Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 14.10.2020. թարմացվող
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    61%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    67%
    7 կմ/ժ
  • Արարատ 14°C
    52%
    8 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    11 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    64%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    59%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    65%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 14.10.2020. թարմացվող

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 14.10.2020. թարմացվող

14․10․2020

21։00 - Եթե բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի աշխատանքների կասեցման պատճառով անձը բժշկասոցիալական փորձաքննության չի ենթարկվել, ապա նրա հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ․հունվարի 15-ը։ Այդ անձանց կենսաթոշակները  և սոցիալական բնույթ կրող այլ հատուցումները կշարունակվեն վճարվել նախկինում ունեցած հաշմանդամության խմբի համար սահմանված չափերով։ [ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն] 

20։48 - Ադրբեջանն այսօր շարունակել է Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ հրետակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու և Հադրութի մի շարք բնակավայրեր: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգևի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները: Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց թիվը 32 է: [Արտակ Բեգլարյան]

18։44 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ահաբեկչական ագրեսիային դիմագրավելու ուղղությամբ գործողություններն ու հետագա քայլերը:

18։31 - Կարծում եմ, շատ փխրուն հրադադարը չի գործել ադրբեջանական կողմի պատճառով: Հայկական կողմը չունի սկզբունքային խնդիրներ, հակառակը, ԼՂ հայերը ցանկանում են դադարեցնել կրակոցներն ու ռազմական գործողությունները շատ պարզ մի պատճառով՝ նրանք պայքարում են իրենց տան համար: Նրանց համար հաղթանակը սեփական տունը պահպանելն ու պաշտպանելն է: Եվ քանի որ նրանք չեն սկսել պատերազմը, շահագրգռված են, որ ռազմական գործողությունները դադարեցվեն: [Արմեն Սարգսյան] 

18։00- Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի երկու զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են: Տեղեկություն է տարածվել, որ նրանք վնասվածքներ ունեն։ Գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբանների խումբը 11.10.2020թ Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասի։ Հարցադրումներին պատասխանելու համար Ադրբեջանի կառավարությանը տրվել է վերջնաժամկետ մինչև 22.10.2020թ․:

17։55- Ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է ՀՀ ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։ «Զինուժ մեդիան» քիչ առաջ ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում, զրուցել է կապիտան Սանամյանի հետ, ով ողջ և առողջ է: [ՊՆ խոսնակ]

17։45- Եթե որևէ մեկդ մտածում եք, որ Արցախից դուրս կարող եք ապահով ապրելու և արարելու համար արժանապատիվ կյանք գտնել ձեր և ձեր ընտանիքների համար, չարաչար սխալվում եք: Սա մեր վերջին ճակատամարտն է, որն իրավունք չունենք զիջելու, որտեղ դասալքությունը հավասարազոր է դավաճանության:  Շտապե՛ք միանալ ձեր եղբայրներին, ովքեր անսասան կանգնած են իրենց հայրենի հողի վրա, ովքեր սահմանին կանգնելով, հաց թխելով, մեքենա վարելով առաջնագիծն ու թիկունքը դարձնում են ամուր ու ավելի ուժեղ: Ե՛տ դարձեք, քանի դեռ ուշ չէ, քանի որ բոլորիդ արարքները գնահատելու են ժողովուրդն ու պատմությունը: Անեծքի փոխարեն՝ ընտրեք օրհնության ճանապարհը: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կոչը արցախահայ զենք բռնելու ունակ հայրենակիցներին, որոնք այս օրերին Արցախից դուրս են]

17։38- Սոթքում վիրավորված պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։ [ԱՆ խոսնակ]

17։20- Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը դրոնով հարվածներ են հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Սոթք քաղաքացիական համայնքին։ Վիրավորվել է 14-ամյա երեխա, որն այժմ հիվանդանոցում է։ Կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ դաշտում եղել են նաև այլ քաղաքացիներ, այդ թվում՝ այլ երեխաներ։ [ՄԻՊ]

16։49- Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք: Վերոնշվածն արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: [ՊԲ]

15։35- Միջազգային հանրության կողմից ավելի խիստ արձագանք պետք է լիներ Թուրքիայի նկատմամբ: Խորապես համոզված եմ, որ թուրքական ներկայությունն ու գործողությունները Լեռնային Ղարաբաղի պատերազմում կտրուկ փոխել են ողջ պատկերը: Եթե միայն Ադրբեջանը լիներ, ինչպես նախկինում էր, մենք կտեսնեինք մի քանի օրվա կռիվ, այնուհետև այն կդադարեր: Միջազգային հանրությունը հրադադարի կոչ կաներ երկու կողմերին, որը նշանակություն կունենար երկու կողմերի համար: Թուրքիան արդարացումներ է բերում՝ ասելով, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են: Կներեք, սակայն թուրքերն էթնիկ եղբայրներ ունեն Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայում, Չինաստանի հյուսիսում: Նրանք ինչ է, ներգրավվելո՞ւ են այդ երկրներում խնդիրների առաջացման պարագայում: [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Բիլդ» պարբերականին]

15։15- Այս պատերազմը սկսել է ադրբեջանական կողմը: Ադրբեջանը որոշեց, որ իրավունք ունի պատերազմ սկսել՝ ոչ միայն աջ ու ձախ ռմբակոծելով սպանել երիտասարդ զինվորների առաջնագծում, այլև ռմբակոծելով նաև քաղաքացիական բնակչությանը գյուղերում և ԼՂ շատ քաղաքներում: Եթե նման պատերազմ ես սկսում և ազատորեն հրետակոծում ես քաղաքացիական բնակչությանը, օգտագործում զենքի բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ և օդուժը, Սիրիայից եկած ահաբեկիչներին, թուրքական ռազմական տեխնիկան, դրոնները և այլն, ինչպե՞ս կարող ես ակնկալել, որ հակառակ կողմը քաղաքավարի կերպով ոչինչ չի անելու: [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Բիլդ» պարբերականին]

15։11- ՊԲ սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործն անում են: Մարտագլխիկի առումով «Իսկանդերը» շատ նման է «Տոչկա Ու»-ին, պարզապես հեռահարությունը մեծ է և թռիչքի հետագիծը բարդ է, այսինքն՝ այն խոցելը, հայտնաբերելը շատ դժվար է։ Հորդորում եմ, որ ոչ մասնագետները ռազմավարական դատողություններ չանեն, չվերլուծեն ստեղծված իրավիճակը: Հայկական կողմը հայտնաբերում և խոցում է ամեն ինչ, ինչով հարվածում է հակառակորդը՝ ըստ հնարավորության, ժամանակի, հարմարավերտության և նպատակահարմարության: [Արծրուն Հովհաննիսյանը՝ «Ազատություն» ՌԿ-ին] 

14։57- Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը և նախազգուշացնում, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետևանքներ, որոնց ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը: Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ սադրանքով ձգտում է ընդարձակել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով ՀՀ  ինքնիշխան տարածքի նկատմամբ։ [ՀՀ ԱԳՆ]

14։48- Մեկ շաբաթ առաջ հարավային ուղղությամբ երկու խմբավորում փաստացի շրջափակման մեջ էին եղել անտառներում, սակայն հետո նրանք դուրս էին եկել: Նման դեպք էլ երեկ է եղել, Մատաղիսի ուղղությամբ 2 զինծառայող դուրս են եկել, 10 օր թաքնված են եղել անտառներում: Այս մարդկանց մասին ո՛չ մենք ենք ինֆորմացիա ունեցել, ոչ էլ ծնողները։ [Արծրուն Հովհաննիսյան] 

14։04- Արդեն 18 օր է՝ շարունակվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմը Արցախի դեմ։ Այսօր մեզ համար չափազանց կարեւոր է հասկանալ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, բայց սրա համար էլ պետք է հասկանանք այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները։ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ, որի էությունը հետեւյալն էր․ անհապաղ Ադրբեջանին հանձնել յոթ տարածքներից հինգը, ներկայացնել մնացյալ երկու տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց եւ արձանագրել, որ ԼՂ որեւէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում։ [Նիկոլ Փաշինյան]

12։45- Հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման մասին հակամարտող կողմերի միջև  ձեռքբերված պայմանավորվածությունն Ադրբեջանը խախտել է նաև անցած գիշերվա ընթացքում։ Մասնավորապես, Շահումյանի, Մարտակերտի և Հադրութի շրջանների ուղղությամբ տարբեր զինատեսակներից թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները։
Տուժածներ չկան։ [ԱՀ ԱԻ պետական ծառայություն] 

12։27- Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը: Մասնավորապես Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է նաև ռազմական ավիացիա: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների:[ՊԲ]

11։46- Հաշվի առնելով սոցիալական ցանցերում և մամուլում շրջանառվող տեղեկությունները ծաղկեպսակների և որոշ ծաղկի տեսակների գների բարձրացման վերաբերյալ, ուսումնասիրություն է իրականացվել շուկայում: Շուկան մրցակցային է, և չկան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, հետևաբար ՏՄՊՊՀ-ն իրավասու չէ օրենքով սահմանված կարգով վարույթ հարուցել: Այնուամենայնիվ, հաշվի առնելով պատերազմական դրությունը և խնդրի բարոյական կողմը, հորդորում ենք տնտեսվարողներին այս դժվարին օրերին միասնականություն դրսևորել և զերծ մնալ գների բարձրացումներից։ [ՏՄՊՊՀ]

11։00-Արցախից ժամանող քաղաքացիները, ովքեր ՀՀ-ում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ: Կայանման կետը գործում է շուրջօրյա: [Զարուհի Բաթոյան]

10:41- Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ։ [Շուշան Ստեփանյան]

10:30- ։ Վերահաստատելով, որ մինչև այս պահը ՀՀ տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, հայտարարում ենք, որ այսուհետ ՀՀ զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։ Մարտական գործողությունների գոտին և տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Զոհեր և վիրավորներ չկան: [ՀՀ ՊՆ]

09:56- Հոկտեմբերի 10-ի առավոտից ռազմական լայնամասշտաբ գործողությունները վերսկսվել են։ ԼՂ-ի Հադրութ քաղաք ներթափանցելու փորձ է կատարվել մոտ 200 հոգանոց դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից, մեծ ուժեր են առաջ նետվել, փորձել են ինչ-որ բանի հասնել: Ռմբակոծությունները շարունակվել են մինչև շաբաթ առավոտ, ողջ կիրակի, հարվածներ են հասցվել նաև երկուշաբթի՝ օրվա ողջ ընթացքում Եվ այդ ողջ ընթացքում հարվածները քաղաքների և, հատկապես, մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ չեն դադարել։ [ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ РБК հեռուստաընկերությանը] 

09:19- Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ ակտիվությունը կասեցնելու համար ճակատային գծի բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ շարունակելով վստահորեն իրականացնել հայրենիքի սահմանների պաշտպանության սրբազան առաքելությունը: [ՊԲ]

01։05 - Հրետանային մենամարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ։
[Արծրուն Հովհաննիսյան]

Թեմայի այլ նորություններ