Պատրաստ եմ միանալ հայկական բանակին, եթե դրա կարիքը լինի․ Լևոն Արոնյանը վերադառնում է Հայաստան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    15 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    79%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    72%
    14 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    96%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    85%
    3 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Պատրաստ եմ միանալ հայկական բանակին, եթե դրա կարիքը լինի․ Լևոն Արոնյանը վերադառնում է Հայաստան

Պատրաստ եմ միանալ հայկական բանակին, եթե դրա կարիքը լինի․ Լևոն Արոնյանը վերադառնում է Հայաստան

Հայաստանի թիվ մեկ շախմատիստ Լևոն Արոնյանը Ստավանգերում ունեցած հաջող ելույթներից հետո Chess24-ի հետ զրույցում պատմել է Արցախյան պատերազմի և իր հոգեվիճակի մասին։

«Հայրենիքս Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հարձակման է ենթարկվել։ Մենք փորձում ենք ինքնապաշտպանվել ու իրավունք ունենք ապրել խաղաղության մեջ։ Սա աշխարհի յուրաքանչյուր հայի մտահոգությունն է։ Ես վերադառնում եմ հայրենիք ու ամեն ինչ կանեմ՝ օգնելու դուրս գալ այս սպառնալիքից»,- նշել է Արոնյանը։

Լևոնը պատրաստակամություն է հայտնել նաև մեկնել առաջնագիծ, եթե դրա կարիքը լինի․ «Ես ամեն ինչ կանեմ հայրենիքիս օգնելու համար՝ ինչով կարող եմ։ Եթե անհրաժեշտություն լինի միանալ բանակին, կանեմ»։

Իրավիճակն իհարկե թույլ չի տալիս կենտրոնանալ շախմատի վրա, բայց Արոնյանը նույնիսկ այս իրավիճակում իր համար դրական բան է գտել։ Արդյունքերի մասին մտահոգության բացակայությունը նրան ավելի շատ է ազատություն տալիս շախմատային տախտակի առջև։ Որպես ապացույց՝ Ստավանգերում տարած 4 հաղթանակները, այդ թվում՝ այս պահին աշխարհի ուժեղագույն երկու շախմատիստների՝ Մագնուս Կառլսենի և Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ․ «Նորմալ քնել չեմ կարողանում։ Սեպտեմբերի 27-ից սկսած նորմալ քուն չեմ ունեցել ու չեմ կարողացել կենտրոնանալ շախմատի վրա։

Միևնույն ժամանակ դա թույլ տվեց ինձ հանգստանալ, չմտածել արդյունքի մասին, որովհետև այս պահին ավելի շատ մտքերով ընկերներիս և ընտանիքիս անդամների հետ եմ, ովքեր պատերազմի առաջնագծում են։ Միգուցե դրա շնորհիվ լավ արդյունքներ ունեցա, քանի որ հիմա արդյունքի մասին առանձնապես չեմ մտահոգվում»,- ասում է 38-ամյա շախմատիստը։

Ինչպես հայ ժողովրդի մեծամասնությունը, Լևոնը ևս առաջնագծում տուժած ծանոթներ ունի․ «Իհարկե, շատ մարդկանց եմ ճանաչում տուժածներից։ Նրանցից շատերը իմ ընկերներն էին»։

Անկախ ամեն ինչից՝ Արոնյանը վստահ է, որ հայ ժողովուրդն ունակ է հայրենիքը պաշտպանել․ «Ես գիտեմ, որ մենք ամեն ինչ կանենք մեր գոյությունը պահպանելու համար։ Այս պահին լավատեսորեն կամ վատատեսորեն չես մտածում։ Միայն մտածում ես քո պարտավորությունների մասին։ Հենց դա է առաջնային պարտավորվածությունը՝ մտածել, թե ինչ կարող ես անել»։

Հայ ժողովուրդն արդեն մի քանի սերունդ անընդմեջ պատերազմի է ականատես լինում․ «Իմ երկու պապերն էլ պատերազմի մասնակից են եղել։ Մի պապս թողել է երկու երեխաներին ու գնացել պատերազմի՝ առանց երկմտելու՝ ճիշտ է անում, թե ոչ։ Նա գիտեր, որ պարտավոր է դա անել։ Ես էլ նույնն եմ զգում»,- նշում է Արոնյանը։

Բացի պատերազմից, Արոնյանն այս տարի անձնական ողբերգություն ունեցավ․ գարնանը ավտովթարից զոհվեց նրա կինը՝ Արիանա Կաոլին։ Սակայն Լևոնը վստահ է՝ Աստված իր ուժերից վեր փորձություններ չի ուղարկում․ «Ես հուզված եմ, բայց ամեն ինչ նորմալ է։ Մայրս մի խոսք ունի, որը ես շատ եմ սիրում․ Աստված փորձությունները տալիս է քո չափով։ Փոքր մարդկանց նա մեծ փորձությունների մեջ չի դնում։ Նա մեծ փորձություններ է տալիս մեծ մարդկանց։ Ես գիտեմ, որ կարող եմ հաղթահարել այն»,- եզրափակել է Արոնյանը։

Թեմայի այլ նորություններ