Պետք է գնանք ու շենացնենք. Լոռիից Արցախ հերթական խումբն է մեկնել
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    14%
    20 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    14%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    14%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պետք է գնանք ու շենացնենք. Լոռիից Արցախ հերթական խումբն է մեկնել

Պետք է գնանք ու շենացնենք. Լոռիից Արցախ հերթական խումբն է մեկնել

Հայաստանի Վանաձոր քաղաքից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ այսօր հերթական ավտոբուսներն են մեկնել: Ուղեւորների մի մասը վերադառնում էր տարբեր բնակավայրերում գտնվող իրենց տուն, մի մասն էլ Ստեփանակերտ․ կապրեն այնտեղ, որտեղ կտեղավորեն Արցախի իշխանությունները: Ավելի քան 2 ամիս Լոռու մարզում բնակվող արցախցիները գոհ են թե լոռեցիների հոգատարությունից ու ուշադրությունից, թե իրենց ապրելու պայմաններից, բայց ասում են՝ իրենց տունը Արցախում է:

Արմինե Պողոսյանը Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից էր։ Տեղափոխվել են Լոռու մարզի Թումանյան քաղաք հոկտեմբերի 3-ին։ «Մեր գյուղից նախ մեզ բերեցին Արարատի մարզի Գետազատ գյուղ, 10 օր այդտեղ մնացինք, հետո տեղափոխեցին Լոռու մարզի Թումանյան քաղաք, ճամբարում էին մեզ տեղավորել: Մինչեւ այսօր մեզ տված ուշադրությունից ու վերաբերմունքից գոհ եմ, չգիտեմ՝ որ մեկն ասեմ, որը չասեմ, բայց մեր հողն է, պետք է գնանք, թեկուզ թուրքը ավելի է մոտիկացել, բայց մենք էլի գնում ենք, գնալու ենք թուրքի հետ հարեւանություն անենք, ուրիշ ճար չունենք»,- ասաց տիկին Արմինեն ու շարունակեց՝ 3 պատերազմ է տեսել, 1-ին պատերազմում զոհվել  է ամուսինը, միայնակ 3 երեխա է մեծացրել. «Ասում էի՝ մենք տեսանք կռիվը, գոնե մեր երեխեքը չտեսնեն, բայց փաստորեն մեր երեխեքն էլ տեսան, հիմա պետք է պինդ լինենք»:

 

Վեներա Պողոսյանը եւս Արցախ մեկնողների մեջ է, շուրջ 2 ամիս է, ինչ Թումանյան քաղաքում էր։ Ասում է՝ հույս ուներ, որ հետ կվերադառնան հաղթանակած ու բարձր տրամադրությամբ, բայց գնում է այլ տրամադրությամբ. «Ոչ մեկը չէր պատկերացնում, որ նման բան կարող է լինել, որ մեր հողերը կտայինք նրանց, մեր գյուղն ու տունը կորցնեինք ու ընկնեինք փողոցները»:

Վեներայի  ընտանիքը Լոռի էր տեղափոխվել Զարդանաշեն գյուղից: Ասում է՝ հետդարձը շատ դժվար է. «Մեր գյուղն ենք կորցրել, հիմա դիվերսանտները լցված են մեր գյուղում, բայց մեկ է մեր հողը մեզ կանչում է, պետք է գնանք ու շենացնենք, որ թուրքը չառիթավորվի ու չասի, թե ղարաբաղցիները չեն գալիս։ Մենք իրենց հակառակ ենք գնում»:

Արցախ մեկնողների մեջ հիմնականում կանայք են, երեխաներ ու տարեցներ: Մեկնողների մեջ կան նաեւ ընտանիքներ, որոնց ոչ տունը կա, ոչ էլ հարազատ գյուղը: Գնում են՝ նոր տուն կառուցելու, թե ինչպես կանեն, դեռ չգիտեն, բայց վստահ են՝ հայը ստեղծող ու արարող է, նորից կստեղծեն, փոխարենը՝ պետք է վառ պահեն զոհված տղաների հիշատակն ու շարունակեն ապրել հանուն այն տղաների, ովքեր իրենց կյանքը չխնայեցին վաղվա համար։

«Մենք պարտավոր ենք չմոռանալ , թե մեր Հայաստանի հայերը մեզ ոնց ընդունեցին ու ոնց են ճանապարհում, մենք մեր զոհված տղերքին չպետք է մոռանանք: Ես բոլորիդ խաղաղություն եմ ցանկանում»,-ցասաց 66-ամյա Վլադիմիր Ավշարյանը, որը Մարտունու շրջանի Շեխեր գյուղից էր: Լսել է՝ գյուղը այլեւս չկա, անցել է թշնամուն:

Վլադիմիր պապը երկու տարբերակ է տեսնում՝ կամ Ռուսաստանը արցախցիներին ՌԴ քաղաքացիություն կտրամադրի, կամ էլ՝ Արցախի անկախությունը կճանաչվի, հակառակ դեպքում՝ իրենց անվտանգ ապրելու հարցը դեռ կշարունակի անորոշ մնալ:

«Գնում եմ եղբորս տուն՝ Հերհեր գյուղ, մեր գյուղը չկա, գնում ենք Ղարաբաղ, հլա չենք իմանում՝ մեր գլուխը ինչ կգա, մինչեւ հիմա էլ թուրքերը մեր գյուղի մեջ են։ Ոնց բոլորը, ինչ կանեն, մենք էլ նույնը, մի հարմարություն կգտնենք, մեր ձեռքին բան չկա»,- ասաց Արեւհատ Ավշարյանը:

Լոռու մարզպետարանի հատկացրած տրանսպորտային միջոցներով մինչ օրս Արցախ է վերադարձել ավելի քան 500 քաղաքացի: Մարզում ապաստանած մի քանի հարյուր քաղաքացի էլ վերադարձել են անձնական միջոցներով ու մեքենաներով:

Թեմայի այլ նորություններ