Օրվա Ամփոփում 02.11.2020. Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    15 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    24 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    74%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    83%
    5 կմ/ժ
  • Արցախ 15°C
    72%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Օրվա Ամփոփում 02.11.2020. Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին

Օրվա Ամփոփում 02.11.2020. Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին

02.11.2020

22:00 - Անցած գիշերվա ընթացքում Արցախի հյուսիս-արևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձ, որոնք տապալվել են։ Որոշ ստորաբաժանումներ, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են։ Վաղ առավոտյան հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկվել սահմանագոտու այլ հատվածներում. հյուսիսում՝ Մարտակերտի, կենտրոնում՝ Մարտունու ուղղությամբ, հարավային հատվածում` տարբեր ուղղություններով։ Այսօրվա հարձակումները իրենց ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։ Բոլոր ուղղություններում Ադրբեջանի հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել նույնիսկ հետապնդման հնարավորությունով։ Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ։ Մարտունու ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է վերցնել մեկ երկու դիրք․ Մարտունիից հարավ՝ Ճարտարի ուղղությամբ։ Այս պահին մարտերը շարունակվում են։ Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններոց տապալվել են։ Կիրառվել են հիմնականում վաշտի, գումարտակի չափի ստորաբաժանումներ։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են։ Այդ թվում` Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է։ Հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում են։
 

21:17- Նոյեմբերի 2-ին՝ ժամը 17:00-ին, Երուսաղեմում տեղի ունեցավ բողոքի քայլերթ, որի ընթացքում հայերը պահանջեցին Իսրայելի կառավարությունից դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին: Քայլերթը սկսվեց վանքի դռնից, ապա անցավ գլխավոր թիվ 1 ճանապարհով, որից հետո մոտեցավ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուիի կեցավայրին և «Մամիլա» առևտրի կենտոնի փողոցով հասավ Հոպպեի դարպասի հրապարակ: Այնտեղ ելութներ հնչեցին հայերենով, անգլերենով և եբրայերենով, որի ավարտին երթը շարունակվեց դեպի վանք։

20:35- 
Հ. Բ.-ն 2020թ․ հոկտեմբերի 28-ին ճանապարհածախսի պատրվակով Ա. Մ.-ից նախ պահանջել և ստացել է 100 հզր դրամ, այնուհետև, նոյեմբերի 1-ին Ա. Մ.-ին հայտնել է, թե իբր զինծառայող Հ. Մ.-ն գերության մեջ Ադրբեջանի Գաբալա քաղաքում է, և պատրաստվում են վերջինիս տեղափոխել Բաքու: Դա կանխելու համար Հ. Բ.-ն մաս-մաս վճարելու պայմանով պահանջել է 3 հզր ԱՄՆ դոլար, սակայն նույն օրը Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում Ա. Մ.-ի կողմից 1.000 դոլարն ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից։

20:28- 
Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելուց բացի՝ ադրբեջանաթուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ։ Հասանելի վայրերում ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները հրդեհաշիջման միջոցներ են ձեռնարկում, բայց աղետը շարունակում է մնալ օրախնդիր։ Այսպիսով թշնամական կողմը հումանիտար աղետին փորձում է ավելացնել նաև բնապահպանականը՝ զգալի վնաս պատճառում նաև Արցախի կենդանական ու բուսական աշխարհին։ [ԱՀ ԱԻՊԾ]

20:20- 
Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով նոյեմբերի 1-ին Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքում զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 53-ամյա Արմո Ավետիսյանը, իսկ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում արկի պայթյունից վիրավորվել է 67-ամյա Սերյոժա Ծատրյանը։ [ԱՀ ՄԻՊ]

19:55- 
Ֆրանսիան կարգելի թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը: Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանենը: 

19:40-
Այսօր՝ ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: [ՊՆ խոսնակ]

19:30- Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելու շարունակվող լայնածավալ ռազմական ագրեսիային, որը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ: Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի ԶՈՒ-երը կիրառել են հրկիզվող զինատեսակ՝ պարունակելով ամենայն հավանականությամբ սպիտակ ֆոսֆոր։ Օդային կրակահերթը՝ հրկիզվող ռազմական ուժի կիրառմամբ, տեղի է ունեցել բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառային տարածքների վրա: Այն կարող է նաև անդառնալի վնաս պատճառել շրջակա միջավայրին։

19:12- Լիոնում թուրքերը  վանդալիզմի են ենթարկել ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է «France 24»-ի լրագրող Աչրեն Վերդիանը: Պատին հակահայկական գրառման մեջ նրանք հիշեցնում են Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև «Գորշ գայլեր» կազմակերպության հավատարմությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

19:05- Նորվեգիայի կառավարությունը որոշել է 17 միլիոն նորվեգական կրոն տրամադրել Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած խաղաղ բնակիչներին: Այս մասին հայտնում են երկրի ԱԳՆ-ից։ 1.5 միլիոն եվրոն Նորվեգիան ԼՂ քաղաքացիական բնակչությանը փոխանցելու է մարդասիրական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների միջոցով: Նորվեգիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ կողմերը կապահովեն մարդասիրական օգնություն հասցնող կազմակերպությունների անվտանգությունը և ապահով մուտքը հակամարտության գոտի:

17:55- Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթը: Ըստ այս փոփոխությունների՝ ՏԻՄ-երի ղեկավարները կունենան տեղակալներ, որոնք կներգրավվեն աշխարհազորում որպես հրամանատար: Ավելացվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը` երեքից դառնալով չորս, որպեսզի քաղաքապետի չորրորդ տեղակալը լինի աշխարհազորային զորամիավորման հրամանատար: 

17:38- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց հերթական խաղաղ ցույցն անցկացրին ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցի կանայք: Ակցիայի մասնակից Լիանա Ադամյանը նշեց, որ իրենք 10 օր առաջ նամակ են հղել դեսպանատանը, սակայն պատասխան չեն ստացել, իսկ այժմ հանդիպում են պահանջում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ «Մեր օրակարգը նույնն է` ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, պետք է հրադադար պարտադրի Ադրբեջանին, սանձի Թուրքիային` Ադրբեջանին աջակցելու համար, և պետք է ՆԱՏՕ-ն պատժամիջոցներ կիրառի Թուրքիային սանձելու համար»,- ասաց Ադամյանը: 

17:35- Ավստրիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի հայ համայնքները Վիեննայում, Ժնևում և Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի երեք գլխավոր գրասենյակների մոտ միաժամանակ կազմակերպեցին լուռ հավաքներ: Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսին ուղղված համատեղ նամակով համայնքի ներկայացուցիչները պահանջեցին պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետությունը: Նույն ընթացքում տարբեր համայնքներից համաժամանակյա թվիթ-արշավ սկսվեց: [Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ]

17։20 - 
Ջալալ Հարությունյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, բայց կայուն է։  [Արծրուն Հովհաննիսյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում]

16։56 - Վիրավորների տարհանման, վերակենդանացման, անզգայացման, բուժման և հարակից գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար բուժծառայության մայորներ Հովհաննես Ռոբերտի Հովհաննիսյանը, Իշխան Հմայակի Նավասարդյանը և ծառայող Անյուտա Նիկոլայի Թադևոսյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների: Իսկ բուժծառայության մայորներ Արմեն Արամայիսի Սարգսյանը, Շալիկո Սամվելի Վարդանյանը, Միքայել Հրանտի Հայրիյանը, Նելլի Սլավայի Մանգասարյանը, Կարեն Պետրոսի Ղուկասյանը, Ռուբեն Վլադիկի Խաչատրյանը, ենթասպա Անուշ Միրիկի Հարությունյանը, կապիտան Ռուբեն Ստեփանի Խաչատրյանը, լեյտենանտ Հայկ Ռաֆիկի Սարգսյանը, ծառայող Նարինե Նիկոլայի Սարգսյանը և Ռիմմա Նիկոլայի Բեգլարյանը կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալներով: [ՊԲ]

16։17 - Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում  են  համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150հա տարածք:  Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։ Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել։ [Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավար] |Արցախի տեղեկատվական շտաբ|

15։47 - Գրոհներ ձեռնարկելով պաշտպանության բանակի դիրքերի որոշ հատվածներում՝ հակառակորդը կատարել է նաև առաջխաղացման փորձեր: Առաջխաղացման բոլոր փորձերը ձախողվել են. հետախուզության միջոցներով հայտնաբերվել են այդ շարասյունները և խոցվել: Դրանք հիմնականում Շուշիի ուղղությամբ են եղել, սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը լարված է եղել ամբողջ ռազմաճակատում: Հակառակորդը կրկին անօդաչու թռչող սարքեր է փորձել կիրառել մայրաքաղաք Ստեփանակերտի մերձակայքում, բայց այդ սարքերը ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել են։ [ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյան] 

15:25 - Նոյեմբերի 1-ին արցախաադրբեջանական ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում ծավալված թեժ մարտերի ժամանակ, որի ընթացքում հակառակորդը ջախջախվել է, վիրավորում է ստացել մեկ զինծառայող: Շուտափույթ ապաքինում: [Շուշան Ստեփանյան]

15։00 - ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ՝ ադրբեջանական ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ: Հաշվի առնելով ռազմագերիների կյանքին սպառնացող վտանգը՝ Կառավարությունը Եվրոպական Դատարանին խնդրել է Ադրբեջանի կառավարության նկատմամբ, որպես Կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմ, կիրառել հետևյալ միջոցները՝ ձեռնպահ մնալ այ զինվորների դիակները խեղելուց, խոշտանգումներ, կամայական մահապատիժ, ինչպես նաև այլ արգելված վարքագիծ ցուցաբերելուց։ [ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ]

14։48 - Նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը: Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ անհանգիստ է: Գրադի և սմերչի կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա: Տուժածներ չկան: Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է: [ԱՀ ԱԻՊԾ]

14։47 - Որպես կամավոր առաջնագիծ մեկնելու համար Հայաստանում բնակվող եզդիական համայնքի ներկայացուցիչներն արդեն երրորդ ջոկատն են հավաքագրում: Կռվողների տրամադրվածությունը մարտական է: Եզդիական ջոկատը շատ գրագետ է գործում՝ չլքելով իրեն վստահված դիրքերը։ Եզդի կռվողների մարտական ոգին բարձր է։ [Ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյան]

14։35 - Նոյեմբերի 1-ին՝ժամը 20:30-ից 23:40-ն ընկած ժամանակահատվածում, թեժ մարտեր են ընթացել ադրբեջանաարցախյան ճակատային գծի հյուսիսարևմտյան հատվածում: ՊԲ երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վաշտի կազմով ձեռնարկել է հարձակում, որը միջդիրքային համառ մարտերի արդյունքում բանակային ստորաբաժանումների կողմից կասեցվել է: Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի: Փախչող հակառակորդը արգելափակվել է ձորերից մեկում, և հայկական ուժերը ականանետային դիպուկ կրակով շարունակել են վերջինիս լիակատար ոչնչացման գործողությունը: Նույն ուղղությամբ հակառակորդը ևս մեկ հարձակում է ձեռնարկել դասակի կազմով, որը նույնպես ՊԲ-ի կողմից ժամանակին հավաստանշվել ու ձեռնարկված գրագետ գործողությունների շնորհիվ կասեցվել է: Մեր ստորաբաժանումները հետապնդել են փախչող թշնամուն և ոչնչացրել նրան: Ներկա պահին ճակատային գծի տվյալ հատվածում օպերատիվ մարտավարական իրադրությունը լրիվությամբ գտնվում է ՊԲ-ի ստորաբաժանումների վերահսկողության ներքո: [ՊԲ]

14։25 - Արձանագրենք՝ 10 միլիոն բնակչություն եւ նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020 թվականի հուլիսից հետո ինքն իրեն խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները եւ դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը, ինչի համապարփակ ապացույցները մենք արդեն ունենք: Վարձկանների եւ ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ծավալված ագրեսիայում սպառնալիք է ոչ միայն Արցախի եւ Հայաստանի, այլեւ միջազգային անվտանգությանը եւ այս խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա: [Նիկոլ Փաշինյան]

12։48- Հանդիպել եմ Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ: Հայոց պատմության այս կարևորագույն շրջափուլում, երբ վտանգված են մեր ժողովրդի անվտանգությունն ու մեր ազգային շահերը, նրանց դերակատարությունն անգնահատելի է, ինչպես և եղել է Վլադիմիր Բալայանի ու Շահեն Մեղրյանի դեպքում: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

12։21- ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ժամեր առաջ հանդիպել է Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների տղաների հետ: Շահեն Մեղրյանի անվան շահումյանցիներից կազմված կամավորական ջոկատի տղաները՝ հրամանատար Ռոլանդ Այդինյանի գլխավորությամբ, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի շրջակայքում օրերս մերձամարտ են վարել 22 հոգուց կազմված թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին: Միայն 2-ին է հաջողվել ճողոպրել: Հրամանատարն ասում է, որ, մեծ ցանկության դեպքում, կարող էին նաև այդ երկուսին էլ վերացնել, բայց աչքերով տեսածի մասին յուրայիններին պատմելու հնարավորություն են տվել: [ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]

11։49- Որոշում է կայացվել Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն) որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ 2020 թվականի նոյեմբերի 2-ին վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ [ՔԿ]

10:39-Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին: Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ վերահսկողության ներքո: [ՊԲ]

Թեմայի այլ նորություններ