Մեկ շաբաթվա կտրվածքով կորոնավիրուսի նոր դեպքերի 35 տոկոս աճ է արձանագրվել. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մեկ շաբաթվա կտրվածքով կորոնավիրուսի նոր դեպքերի 35 տոկոս աճ է արձանագրվել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը, կանխարգելիչ միջոցառումները և պատվաստումային գործընթացը:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում համաճարակային վիճակին՝ նշելով. «Հարգելի գործընկերներ, նախորդ շաբաթ, դրան նախորդած շաբաթվա համեմատությամբ, նոր տիպի կորոնավիրուսի նոր դեպքերի մոտավորապես 35 տոկոսի չափով աճ ենք ունեցել, և ակնհայտ է, որ աճի դինամիկա ունենք: Հիմա մեր նպատակն է՝ նախ այսօրվա ընթացիկ իրավիճակը հասկանալ և մտքեր փոխանակել առաջարկներ լսել հետագա անելիքների վերաբերյալ: Նաև քննարկել պատվաստումների հետ կապված դինամիկան և դրա վերաբերյալ մեր առաջիկա անելիքները: Նախ կլսենք առողջապահության նախարարին, որից հետո նոր մտքեր կփոխանակենք»:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը 2021 թվականի օգոստոսի 16-ի դրությամբ. արձանագրվել է ընդհանուր 234 814 դեպք, բուժում է ստանում 2704 անձ, առողջացել է 222 801 անձ, մահացել է 4702 անձ, մահվան ելքեր այլ պատճառով՝ 1136 անձ: Նախարարը նշել է, որ թե՛ աշխարհում, թե՛ մեր տարածաշրջանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը բավական լարված է. այդ մասին է խոսում դեպքայնության աճը, նաև օրական թեստավորումների թվի աճը: Այս պահին առկա է ծավալված 10 բժշկական կազմակերպություն, որտեղ հոսպիտալացված է 929 քաղաքացի, ծանր վիճակում է գտնվում 483 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 100 քաղաքացի:

Պատվաստումային գործընթացի վերաբերյալ նախարարը զեկուցել է, որ աճի դինամիկա է նկատվում. այսօրվա դրությամբ Covid-19-ի դեմ իրականացված պատվաստումների թիվը 220 000-ից ավելի է, ընդ որում՝ դրանից շուրջ 100000-ն իրականացվել է վերջին ամսվա ընթացքում: Պատվաստանյութերով հագեցվածությունը բավարար մակարդակի վրա է, առաջիկա օրերին նախատեսվում է նոր խմբաքանակի ստացում: Ա. Ավանեսյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը շարունակում է մնալ վարակի տարածումը կանխարգելող առավել արդյունավետ միջոց. այդ մասին է վկայում նաև այն, որ չնայած աշխարհում դեպքայնության աճին՝ այն երկրներում, որտեղ պատվաստվածության մակարդակը բարձր է, քովիդով պայմանավորված հոսպիտալացման ցուցանիշը ցածր մակարդակի վրա է: Նախարարը նշել է, որ համապատասխան փոփոխություններ են իրականացվում, և նախատեսվում է, որ այս տարվա հոկտեմբերի 1-ից տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է պետական կառավարման համակարգում պատվաստումների ընթացքին՝ նշելով, որ հուլիսի վերջի դրությամբ այդ ցուցանիշը հասել է 53 տոկոսի: Գործընթացը շարունակվում է:

Խորհրդակցությանը քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների պահպանման, վերահսկողության ուժեղացման, պատվաստումային գործընթացի խթանման, հնարավոր սահմանափակումներին վերաբերող հարցեր: Եվս մեկ անգամ կարևորվել է հանրային լայն իրազեկում իրականացումը թե՛ վերահսկողության խստացման, թե՛ պատվաստման արդյունավետության վերաբերյալ, ինչը թույլ կտա կառավարելի պահել համաճարակային իրադրությունը:

Վարչապետի դիտարկմամբ՝ վիճակագրության վերլուծությունը վկայում է, որ կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը Հայաստանում լարվում է, և պետք է խստացնել վերահսկողությունը հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ: Մասնավորապես, պետք է խստացվի փակ տարածքներում դիմակների կրման նկատմամբ վերահսկողությունը, և պատկան մարմինները պետք է ակտիվ աշխատանք իրականացնեն: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի համաճարակային իրավիճակը մնա կառավարելի, և լոքդաունի գնալու անհրաժեշտություն չառաջանա, ինչպես որ ներկայում արվում է տարբեր երկրներում:

Քննարկման արդյունքներով կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

 

 

Թեմայի այլ նորություններ