը ուղղակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի շրջափակումը և ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Հայ դատի գրասենյակն այժմ ջանքեր է գործադրում, որպեսզի ԱՄՆ նախագահներն այլևս իրավունք չունենան շրջանցելու այդ բանաձևը, և Ամերիկայից որևէ օգնություն, հատկապես ռազմական օժանդակություն չուղարկվի Ադրբեջան:

«Դրա կողքին ևս աշխատանք ենք տանում, որպեսզի վստահեցնենք, որ ամերիկյան տեխնոլոգիաները չօգտագործվեն ընդդեմ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների՝ ինչպես եղավ 2020 թվականին: Տեսանք, որ թե՛ թուրքական անօդաչու սարքերը, որոնք կիրառվել են 2020-ի պատերազմում, փաստորեն պատրաստվել են ամերիկյան տեխնոլոգիաներով: Եվ այս պարագայում դրա դեմ պետք է պատժամիջոցներ լինեն: Օրենքներ կան, որ ասում են, թե ամերիկյան տեխնոլոգիան պիտի չօգտագործվի անմեղ քաղաքացիների դեմ», - հավելեց խոսնակը:

Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով՝ Հայ դատի հանձնախումբը այժմ աշխատում է կոնգրեսականների հետ նաև Արցախին և Հայաստանի Հանրապետությանը հատկացվող ամերիկյան օժանդակությունը ընդլայնելու ուղղությամբ:

«Ներկայացուցիչների պալատը 2,5 մլն դոլարի չափ գումար տրամադրեց Արցախին: Դա բավարար չէ՝ մանավանդ նկատի ունենալով 100 հազարից ավելի անտուն բնիկ հայերին, որոնք ստիպված եղան լքել Արցախի իրենց տները: Ուրեմն, այս հարցերի շուրջ շարունակում ենք աշխատել թե՛ Ներկայացուցիչների պալատի, թե՛ Սենատի և, ինչու չէ, նաև Սպիտակ տան հետ, որպեսզի ընդլայնենք այդ աշխատանքները», - տեղեկացրեց Եղիսաբեթ Չուլջյանը:

ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների նախորդ խորհրդաժողովը տեղի էր ունեցել 2020 թ. փետրվարի վերջին Արցախում: Այս խորհրդաժողովները կազմակերպվում են Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի որոշմամբ և Հայ Դատի կենտրոնական գրասենյակի գործադրմամբ: Դրանց նպատակն է քննության առնել նախընթաց շրջանի աշխատանքները, վերարժևորել դրանք, գնահատել ստեղծված իրավիճակն ու առկա ռիսկերը և արդեն նոր ժամանակաշրջանի համար ճշգրտել Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքի հիմնական ուղղությունները՝ ըստ անհրաժեշտության անելով նաև մարտավարական ճշգրտումներ: Խորհրդաժողովի՝ աշխարհի տարբեր վայրերից ժամանած մասնակիցները կայցելեն Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմներում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, որից հետո կմեկնեն Գորիս՝ խորհրդաժողովի աշխատանքները Սյունյաց աշխարհում շարունակելու նպատակով:

Թեմայի այլ նորություններ