Օրվա Ամփոփում․ 31․10․2020․ Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    19 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    11 կմ/ժ
  • Արարատ 18°C
    46%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    15 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    61%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20244
  • Դոլար = 388.01

Օրվա Ամփոփում․ 31․10․2020․ Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին

Օրվա Ամփոփում․ 31․10․2020․ Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին

31.10.2020

22։10 - Քաղաքակիրթ աշխարհը փորձեց Ադրբեջանին բերել հրադադարի, բայց չստացվեց, որովհետև չկան վերիֆիկացիայի մեխանիզմներ, ինչպես նաև հստակ մատնացուցում, որ պատերազմն սկսել է Ադրբեջանը։ Թե երեկ ձերբակալված և թե այլ ահաբեկիչների մասին կան ապացույցներ` իրենց առկայության, իրենց օգտագործման, ինչպես նաև իրենց մարտավարության` թե ինչպես են ահաբեկիչներին կիրառում, որտեղ են կիրառում, ինչ խնդիր են լուծում և այլն: Այս ահաբեկիչը արդեն իսկ ձերբակալված է, հարուցված է քրեական գործ և ապացույցները բավարար են հետագա գործընթացների համար: [ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան]

22։09 - Չեն կարող գերճշգրիտ զինատեսակներով «պատահական» խոցվել Շուշիի եկեղեցին, Մարտակերտի հոսպիտալը, Ստեփանակերտի ծննդատունը։ [ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան]

22։08 - Արցախը որևէ հատուկ նպատակ չունի Ադրբեջանի խաղաղ բնակիչներին վնաս հասցնելու։ Այլ հարց է, որ Արցախի զինանոցում եղած որոշակիորեն հին զինատեսակները կարող են խիտ բնակեցված քաղաքներում շեղում տալ՝ ի տարբերություն ադրբեջանական գերճշգրիտ զինատեսակների։ [ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան]

22։07 - Ադրբեջանն ընտրովի, շատ հաճախ՝գերճշգրիտ զինատեսակներից թիրախավորում է խաղաղ բնակչությունը։ [ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան]

22։06 - Այսօր առավոտյան Ստեփանակերտ, իսկ օրվա ընթացքում՝ Մարտունի քաղաքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է ավիացիա, հրթիռային և հրետանային միջոցներ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությունը։ [ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան]

22։05 - Մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որոնց վերաբերյալ մեր զինված ուժերը հարցադրումներն ու առաջարկները մշակում են, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող, որովհետև շատ առարկայական է, որ նշվի և ունենան այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է վերահսկել հրադադարը և տեսնել խախտողին, ինչու չէ, նաև ի սկզբանե ֆիքսել, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, որ ագրեսիան սկսել է Ադրբեջանը: [ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան]

22։04 - Հարավային և հարավարևելյան ուղղություններով ընթացող առանձին օջախային մարտերում ՊԲ-ն կարողացել է հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում: [ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան]

22։03- Կենտրոնական ուղղությամբ, մեկ-երկու դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր, զրահատեխնիկա, օգտագործելով հրետանի, ընդ որում` միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություն:[ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան]

22։02- Այսօր ամբողջ օրը՝ վաղ առավոտվանից, Ադրբեջանի ԶՈՒ ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները։ Մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն առանձին ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակվողական գործողություններ:[ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան]

21։45- Քիչ առաջ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի երկնքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն: [ՊԲ]

21։15- Աշխա՛րհ, Մարտունի քաղաքում էլ են ապրում խաղաղ բնակիչներ։ Այսօր մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը։ [Արծրուն Հովհաննիսյան]

19։35- Ես կույր եմ, բայց ես գործում եմ: Իսկ միջազգային հանրությունը կույր չէ, բայց չի գործում: Ահա թե ինչու են Ադրբեջանը, Թուրքիան և ահաբեկիչները շարունակում իրականացնել այպիսի հանցագործություններ: Ես՝ որպես կույր և որպես Արցախի Հանրապետության ՄԻՊ, միջազգային հանրությանը կոչ եմ անում դադարել խոսել և սկսել գործել: Կույր մի՛ եղեք: [ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի կոչը՝ միջազգային հանրությանը]

19։30- Ընդհանուր առմամբ, այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է: Ցերեկային ժամերին օդային տագնապներ է հայտարարվել Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում, Շուշիում, հետո այն ավարտվել է։ [ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյան] 

19։20- ԲԿ-ների հարգելի՛ բժիշկներ, ցանկացած հիվանդանոցում, որտեղ ընթանում է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների բուժում և ընթացքում առաջանում է որևէ կարիք, որն այդ պահին բացակայում է հիվանդանոցում՝ խնդրում ենք հարցը լուծել կենտրոնացված ձևով։ Տվյալ հիվանդանոցի տնօրենության միջոցով պետք է ներկայացվի առողջապահության նախարարություն և եթե դա առկա լինի ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն»-ի պահեստում՝ տեղում կտրամադրվի, իսկ չլինելու դեպքում՝օպերատիվ կերպով ձեռք կբերվի և կմատակարարվի։ Մինչ օրս առողջապահահության նախարարության կողմից մատակարարվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու դեղորայքը, և որևէ վիրավորի բուժօգնություն չի տուժել դրա պատճառով։ [ԱՆ]

18։25- Այս անգամ Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում: Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք, շարունակվող ագրեսիա, խաղաղ բնակչության ոչնչացում և արգելված զենքի օգտագործում է։ [Զոհրաբ Մնացականյանը՝ իր «Թվիթեր»-ի միկրոբլոգում] 

18։03- Գնդապետ Արարատ Վլադիմիրի Բալայանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել  մարտական գործողությունների ընթացքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հստակ ու պլանաչափ աշխատանքը մարտական պայմաններում կազմակերպելու և թշնամական օդուժի ջախջախմանը նպաստելու համար: Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում և պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության ու խիզախության համար փոխգնդապետ Վահրամ Միքայելի Բաղդասարյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով: [ՊԲ]

17։12- Եթե Եվրոպայում պատշաճ գնահատականի չարժանացնեն այս իրավիճակը, հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում: Սա վերաբերում է բոլոր ուղղություններին: Եթե այս իրավիճակը պատշաճ գնահատականի չարժանանա միջազգային հանրության կողմից, մենք առաջիկայում կտեսնենք Թուրքիայի կայսերական քաղաքականության արտահայտություն: Հիմա տեսնում ենք Հարավային Կովկասում, ապա կտեսնենք դրանից դեպի հյուսիս, արևելք, հարավ-արևելք և հարավ: Այնպես որ, սա մի մեծ իրավիճակ է, որի խորքում իրականում ընկած են Օսմանյան կայսրությունը վերականգնելու Թուրքիայի ցանկությունները և մղումները: [Նիկոլ Փաշինյանը՝ Al Arabia-յի հետ զրույցում]

16:50- Այսօր հրետակոծության է ենթարկվել Մարտունու շրջանի Հերհեր գյուղը, որի հետևանքով իր տանը զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 59-ամյա Ապրես Ադամյանը: [ԱՀ ՄԻՊ]

16:44- 2020թ. հոկտեմբերի 29-ին Արցախում իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերվել է Սիրիայի հյուսիսում տեղակայված ահաբեկչական ճամբարից  Թուրքիայի միջոցով Ադրբեջան տեղափոխված և վերը նկարագրված գործողություններին անմիջականորեն մասնակցություն ունեցած, Աբու Համշեին խմբավորման Աբու Հուսեին 23 ջոկատի անդամ վարձկան 1975թ. ծնված Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը: Մի շարք հանցանքներ կատարելու կասկածանքով Մըհըրաբ նա ձերբակալվել է։ [ՀՀ Գլխավոր դատախազություն]

16:30- Մենք միշտ էլ պատրաստ ենք բանակցությունների և փոխզիջումների: Պրոբլեմն ուրիշ բանում է՝ այն պահին, երբ Հայաստանի համար որևէ փոխզիջում դառնում է ընդունելի, Ադրբեջանի համար այդ փոխզիջումն անմիջապես դառնում է անընդունելի: Ես Ձեզ կարող եմ բերել 2011 թվականի Կազանի օրինակը: Գիտեք, հայկական կողմի համար կարևորագույն խնդիր է ԼՂ ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցը: Բայց 2011-ին հայկական կողմը համաձայնել էր Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հետ: Այսինքն՝ իր նախնական նշաձողից հետքայլ էր կատարել՝ կոմպրոմիսի հասնելու տրամաբանությամբ: Բայց վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեց ընդունել այդ կոմպրոմիսը և ավելի խիստ պայմաններ առաջադրեց հայկական կողմին: Այս պրոցեսն է, որ միչև օրս թույլ չի տալիս հասնել դիվանագիտական լուծման: [Նիկոլ Փաշինյանի հարցազրույց՝ Al Arabiya հեռուստաալիքին]

15:20- Հոկտեմբերի 30-ի դրությամբ քաղաքացիական բնակչության շրջանում կա առնվազն 44 զոհ և 141 վիրավոր: Նշում եմ առնվազն, քանի որ հատկապես այն բնակավայրերից, որտեղ ադրբեջանական զինված ուժերը մուտք են գործել և որոշակի հանցագործություններ են կատարել, տեղեկություններ ենք ստացել, որ առկա են քաղաքացիական այլ զոհեր: Սակայն այս պահին դեռևս ճշգրտված վերջնական տեղեկություններ չունենք, չենք կարողանում ապացուցված կերպով ներկայացնել: [ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան]

14:44- Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները, իսկ այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։ Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են։ [ԱՀ ԱԻՊԾ]

14:27- Արցախի ՊԲ-ն թշնամական ուժերի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստեր ներկայացրեց, որից հետո ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին՝ անհաջող ճիգեր գործադրելով ջրից չոր դուրս գալու համար: [ՊՆ խոսնակ]

12:40- Ադրբեջանական կողմը կիրառել է ֆոսֆորային զինատեսակներ։ Նման զենքերի օգտագործումը, որոնք հնարավորություն չեն տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները, միաժամանակ պատճառ են բնապահպանական աղետի ու հնարավոր մարդկային կորուստների, պատերազմական հանցագործություն է։ [ՊԲ]

12:35- Հաստատում ենք ՌԴ հավատարմությունը ՀՀ-ի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին։ Համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանը անհապաղ օգնություն կտրամադրի Երևանին, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի Հանրապետության տարածք: [ՌԴ ԱԳՆ-ն՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի նամակի]

11:22- Միացյալ Թագավորությունը հայտնել է 1 մլն ֆունտ ստերլինգ ֆինանսավորման շրջանակում ԼՂ հակամարտությունից տուժած անձանց օգնություն ցուցաբերելու մասին: Հազարավոր մարդիկ Մեծ Բրիտանիայի օգնության փաթեթից կստանան բժշկական պարագաներ, սնունդ և կունենան ավելի ապահով կացարաններ: Մարտական գործողություններին մոտ գտնվող խոցելի համայնքներին կտրամադրվեն նաև ծածկոցներ, սննդամթերքի ծանրոցներ, հիգիենայի պարագաներ: Աջակցությունը կօգնի բարելավել նաև ապաստարանները՝ տեղադրելով կամ բարելավելով ջրի բաքերը, սանհանգույցները: 

10:50- Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ: [ՊԲ]

10:05- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով ԼՂ-ի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Նամակում ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս ԼՂ-ի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը:  Հաշվի առնելով մարտական գործողությունների ՀՀ սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը ՌԴ-ն կարող է հատկացնել ՀՀ-ին՝ իր անվտանգության ապահովման համար։ [ՀՀ ԱԳՆ]

09:48- Երեկ՝ հոկտեմբերի 30-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից: [ԱՀ ԱԻՊԾ]

09:46- Այսօր՝ առավոտյան ժամը 7:08-ին, Ստեփանակերտում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վարկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը: Այս անգամ քաղաքի կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը: Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: Նախնական տվյալներով տուժածներ չկան: Հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերն, ընդհանուր առմամբ մայրաքաղաքում և շրջաններում պահպանվել էր հարաբերական հանգիստ իրավիճակը: [ԱՀ ԱԻՊԾ]

09:41- Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում: Հակառակորդը շարունակում է բացի պաշտպանական բնագծերից թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Թշնամական ուժերը կիրառել են նաև Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո է: [ՊԲ]

09:40- Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք: [ՊԲ]

09:30- Հոկտեմբերի 30-ին Ժնևում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Նախարար Մնացականյանը ընդգծեց վերիֆիկացիոն մեխանիզմների դերը հրադադարի հաստատման ու պահպանման գործում: ՀՀ ԱԳՆ ղեկավարն շեշտեց նաև Արցախի խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման անթույլատրելիությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատեցին բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի շարունակականությունը։ [ՀՀ ԱԳՆ]

00։17- Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, Հանդիպումը տևել է ավելի քան 6 ժամ։ Հանդիպման մանրամասները դեռ հայտնի չեն։ [ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը] 

Թեմայի այլ նորություններ