Օրվա ամփոփում․ Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 30․10․2020
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    15 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    79%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    74%
    16 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    96%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    85%
    3 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Օրվա ամփոփում․ Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 30․10․2020

Օրվա ամփոփում․ Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 30․10․2020

30.10.2020

21։22- Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ակնաղբյուրում զոհվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը։ Եվս 6 խաղաղ բնակիչ վիրավորվել են։ [Արտակ Բեգլարյան]

20։05- ԼՂ հակամարտության լուծումը պետք է փաթեթային լինի։ [ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայան] |Արցախի տեղեկատվական շտաբ|

19։20- Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնօրեն Փեթեր Մաուերի հետ: Հանդիպման առանցքում ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր: ԱԳ նախարարը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցությունը և Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներմուծումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը: [ՀՀ ԱԳՆ]

18։40- Արարատի քաղաքապետարանը տեղադրել է տագնապի ազդանշանի նոր շչակ: Տագնապի շչակի փորձարկումը նախատեսված է իրականացնել ս/թ նոյեմբերի 2-ին, ժամը 11:00-ին, 2 րոպե տևողությամբ: Անհրաժեշտության դեպքում զանգահարել 060-88-55-55։ [Արարատի քաղաքապետարան]

18։16- ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:ԱՄՆ դեսպանը մտահոգություն է հայտնել հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների չպահպանման կապակցությամբ և հույս հայտնել, որ կիառվող դիվանագիտական ջանքերը կտան իրենց արդյունքը: Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ մարտական գործողությունների դադարի բացակայության պայմաններում հայկական ուժերը շարունակում են վստահորեն կատարել իրենց խնդիրները: Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ վերոնշյալ դադարը հնարավոր է միայն տեղում դրա պահպանման վերիֆիկացիոն միջոցների կիրառման պարագայում: [ՊՆ]

18։07- 17։34-ի  դրությամբ՝ ադրբեջանական ԶՈՒ-երը փորձել են թիրախավորել Արցախի Շուշի քաղաքը, հարվածը, սակայն, եղել է հարակից ձորակի ուղղությամբ: Հեռվից այս պահին էլ ձայներ են լսվում: Քիչ առաջ էլ ճշտեցինք, որ այդ ուղղությամբ շարունակվում են ռազմական գործողությունները, ինչպես նաև աշխատում է հայկական կողմի ՀՕՊ-ը։ [ԱՀ ԱԻՊԾ] 

17։07- Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: [ԱԳՆ խոսնակ]

17։05- Մենք աշխատում ենք մեր հույսը մեզ վրա դնել և այն երկրների, որոնք ունեն դաշնակցային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ: Այն, ինչ ես ասում եմ, ԵՄ-ն մեզ համար պետք է չանի, ինքն իր համար պետք է անի: Ցանկանում է անել՝ թող անի, չի ցանկանում՝ թող չանի: Ես պետք է մտածեմ Երևանի, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության մասին, Վիեննայի անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող հանկարծ չասեն չզգուշացրինք: Այս պատերազմը Եվրոպայում շուտ է սկսել: Եթե այնտեղ հեռահար հրետանի չի աշխատում, դա դեռ չի նշանակում, որ այդ պատերազմը չի սկսվել: [Նիկոլ Փաշինյանը՝ եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հետ զրույցում] 

16։44- Ալիևը եթե իմանար, որ պատերազմի 32-րդ օրը ամբողջ Արցախը չի կարողանալու գրավել, Մեղրին ու Հայաստանի մի մասն էլ հետը, ինչպես իրենց օպերատիվ պլաններում հավանաբար դրված է եղել, ինքը պատերազմը, իմ կարծիքով, չէր սկսի։ Միանշանակ, իր ԶՈՒ-ն, վստահ եմ նաև Թուրքիայի ԶՈՒ-երը, ունեցել են շատ «վարդագույն» պատկերացումներ իրենց մասին և շատ «մատների արանքով» պատկերացումներ՝ մեր մասին։ [Արծրուն Հովհաննիսյանը՝ Factor.am-ին տված հարցազրույցում]

16։05- Բազաներ ստեղծելու նպատակը հարձակումն ավելի մեծացնելն է։ Եթե դու դիվերսանտներով գալիս ես, մի տեղ ամրանում ես արդեն, այդ տարածքը դառնում է քոնը, ուժերդ սկսում ես մեծացնել, որ հարձակողական պոտենցիալդ ավելի մեծ լինի և զուտ դիվերսիոն չլինի։ Իրենք (Ադրբեջանական կողմը - խմբ․) այդ հարցն էին ուզում լուծել, որը տապալեցինք գիշերը։ [Արծրուն Հովհաննիսյանը՝ Factor.am-ին տված հարցազրույցում]

14։28 - Այսօր՝ ժամը 14։00-15։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրականացվելու են նոր տեղադրված էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։ ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ եւ նախապես հայցում բնակչության ներողամտությունը։

14։26 - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին: Գրիգորյանը նրա ուշադրությունն է հրավիրել այն բանի վրա, որ Ադրբեջանը երեք անգամ խախտել է հումանիտար հրադադարի շուրջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։ ԱԽ քարտուղարը ընգծել է, որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով։ Ֆեյզին կարևորել է կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:

11:50 - Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են։ [Արծրուն Հովհաննիսյան]

11։05 - Այսօր ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրն է: Այս կապակցությամբ ստորագրել եմ հրամանագրեր ծառայության մի խումբ երախտավորների պետական բարձր պարգևներով պարգևատրելու և փրկարարական ծառայության կոչումներ շնորհելու մասին: Իսկ ԱՀ ԱԻՊԾն տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Գրիգորի Սարգսյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում: Այսօր էլ ծառայության աշխատակիցները շարունակում են բարձր մակարդակով իրականացնել իրենց գործառույթները։ Իմ մեծագույն ցանկությունն ու մաղթանքն է, որ այսուհետ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ուղղությամբ ձեր ծառայողական պարտականություններն իրականացնեք միայն խաղաղ ու անվտանգ պայմաններում:

10։57 - Այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ՝ դաշտում թողնելով տասնյակ դիակներ հետ է շպրտվել։ [Արծրուն Հովհաննիսյան]

09։58- Այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ: Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը: [ՀՀ ՄԻՊ]

09:34- Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ: Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավարևելյան ուղղությամբ, որը կասեցվել է: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ: [ՊԲ]

02:17- Զորհաբ Մնացականյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին: Երկուստեք անհանգստություն է  արտահայտվել դեպի տարածաշրջան Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ` դիտարկելով դա որպես լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար: Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունությունները տարածաշրջանային անվտանգության նոր սպառնալիքների առնչությամբ և կարևորել Իրանի դերը տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման գործում: Արաղչին ներկայացրել է իր երկրի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն: [ՀՀ ԱԳՆ]

01։11 - Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասոյի  հետ: Արձանագրելով, որ ադրբեջանական կողմի գործողություններն ուղեկցվում են կենսական նշանակության ենթակառուցվածքների, այդ թվում, առողջապահական հաստատությունների հրթիռակոծմամբ՝ հանգեցնելով մեծաթիվ զոհերի և վիրավորների քաղաքացիական բնակչության շրջանում, նախարար Մնացականյանն ընդգծել է Արցախի ժողովրդին իր պատմական հայրենիքից բնաջնջելու ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության ցեղասպան ձեռագիրը: Զրույցի առանցքային թեմաներից էր Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն անմիջական սպառնալիք հանդիսացող Թուրքիայի բացասական դերակատարության աճը: [ԱԳՆ]

01։08 - Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում այս պահին լսվող պայթյունների ձայները ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի գործողության գոտում հայտնաբերված և թիրախային հարվածների արդյունքում ոչնչացված զինամթերքի պայթյունների ձայներն են: Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է: [ՊԲ]

00:27- Այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին ձեռնպահ մնալ միջամտությունից եւ միանալ Միացյալ Նահանգներին՝ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու իրենց ձգտման մեջ։ [ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը` Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում] 

Թեմայի այլ նորություններ