Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է: Օրվա Ամփոփում․ լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 19․10․2020
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    43%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    59%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    53%
    13 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    66%
    9 կմ/ժ
  • Արարատ 22°C
    34%
    3 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    45%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    43%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    48%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    43%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    49%
    11 կմ/ժ
  • Արցախ 24°C
    58%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է: Օրվա Ամփոփում․ լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 19․10․2020

Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է: Օրվա Ամփոփում․ լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 19․10․2020

19․10․2020

22։35 - Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանի և Արտակ Բեգլարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր հանգամանալից ներկայացնել Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում իրադրությունը և Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հումանիտար հետևանքները:

22։04 - Այսօր՝ վաղ առավոտյան, նորից մարտերը շարունակվել են։ Հյուսիսային և հարավային ուղղություններով հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել։ Հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել մեկ-երկու գրոհներից հետո։ Հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել։ [Արծրուն Հովհաննիսյան]

21։30 - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և  Ադրբեջանի արտաքին գործեր նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: ԱՄՆ պետքարտուղարի հետ առաջինը կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ 

20։40 - Վարչապետն անդրադարձել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, հայկական կողմի քայլերին և գործողություններին: Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև մի շարք հարցերի: [ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն]

18։56 - Դիմում եմ Ձեզ այս պահին ամբողջ հայության ամենանվիրական խնդրանքով՝ օր առաջ նախաձեռնեք Արցախի Հանրապետության ճանաչման գործընթաց Փարիզի քաղաքային խորհրդի կողմից: Վստահ եմ, որ ձեր այս քայլը շղթայական ազդեցություն կունենա և իր հետևից կբերի նոր նախաձեռնություններ ու մարդկանց, որոնց մենք ընդմիշտ երախտապարտ կլինենք: Ուրեմն, խնդրում եմ, գործե՛ք հիմա, գործե՛ք անհապաղ՝ հանո՛ւն ազատության, հանո՛ւն մեր եղբայրության:  [Լենա Նազարյանը դիմել է Փարիզի քաղաքապետ  Անն Իդալգոյին]

18։42 - Ես պատրաստ եմ ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, խոսել: Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման: Եթե հակառակ կողմից չկա փոխզիջման պատրաստակամություն, մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ՝ ԼՂ-ի մեր ժողովրդի իրավունքի, մեր հայրենակիցների իրավունքների համար: [Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝  TACC գործակալությանը]

18։04 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան»,  «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներ։   Նիստի ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին հակազդելու ուղղությամբ իրականացվող քայլերը: [ՀՀ կառավարություն]

17։51 - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ճշտված տեղեկություններով հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը, իսկ 42-ամյա Գևորգ Վարդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ: [ԱՀ ՄԻՊ]

16։40 - 13 կուսակցությունների առաջարկն ընդունել ենք ի գիտություն, դրանից զատ ավելացնելու ոչինչ չկա։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

15։50 - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԼՂ հակամարտության կողմերին և միջազգային այլ խաղացողներին կոչ է արել դադարեցնել առճակատման հռետորաբանության սրումը: «Համոզված ենք, որ այժմ ամենակարևորը առճակատման հռետորաբանությունը սրելը անհապաղ դադարեցնելն է, ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ միջազգային պատասխանատու խաղացողների միջոցով, որը, հավանաբար, շատ ջանքեր չի պահանջում»,- ասել է նա։ |tass.ru|

15։14 - Ադրբեջանի դատախազության տարածած հաղորդագրությունը, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է, իսկ ստերը անգամ մեկնաբանության կարիք չունեն։ [Շուշան Ստեփանյան]

14:28- Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել Եվրախորհրդի առջև՝ հետևելու մարդու իրավունքների պաշտպանությանը իրենց երկրներում, ինչպես նաև խաղաղ ճանապարհով կարգավորելու ԼՂ խնդիրը։ Այս հակամարտության համատեքստում կրկին առաջին պլան է մղվում վիճահարույց տարածքներում մարդկանց իրավունքների պաշտպանության հարցը։ Անկախ քաղաքականությունից՝ այնտեղ ապրող մարդիկ պետք է օգտվեն միևնույն իրավունքներից, ժողովրդավարությունից ու օրենքի գերակայությունից, ինչպես Եվրոպայի ցանկացած բնակիչ։ Ազգային իշխանությունները պարտավոր են դա ապահովել, և Եվրախորհուրդը պետք է կարողանա առանց խոչընդոտների մտնել այդ տարածքներ, որպեսզի գնահատենք տեղում տիրող իրավիճակը և հնարավորինս աջակցենք։ [ԵԽ գլխավոր քարտուղար] 

13:46- ՀՀ-ն երեկ դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի շրջանակները ընդլայնելու խնդրանքով: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Դիմել ենք ՄԻԵԴ՝ կիրառված միջանկյալ միջոցի շրջանակները ընդլայնելու խնդրանքով, որպեսզի այն վերաբերի ոչ միայն քաղաքացիական բնակչությանը եւ բնակավայրերի պաշտպանությանը, այլ նաեւ ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո հայտնված ցանկացած անձի՝ թե՛ ռազմագերու, թե՛ բնակչի անվտանգության ապահովմանը»,- ասաց նա:

13:45- Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 9 աթս, 12 զրահատեխնիկա, կա 150 զոհ: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

13:41- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետական իրավասու այլ մարմիններ հետ համագործակցությամբ շուրջ 1 շաբաթ է ակտիվ աշխատանքներ է իրականացնում ծաղկի իրացման շղթայում ընդգրկված բոլոր տնտեսվարողների հետ: Արդեն մի քանի օր է,  ինչ ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում: Իրականացվում  է ամենօրյա խիստ վերահսկողություն ինչպես մեծածախ շուկաներում, այնպես էլ մանրածախ առևտրի կետերում: [ՏՄՊՊՀ խոսնակ]

13:23- Հայաստան հասավ հումանիտար բեռով ևս մեկ ինքնաթիռ։ ԱՄՆ արևմտյան ափից այն կազմակերպել էր ArmeniaFund-ը, բեռը եկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան]

13:13- ՄԱԿ երևանյան գրասենյակի դիմաց այսօր հավաքվել էին Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով Երևան տեղափոխված արցախցի կանայք և երեխաները։ Բազմամարդ բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ից պահանջում են կանգնեցնել ադրբեջանական ագրեսիան։ Ցուցարարներն իրենց ձեռքերում պահում էին Արցախի դրոշներ և «Կանգնեցրեք ադրբեջանական ագրեսիան», «Կանգնի'ր, Էրդողան» և այլ բովանդակություններով պաստառներ։

13։13- Ծանր ու համառ մարտեր են, հատկապես հարավում։ [Արծրուն Հովհաննիսյան]

12:56- Սիրիայից ավելի քան հազար գրոհայիններ հոկտեմբերի 16-ին Թուրքիայի միջոցով ուղարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Այս մասին «ՌԻԱ-նովոստի»-ին տեղեկացրել է աղբյուրը, որի տեղեկություններով՝ ևս հազար գրոհային պատրաստվում է Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու իր հերթին: 

12:43- Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը։ Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գերմանացի խորհրդարանականներին պատերազմական ծանր ժամանակահատվածում արցախահայության խնդիրները տեղում ուսումնասիրելու համար՝ հույս հայտնելով, որ դրանք օբյեկտիվ կերպով կներակայացվեն Գերմանիայի ժողովրդին և իշխանությանը: Իր հերթին Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն նախագահին է ներկայացրել պատվիրակության ստացած տպավորություններն ադրբեջանական ագրեսիայի հետևանքների մասին։ 

12:11- ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը երեկ երեկոյան Արցախում բեկորային վնասվածք է ստացել մեջքի եւ ոտքի շրջանում: Նրա վիճակը գնահատվում է կայուն: 

12:05- Նարի Սյունին և Նարե Խլղաթյանը կանանց ջոկատ են կազմել, արդեն 100 հոգի գրանցվել է, կան բազում դիմումներ։ [Արծրուն Հովհաննիսյան]

12:02- Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունավում են. յուրային ստորաբաժանումները «մաշում են» հակառակորդին: [ՊՆ խոսնակ]

11:43- Անհրաժեշտ է O (I) RH+ արյուն (առաջին կարգի դրական): Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձանց մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով ժամը 09:00-13:00-ը: [Արյունաբանական Կենտրոն]

11:19- Ադրբեջանցիներն ու հայերը խորհրդային իշխանության ներքո ապրել են նույն պետությունում։ Բայց, նախ և առաջ, այն ժամանակ Ղարաբաղն ուներ ուժեղ ինքնավարություն։ Երկրորդն, այդ ինքնավարության երաշխավորը Խորհրդային Միությունն էր։ Եվ նույնիսկ նման երաշխավորի ու շատ մեծ ինքնավարությամբ, միևնույնն է, չկար վստահություն, քանի որ Ադրբեջանը փորձում էր էթնիկ զտում իրականացնել։ Եվ ինչպե՞ս է Ադրբեջանի նախագահը պատկերացնում, երբ ռմբակոծում են գյուղեր, դպրոցներ, մահանում են տարեցներ, երեխաներ։ Եթե լիներ վստահություն, գուցե և հայերը ԼՂ-ում 1991-ին հանրաքվեի չգնային։ Սակայն չկար վստահություն։ Իսկ հիմա այն առհասարակ բացակայում է։ Նորմալ մարդկային հարաբերություններ չկան այն անձանց հետ, ովքեր ավերում են ամեն ինչ, այդ թվում և՝ եկեղեցիները։ Իսկ հայերը, ընդհակառակը Շուշիում վերականգնել են մզկիթը։ [Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Կոմերսանտ»-ին]

11:13- Թուրքիան իբր թե եկել է օգնելու «եղբայրական Ադրբեջանին»՝ ասելով, թե՝ «տղաներ, չեք կարող ինքնուրույն լուծել Ղարաբաղի հարցը, եկեք ցույց տանք, թե ինչպես պետք է հարցը լուծել»: Մենք լսում ենք տարբեր արհեստական պատրվակներ՝ «եղբայրական հանրապետության» մասին, իբր հայկական կողմում կռվող քուրդ զինյալների մասին … Նրանք ասում են նաև, թե անհրաժեշտ է «ապահովել էներգետիկ երթուղիների անվտանգությունը»: Բայց սա բացարձակ անհեթեթություն է, քանի որ եթե հայերը ցանկանային կրակել էներգետիկ խողովակաշարերի վրա, ինչպիսիք են նավթի կամ գազի խողովակները, ապա դա կարող էին անել 20 տարի առաջ: Բայց ոչ մի կրակ չի արձակվել: Մինչդեռ, Ադրբեջանը Կասպից ծովից գազ ու նավթ է ստացել, միլիարդավոր դոլար վաստակել ու դրանցով զենք գնել: Եվ հիմա այդ զենքն օգտագործում է հայերին սպանելու համար: [Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Կոմերսանտ»-ին]

11:10- Թարմացում  COVID-19 (կորոնավիրուս). 19.10.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 65460 (+766) (44․4%)
Առողջացածներ - 48208 (+104)
Փաստացի բուժվողներ -15845 (+652)
Ընդհանուր թեստեր - 349871 (+1722)
Մահվան ելքեր - 1091 (+10)
Մահվան ելքեր այլ պատճառով –316 [ՀՀ ԱՆ]

10:40 - Լոս Անջելեսից դեպի Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: «Սպասում ենք, որ 12:50-ի սահմաններում կհասնի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան»,- հայտնում են կոմիտեից:

10:26- Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը  մղված մարտերին զուգահեռ, Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։ Մասնավորապես, հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։ Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։ [ԱՀ ԱԻՊԾ]

10:05- Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ների հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։ Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել։ [ՀՀ ԿԳՄՍՆ]

10:01- Շարունակում են պատրաստության գերազանց մակարդակ դրսևորել նաև ՊԲ-ի հակաօդայինները: Զորատեսակի ներկայացուցիչներից կրտսեր սերժանտ Արամ Աբաղյանը, կրտսեր սերժանտ Ռոբերտ Սիմոնյանը և շարքային-պայմանագրային Տիգրան Բաղդասարյանը, շարքից հանելով թշնամական 4 ԱԹՍ, ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների: [ՊԲ]

10:00- ՊԲ-ի մի շարք զինծառայողներ, գերազանց կերպով համագործակցելով աշխարհազորայինների հետ, համատեղ գործողությունների արդյունքում ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժը, զենք-զինամթերքը և սպառազինությունը, գրավել են հակառակորդի դիրքը, որից հետո ականապատել և բարեհաջող դուրս են եկել տարածքից: Հաջողված գործողության կազմակերպման ու իրականացման համար մայոր Հովիկ Միրզոյանը, կապիտաններ Արմեն Անդրյանը, Շանթ Հայրապետյանը, Դավիթ Հայրապետյանը, Կորյուն Սողոմոնյանը, ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը, շարքայիններ Սամվել Իսախանյանը, Ալիկ Շավերշյանը, Սուրեն Խաչատրյանը, Նորիկ Խաչատրյանը, կրտսեր սերժանտներ Կարեն Պետրոսյանը, Անդրանիկ Արամյանն ու Ալբերտ Ֆարմանյանը, աշխարհազորայիններ Թելման Գաբրիելյանը, Սեյրան Ավագիմյանը, Վարուժան Մանասյանը, Էրիկ Աղաջանյանը և պահեստազորի գնդապետ Մանվել Գրիգորյանը կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով: [ՊԲ]

09:52- ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Քարսոն-սիթի քաղաքում անցկացվող հանրահավաքի ժամանակ նախագահ Թրամփը խոսել է նաև հայերի մասին: «Հայերը լավ մարդիկ են, սիրում են իրենց երկիրը, նաեւ հիանալի գործարարներ են: Այստեղ գալու ճանապարհին այնքան հայեր տեսա, իրենց գեղեցիկ դրոշները ծածանելիս: Ես նախանձում եմ հայերի ոգուն, հայերը հզոր ոգի ունեն եւ մեծ նվիրվածություն իրենց երկրի նկատմամբ: Աշխատում ենք ինչ-որ ուղղություններով»,- ասել է Թրամփը՝ հանրահավաքի բազմության մեջ հայկական դրոշներ պարզած ամերիկահայերին:

09:15- 1. Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի։

2. Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները եւ համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում։

3. Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որեւէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ոչ, որովհետեւ դրա վերջին հնարավորությունը սպառվել էր 2011 թվականին Կազանում։

4. Կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել այս պատերազմը. տեսականորեն այո՝ 2-րդ կետում նշված տարբերակի գուցե մի փոքր ավելի վատթար բանաձեւով։

5. Կարո՞ղ է արդյոք պատերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. այո, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում։

6. Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում. այո, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը եւ անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին։ [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]

09:13- Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար։ Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում։ Գնդապետներ Ստեփան Գևորգյանի, Ստանիսլավ Երյոմինի և հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանի մասնագիտական վարպետության, բարոյակամային բարձր որակների և գերազանց ներդաշնակ գործողությունների շնորհիվ հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել։ [ՊՆ խոսնակ]

09:00- Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում եմ համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը: [ՊԲ]

01:56- Մեր բոլոր օղակի սպաները լեյտենանտից մինչև գեներալ 18-20 տարեկան զինվորների կողքին ուս ուսի տված միասին թշնամու տանկերն են կանգնացնում։ Կյանքի գնով են կանգնացնում։ [Արծրուն Հովհաննիսյան]

01։08- Այս օրերին բազմաթիվ սյունեցիներ իրենց պարտքն են կատարում՝ ծառայելով հայրենիքին, պաշտպանելով մեր հայրենիքը։ Ահռելի աշխատանք է կատարվում նաեւ թիկունքում՝ միավորելով խաղաղ բնակչության բոլոր ուժերն ու հնարավորությունները։ Խնդրում եմ, առանց խուճապի մատնվելու, հաստատուն ու ամուր մնացեք ձեր բնակավայրերում ու հետեւեք համայնքների ղեկավարների ցուցումներին։ Կոչ եմ անում մասնակցել ինքնապաշտպանությանը, կամավորագրվել ու ծառայել հայրենիքին՝ հանուն մեր երկրի եւ մեր զավակների ապագայի։ [Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյան]

00։57- Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ: Անդրադառնալով կրակի դադարեցման վերաբերյալ հոկտեմբերի 10-ի և հոկտեմբերի 17-ի համաձայնություններին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց ձեռքբերված պայմանավորվածությունների չիրականացման Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը: Նախարար Մնացականյանն իր հերթին բարձր գնահատեց Կանադայի ղեկավարության սկզբունքային որոշումը՝ իրականացվող հետաքննության շրջանակներում կասեցնել Թուրքիա ռազմավարական նշանակության ապրանքների արտահանման թույլտվությունները։ [ՀՀ ԱԳՆ]

00։44- Տեղի ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը: Մնացականյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական ներդրումը զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման գործում, արձանագրեց, որ Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ հրաժարվեց իրականացնել իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը և շարունակում է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան Արցախի դեմ: ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը:

00։40- Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում բազմահազարանոց երթ է անցկացրել` ի պաշտպանություն Արցախի Հանրապետության: Երթի մասնակիցները Փարիզի Հաշմանդամության պալատի մոտից հայտնի կենտրոնական փողոցներով, կամուրջներով շարժվել են դեպի Ադրբեջանի դեսպանատուն: Ակցիայի ժամանակ ընդգծվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը այս ռազմական ագրեսիային, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացվել է որպես տիկնիկ Էրդողանի ձեռքին։ 

00։37- Հարգելի հայրենակիցներ Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները որևէ խուճապի առիթ չպետք է լինեն, դրանք միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը: Զորահավաքը ընթանում է բնականոն ընթացքով, զինվորագրվում են բոլոր զինապարտները: Բոլորս միասին հանգիստ ու վստահ, անվերապահորեն պետք է կատարենք մեր պարտքը: [Արծրուն Հովհաննիսյան]

00։35- Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի համայնքների ղեկավարները դիմել են իրենց համայնքների բնակիչներին և կոչ արել կամավորագրվել։

00։01- Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում: Համոզմունքն այն է, որ հենց ադրբեջանցի զինվորականներն էլ նկարը սոցիալական ցանցի էջում տեղադրել են սպանելուց հետո: Ադրբեջանի զինվորականների հետ եղբայրն ունեցել է իրար հաջորդող երկու հեռախոսային խոսակցություն, որոնց ընթացքում ադրբեջանական մի քանի զինվորական խմբով ծաղրել են, փորձել են նվաստացնել սպանված զինծառայողի եղբորը: [ՀՀ ՄԻՊ]

Թեմայի այլ նորություններ