Օրվա Ամփոփում 22․10․2020․ Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    11 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    15 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    68%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Օրվա Ամփոփում 22․10․2020․ Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին

Օրվա Ամփոփում 22․10․2020․ Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին

22․10․2020

22:45- Երկու դեպք է եղել, երբ Հյուսիսային Կովկասում իրականացվել են հակաահաբեկչական օպերացիաներ: Եվ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչներն ասել են, որ այս ահաբեկիչները ժամանել են Սիրիայից: Մինչ այդ Ռուսաստանի արտաքին հետախուզությունը հաստատել է, որ ԼՂ հակամարտության գոտում ներկա են ահաբեկիչներ: Եվ այս երկու հայտարարությունները չեն կարող կապված չլինել միմյանց հետ: Հարցը հիմա այն է, թե արդյոք ռուսաստանյան ծառայությունները կսպասեն այդ ահաբեկիչների ժամանելուն, թե պետք է իրականացնել կանխարգելիչ քաղաքականութուն: Եթե ահաբեկիչները հաջողություն արձանագրեն ԼՂ-ում, դրանից հետո նրանք գործողությունների նոր պլացդարմ և նոր հարթակներ կփնտրեն: Դա պետք է որոշի ՌԴ-ն: [Վարչապետը՝ «Ինտերֆաքս»-ին]

22:43- Ցավոք, չնայած, որ տարածաշրջանային երկրներն ուղիղ պաշտոնապես ընդունել են ահաբեկչական խմաբովորումների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, դեռևս նրանք չեն նախաձեռնել կոնկրետ հակաահաբեկչական քայլեր: Սա է այն հիմնական պահը, հիմնական խոչընդոտը, որ թույլ չի տալիս մեզ գալ դիվանագիտական լուծման: [Վարչապետը՝ «Ինտերֆաքս»-ին]

22:41- Երկու տապալված պայմանավորվածություններից հետո, ես նկատի ունեմ Մոսկվայի պայմանավորվածությունը և դրանից հետո Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ պայմանավորվածությունը, երբ թվում էր, թե ամեն ինչ համաձայնեցված է, ես ուղղակի ռեալ չեմ համարում շուտափույթ դիվանագիտական լուծումը: Բայց դա չի նշանակում, որ ես դա չեմ ուզում, որ ես պատրաստ չեմ դրա համար ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը: Դա պարզապես Ադրբեջանի դիրքորոշմանն իմ օբյեկտիվ գնահատականն է: Ի դեպ, դա այնքան էլ Ադրբեջանի դիրքորոշումը չէ, ես կարծում եմ, որ դա ավելի շուտ, Թուրքիայի դիրքորոշումն է, որն արտացոլվում է Ադրբեջանի դիրքորոշմամբ: [Վարչապետը՝ «Ինտերֆաքս»-ին]

22:39- ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը: [ԱՀ ԱԳՆ]

22:38- Դիվանագիտական լուծում նշանակում է փոխզիջում: Ամեն անգամ այն պահին, երբ Հայաստանը փոխզիջման պատրաստակամություն է հայտնում, Ադրբեջանն ավելին է պահանջում: Եվ սա շարունակվում է արդեն 9 տարի կամ նույնիսկ՝ ավելի երկար ժամանակ: Ահա սա ես նկատի ունեմ՝ ասելով, որ քանի դեռ Ադրբեջանի այս դիրքորոշումը չփոխվի, ռեալ չէ խոսել դիվանագիտական լուծման մասին: Բայց Ադրբեջանի այս դիրքորոշումը փոխելու ուղղությամբ դիվանագիտական աշխատանք կատարելն անհրաժեշտ է: Ես շատ բարձր եմ գնահատում այն ջանքերը, որ ներդնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և մասնավորապես՝ ՌԴ-ն: Մեր նպատակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի ԼՂ-ի անկախությունը. վարչապետը՝ «Ինտերֆաքս»-ին

22:19- Այս մարտավարությունը իրենք փորձելու են շարունակել շատ տեղերում, որտեղ կան անտառներ, կիրճեր։ Փորձելու են առաջ գալ առանց լուրջ զրահատեխնիկայի, առանց լուրջ խոցման միջոցների աջակցության, առանց լուրջ ԱԹՍ-ների աջակցության։ Հետևաբար կազմակերպված մարտական գործողությունների դեպքում շատ հեշտ է լինում իրենց չեզոքացումը։ [Արծրուն Հովհաննիսյան]

22:17- Ադրբեջանի ԶՈՒ-ի դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մերձռազմաճակատային գոտու տարբեր բնակավայրեր և կարողանում են խուճապի մատնել, շատ հաճախ ընդամենը նկարվելու համար, երբեմն բնակավայրերում տներ են այրում, ստեղծում են անկանոն իրավիճակ։ Խնդրում եմ նման իրավիճակներում լինել սթափ, զգոն և հատկապեա ՏԻՄ-երին, որոնք ԶՈՒ-ի, պահեստազորի, ստորաբաժանումների հետ համագործակցում են, չտրվել խուճապի, լինել կազմակերպված։ Հակառակորդի այդ խմբավորումները շատ փոքր են լինում և մեկ գրագետ հակահարվածից, հակագրոհից հետո փախչում են տվյալ բնակավայրերից և երկար ժամանակ չեն վերադառնում։ Դրա ամենավառ վկայությունները Հադրութը և Ֆիզուլին են։ [Արծրուն Հովհաննիսյան]

22:13- ՌԴ նախագահի կողմից ընդհանրական թվեր են տրվել զոհերի մասին։ Միանշանակ հակառակորդը ունի մի քանի անգամ ավել զոհեր․ դա բացարձակ ճշմարտություն է։ [Արծրուն Հովհաննիսյան]

22:12- Արցախի և Իրանի սահմանի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր։ Ադրբեջանի լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող։ Եթե ինչ-որ նեղ տեղամասերում իրենց զորքերը տեսնում են Արաքս գետը, չի նշանակում լիարժեք վերահսկողություն։ [Արծրուն Հովհաննիսյան]

22:11- Ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություները միտված են առաջին հերթին խուճապի տարածմանը։ Վստահ եմ դա իրենց չի հաջողելու, զորքն ու բնակչությունը միասնական կհաղթեն նաև այս նոր ձևի մարտերում։ [Արծրուն Հովհաննիսյան]

22:08- Հիմնական մարտական գործողությունները ընթանում են համազարկերի, հրետանային միջոցների կիրառմամբ, նվազագույն հետևակի կիրառությամբ, այսօր որոշ հատվածներում ակտիվորեն կիրառվել են օդային հարձակման միջոցները, մասնավորապես դասական, մարտավարական օդուժ։ [Արծրուն Հովհաննիսյան]

22:06- Հարավում՝ տարբեր կետերում, տարբեր օջախային հատվածներում, հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք։ Առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ, այդ թվում՝ զրահատեխնիկայի կորուստներ։ [Արծրուն Հովհաննիսյան]

22:05- Կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ։ Այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ փոքր բնակավայրեր և ճանապարհային, հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են։ [Արծրուն Հովհաննիսյան]

22:02- Այսօր՝ ողջ օրվա ընթացքում, հակառակորդը Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններով։ Ակտիվ են եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական և հարավային ուղղությունները։ [Արծրուն Հովհաննիսյան] 

21:49- Ես կապ եմ պահպանում և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Օրական մի քանի անգամ նրանց հետ հեռախոսազրույց եմ ունենում: Մեր արտգործնախարարները, պաշտպանության նախարարները, հատուկ ծառայությունների ղեկավարները մշտական կապի մեջ են: [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ]

21:04- Մեզ համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը: Ես կարող եմ ասել, որ խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնի այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ: Եթե խոսենք փոխզիջումների մասին, այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: ՌԴ-ն լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Շատ կարևոր է հաշվի նստել տարածաշրջանի մյուս երկրների հետ, կարևոր է, որ կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե հակառակը [Փաշինյանը Интерфакс-ին տված հարցազրույցում] 

21:02- Բայց մենք չպետք է մոռանանք, թե ինչ է կատարվել հայ ժողովրդի հետ Առաջին համաշխարհայինի ժամանակ․ դա մեծ ողբերգություն էր: ԼՂ հակամարտությունը միայն երկու պետությունների հակամարտություն կամ տարածքի համար կռիվ չէ: Այն էթնիկ ծագում ունի: Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, հետո Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ էին իրականացվում հայ ժողովրդի դեմ: [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ]

20:01- «Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ  Հայաստան ժամանելուն պես  ուղևորները կարող են անմիջապես օդանավակայանում հանձնել COVID-19 նկատմամբ ՊՇՌ նմուշառում։ ՀՀ տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

19:32- Ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում: Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ: [ԱՀ նախագահի խոսնակ]

19:16- Արդեն 𝟭𝟰𝟬.𝟬𝟬𝟬.𝟬𝟬𝟬 ԱՄՆ դոլար: Եկեք համախմբենք մեր ջանքերը. ևս 10 մլն ԱՄՆ դոլար, և կհասնենք մեր հաջորդ նպատակակետին՝ 150 միլիոնին։[Հայաստան համահայկական հիմնադրամ]

18:46- Հոկտեմբերի 22-ի՝ ժամը 16․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 140 դեպք, որոնցից 30-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 110-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 32-ը՝ 300 հազար դրամի չափով։ 9 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ [Ոստիկանություն]

16։57 - Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Նախագահ Սարգսյանը անդրադարձել է սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ ԱՀ-ի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային։ Բորելը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նա ընդգծել է լարվածությունը լիցքաթափելու, կրակը դադարեցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը:

15։41 - ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչները տեսակցել են գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին։ Նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ: Այս մասին ասաց կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Մեր ուշադրության կենտրոնում են անձանց պահման պայմանները, առողջական վիճակը, որոնց վերաբերյալ բովանդակային մասով հանրայնորեն չենք տեղեկացնում»,- նշեց նա: 

14։32 - Կատալունիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին ԼՂ-ում, դատապարտում է Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցություններն՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա: [Իսպանիայում Հայաստանի դեսպանություն]

13։52 - Պետդումայում հնարավոր են համարում ԼՂ-ում Ռուսաստանի միջամտությունը՝ դեսանտային գործողության միջոցով։ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտնել է, որ վստահ չէ՝ ինչպես պետք է գործի Մոսկվան ԼՂ հակամարտության տարածքում։ Զատուլինը նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան տարածաշրջանում սրացման հրահրողներն են և նրանց հարկավոր է հիշեցնել, թե ով է գերակշռում հետխորհրդային տարածքում։ 

13։49 - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին ի պատասխան՝ մարզերում, համայնքներում ձևավորվում են կամավորական ջոկատներ՝ առաջնագիծ մեկնելու համար, մարզպետներն ու համայնքապետներն անձամբ են զինվորագրվում: Կոչից հետո անցկացվեցին մարզերի խորհուրդների արտահերթ նիստեր՝ ինքնապաշտպանական ջոկատներ ձևավորելու օրակարգով, որից  հետո մարզպետները հանդես եկան հայտարարություններով: 

13։15 - Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով: Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում: Արհեստավարժ զինվորականների, ժամկետայինների և աշխարհազորի սերտ փոխգործակցված աշխատանքն ու կողք-կողքի ճիշտ գործելու ունակությունն ամեն օր արտահայտվում են նոր սխրանքներով: Եվ այսօր շատ կարևոր է, որ նրանց ոգևորությունն ու վճռականությունը վարակիչ դառնան նաև թիկունքում գտնվողների համար: Թշնամու դեմ արդյունավետ պայքար մղելու և հաղթանակի հասնելու բոլորիս հավաքական ցանկությունը կարող ենք կյանքի կոչել մեր ուժերի նկատմամբ անվերապահ հավատի ու միասնական ջանքերի շնորհիվ: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

13։13 - Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ Ամերիկյան երկու խոշոր լոբբիստական ընկերություն հրաժարվել են ներկայացնել ադրբեջանական շահերը Վաշինգտոնում և մերժել են Բաքվի «արյունոտ փողերը»։ «Ալիևի ռեժիմի հետ չասոցացվելու համար, որի պարագլուխը խոստացավ քրիստոնյա հայերին «շների պես սրբել», այդ ընկերությունները պետք է դադարեցնեն արյունոտ փող վերցնել Ադրբեջանից և Թուրքիայից, եթե նրանք ունեն ամերիկյան հայրենասիրության գիտակցություն կամ զգացում»,- նշված է հայտարարության մեջ։ 

12։19 - Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով։ Հիմնականում օջախային մարտեր են։ Չեզոքացվում են թշնամու զորքերի  տարբեր խմբերը։ [Արծրուն Հովհաննիսյան]

11։43 - ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գծում այսօրվանից կաշխատեն նաև հոգեբաններ, որոնք անվճար խորհրդատվություն կտրամադրեն բոլորին, ովքեր ունեն դրա կարիքը։ Զանգահարելով 114 թեժ գիծ՝ հետևեք ձայնային հրահանգներին՝ համապատասխան մասնագետներին միանալու համար։ [Սոցիալական ապահովության ծառայություն]

10։34 - Անցյալ տարի հոկտեմբերին Չեխիա կատարած այցի ընթացքում բարձրացրել եմ մեր խիստ մտահոգությունները Չեխիայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին տեղեկությունների վերաբերյալ, ի պատասխան ստացել հավաստիացումներ, որ երբեւէ ուղիղ վաճառք տեղի չի ունեցել։ Չեխիայի Հանրապետության հետ մեր բազմամյա բարեկամությունը պետք է բացառի նման մահաբեր զենքերի վաճառքը, առավել եւս այսօր, երբ ադրբեջանաթուրքական տանդեմը Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմ է սանձազերծել։ Կոչ եմ արել Չեխիայի իմ գործընկերներին ներդնել բոլոր ջանքերն իրենց կառավարությունից պահանջելու կասեցնել գործարքները։ [Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գայանե Աբրահամյան]

10։06 - Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է: ՀՀ տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ: [ՊՆ խոսնակ]

09։23 - Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են օպերատիվ իրադրությունն իրենց օգտին փոխելու թշնամական մտադրությունները և շարունակում կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը: [ՊԲ]

09։17 - Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Այս պահին թշնամին հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ։ Տուժածների ու վնասների մասով տեղեկություններ առայժմ չկան։ [ԱՀ ԱԻՊԾ]

00։53 - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետական դեպարտամենտին է դիմել, որպեսզի վերջինս մերժի Թուրքիայի ռազմական սարքավորումներ տրամադրելը՝ Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքեր պատրաստելու համար, քանի դեռ վերջինս Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայում աջակցում է Ադրբեջանին: 

00։42 - Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այցի ընթացքում նախատեսված են նախարարի հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ԱՄՆ մի շարք  բարձրաստիճան պաշտոնյաների հետ: [ՀՀ ԱԳՆ]

00։22 - Օրվա ընթացքում Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանները դարձյալ հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի թիրախում: Ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և նույն շրջանի Հերհեր գյուղի ուղղությամբ, նյութական վնաս պատճառել խաղաղ բնակչությանը: Արդեն երկրորդ օրն է թշնամին ռազմական ավիացիա է կիրառում Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի ուղղությամբ: Այստեղ էլ էական վնասները շատ են: Օրվա ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չեն եղել: [ԱՀ ԱԻՊԾ]

00։17 - Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, որտեղ փորձ է արվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում: Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջման: Այս գործողություններն օրվա հրամայական են դարձնում Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության լիակատար ապահովումը: Կոչ ենք անում Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից:

Թեմայի այլ նորություններ