Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 04.10.2020. ԹԱՐՄԱՑՎՈՂ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    16%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    16%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 04.10.2020. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 04.10.2020. ԹԱՐՄԱՑՎՈՂ

04.10.2020

23։16- ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է։ [ՊՆ խոսնակ]

23։09- Օրվա ընթացքում հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ: Հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետևակը Մադաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են: Հակառակորդը կրել է զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստներ: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են նաև հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած բոլոր գրոհները: Հակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել: Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են նաև 3 ինքնաթիռ: [ՊԲ]

23։04- Արցախի ՊԲ-ն Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու որևէ առիթ և անհրաժեշտություն չի տեսնում: Ադրբեջանի կողմից դա հերթական հերյուրանքն է: [ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյան] 

22։54- Հիմա էլ թուրք բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները գտնվում են Ադրբեջանում, գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարական կետերում և ղեկավարում են պրոցեսը: Եվ, ըստ էության, սա ընդունեց նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ Թվիթերի իր էջում գրելով, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է ինչպես դիվանագիտության, այնպես էլ մարտի դաշտում: Իհարկե, ինձ ասել են, որ նա որոշ ժամանակ անց ջնջել է այդ գրառումը, բայց դա, ըստ էության, շատ բան չի փոխում: [Վարչապետ Փաշինյանը՝ «Ֆրանս24»-ին տված հարցազրույցում]

22։43- Արցախն այս օրերին, առանց չափազանցության, ներքաշվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մեջ: Ադրբեջանը պատերազմը սկսելու առաջին օրվանից թիրախավորել է Արցախի խաղաղ բնակավայրերը՝ կիրառելով այնպիսի զինատեսակներ, որոնց օգտագործումն արգելված է միջազգային տարբեր կոնվենցիաներով: Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմում այդ երկրի իշխանությունները ներգրավել են վարձկան-ահաբեկիչների: [ԱՀ նախագահի խոսնակ]

22։18- Ադրբեջանն ու Թուրքիան լայնամաշտաբ հարձակում են սանձազերծել Հայաստանի և Արցախի Հանրապետության դեմ` հայ ժողովրդի բնաջնջման իրենց դարավոր ցեղասպան նպատակն իրագործելու հույսով: Սիդնեյից մինչև Լոս Անջելես, Փարիզից մինչև Բուենոս Այրես, Մոսկվայից մինչև Բեյրութ յուրաքանչյուր հայ առաքելություն ունի այս վճռորոշ ճակատամարտում՝ հանուն գոյատևման և ընդդեմ ճնշման ու չարի: Մեր զինվորների և կամավորների կողքին կանգնելով Ձեր աջակցությունը կարող եք հայտնել՝ նվիրաբերելով «Հայաստան Համահայկական» հիմնադրամին: [Զարեհ Սինանյանի ուղերձը՝ Սփյուռքին]

21։55- Արարատի մարզի սիրելի՛ բնակիչներ, խնդրում ենք խուճապի չմատնվել, մարզի որոշ համայնքների տարածքներում աշխատում են հակակարկտային կայանքները, քանի որ առկա է կարկտավտանգավոր երևույթ։ [Արարատի մարզպետարան]

21։49- ՀՀ նախագահը Բելառուսի նախագահի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ: Արմեն Սարգսյանը անդրադարձել է որոշ լրատվամիջոցների կողմից վերջին օրերին շրջանառվողլուրերին, թե Բելառուսը վերջերս ռազմական նշանակության բեռ է մատակարարել Ադրբեջանին։ Լուկաշենկոն, այդ տեղեկատվությունը կեղծ բնութագրելով, ընդգծել է, որ վերջին կես տարվա ընթացքում Բելառուսի կողմից՝ ռազմաարդյունական համալիրի գծով ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին ռազմական բեռների որևէ մատակարարում չի իրականացվել։

21։04 - Միայն այսօրվա ընթացքում հակառակորդի անձնակազմի կորուստը կազմում է 400 զինծառայող, 700 վիրավոր, խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ եւ 1 ԱԹՍ։ [Արծրուն Հովհաննիսյան] 

21։01 - Այս պահին մարտերը շարունակվում են նույն ուղղություններով։ Դրանք այսօր չեն ունեցել նախորդ երկու օրերի համառությունը եւ ծանրությունը, բայց հակառակորդը նորից ձեռնարկել է իր հարձակողական գործողությունները։ Մեր ԶՈՒ-երը հետ են մղել հարձակումները՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ։ [Արծրուն Հովհհանիսյան]

20։00- Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում մատնվում են անհաջողության: [ՀՀ ՊՆ խոսնակ]

19։33 - Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը շատ ավելի հեռուն է գնում, քան Հարավային Կովկասը: Եկեք տեսնենք Թուրքիայի գործունեությունը Միջերկրական ծովում, Լիբիայում, Մերձավոր Արևելքում, Իրաքում, Սիրիայում։ Եվ ես ցանկանում եմ ընդգծել, որ, իմ կարծիքով, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն այսօր գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Եվ եթե միջազգային հանրությունն այս փաստը պատշաճ արձագանքի չարժանացնի, ուրեմն անհրաժեշտ է Թուրքիային սպասել Վիեննայի մոտակայքում: Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի իրավիճակը՝ ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում. վարչապետի հարցազրույցը «Բիլդ»-ին 

19։28 - ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել ԼՂ հակամարտության շուրջ բարդացող իրավիճակից ելք գտնելուն առնչվող հարցերը:  Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի  թվի աճի կապակցությամբ: Ընգծվել է կրակը անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը: Վերհասատատվել է  կողմերին աջակցելու պատրաստակամությունը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը վերադառնա քաղաքական և դիվանագիտական դաշտ՝ ԵԱՀԿ ՄԽ համանապագահների հովանու ներքո՝ համաձայն ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ ավելի վաղ արած հայտարարության:

18։50 - Սիրելի ՛ թալիշ և լեզգի եղբայրներ և քույրեր, մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանի թալիշաբնակ և լեզգիաբնակ քաղաքներում ու գյուղերում օրըստօրե աճող բողոքին, որոնցով բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու և Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմելու Ալիևի հրամանը: Բողոքի ցույցերի համար առիթ են դարձել թալիշ և լեզգի հարյուրավոր զոհերի առկայությունը: Նրանց որպես կենդանի թիրախ օգտագործելու և այդ գործելակերպով նրանցից ազատվելու ադրբեջանական քաղաքական կլանի գործելակերպը տասնամյակների ընթացքում փոփոխություն չի կրել: Պաշտպանության բանակը, ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

17:34- ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի նախագահ, սփյուռքահայ գործարար, ազգային բարերար Վաչե Մանուկյանի հետ: Մանուկյանին պատկանող «Ֆարմատեք» դեղագործական ընկերությունը, որը տարածաշրջանում ներարկման լուծույթներ արտադրող ամենամեծ ընկերությունն է, բանակի համար անհրաժեշտ ներարկման լուծույթները, ախտահանիչ հեղուկներն ու տարբեր դեղամիջոցներ կմատակարարի բացառապես անվճար: Գործընթացն արդեն իսկ սկսված է:

17:13- Ադրբեջանական կողմի հրետակոծությունների արդյունքում Ստեփանակերտում և Շուշիում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում: Այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Ցավոք սրտի կան քաղաքացիական զոհեր և վիրավորներ Ստեփանակերտում և Շուշիում»,-ասաց Պողոսյանը:

17:01- Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների թվիթերյան էջերը, իրար հերթ չտալով, հիմա էլ Ջաբրայիլի ազատագրումն են տոնում, ինչը հերթական կեղծիքն է։ Քիչ անց կներկայացնենք փախուստ Մատաղիսից  վավերագրությունը։ [ՊՆ խոսնակ]

15:43- Հարգելի լրագրողներ, խնդրում եմ անտեսել իմ անունով բացված կեղծ shushanstepanyan88@gmail.com էլեկտրոնային հասցեից ուղարկված նամակներն ու հաղորդագրությունները։ Պաշտպանության նախարարությունը պաշտոնական գրություններն ուղարկում է միմիայն գերատեսչության էլեկտրոնային հասցեից։ [Շուշան Ստեփանյան]

15:19- Գորիս-Լաչին ճանապարհը բնականոն աշխատում է։ Ապատեղեկատվություն մի տարածեք։ [Արծրուն Հովհաննիսյան]

14։44 - Ադրբեջանցիներն այսօր կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում, որ իբր նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: Այն իրականությանը չի համապատասխանում: Նախագահiի սառնասիրտ ու սթափ գործողությունները լրջագույն կերպով մտահոգել է Ալիևի վարչակարգին, քանի որ մեր նախագահի ամեն մի ելույթը սառը ջուր է լցնում նրանց կեղծ պրոպականդայի վրա: [Վահրամ Պողոսյան]

14։33 - Արցախի արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ  ադրբեջանական բանակը անցել է հստակ գործողությունների՝ թիրախավորելով տեղական, հայաստանյան և միջազգային լրագրողական խմբերին։ Ըստ ունեցած տվյալների՝ Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, ում առաջադրանք է տրված՝ հետևել լրագրողների շարժին, թիրախավորել և հնարավորինս շատ վնաս հասցնել մարտական գործողությունները լուսաբանող լրագրողներին։ Լրագրողական խմբերին թիրախային հարվածներ հասցնելու համար հակառակորդը կողմնորոշվում է լրագրողների՝ ռազմական գործողությունները հեռարձակվող տեսանյութերով և ուղիղ եթերներով։

13։45 - Այսօր իմ հրամանագրով հինգ հոգի եւս արժանացել են Արցախի հերոսի բարձրագույն կոչման։ Դավիթ Լյովայի Գրիգորյան․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից  ակտիվորեն մասնակցելով՝ Ֆիզուլիի հատվածում հասցրել է խոցել 15 տանկ եւ 1 ՀՄՄ։ Շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան] 

13։27 - Արցախի տարեցների խնամքի տների բնակիչների մի մասը և գիշերօթիկ հաստատությունների սաները ժամանակավորապես տեղափոխվել են Հայաստան:  Նախարարությունն իր գործընկերների հետ կազմակերպել է նրանց խնամքը և անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը։ [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]

13։15- ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 3-ին հեռախոսազրույց  է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: ԱԳ նախարարը բարձր ներկայացուցչին իրազեկել է տարբեր տրամաչափի զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման մասին, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների և ավերածությունների։

13։10- ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով «Զինուժ մեդիայի» հարցերին, նշում է, որ կեղծիք են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումները, թե Հայաստանի հանրապետության տարածքից Ադրբեջանի բնակավայրերի հրթիռակոծություն է իրականացվել։ 

12։58- Շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Եթե որևէ մեկի մոտ այն ընկալելու խնդիր է եղել, վերահաստատում եմ, որ դա ամենևին կատակ չէր: Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար: Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում: Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ: [Արայիկ Հարությունյան]

12։38 -Ուկրաինայից ակնկալում ենք չեզոքություն: Ես հասկանում եմ, թե որքան զգայուն են նմանատիպ թեմաները Ուկրաինայի և նրա քաղաքացիների համար, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ Ղարաբաղում տեղի ունեցածի հետ ցանկացած զուգահեռներն անտեղի են։ Մի փաստ կներկայացնեմ․ հետխորհրդային տարածաշրջանի միակ ինքնորոշված պետությունը Լեռնային Ղարաբաղն է։ Այն ինքնորոշվել է Խորհրդային Միության գոյության ժամանակահատվածում նույն հիմքով, ինչ Հայաստանը, Ուկրաինան և Ադրբեջանը։ [ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Ուկրաինա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում] 

12։35Ժամը 12:00-ի սահմանում ՊԲ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի երեք ինքնաթիռ, երկու տանկ։ [ՊՆ խոսնակ]

12։30 - ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը  հայտնեց, որ ադրբեջանական կողմը Ստեփանակերտին հարվածել է նաև ինքնաթիռով: |armenpress.am|

12։07 - Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ։ [Արծրուն Հովհաննիսյան]

11։32 - Ադրբեջանի կողմից քաղաքացիական հիմնական ենթակառուցվածքների թիրախավորումը ռազմական հանցագործություն է։
Ադրբեջանական զինված ուժերը երեկվանից ծանր հրթիռային ու ավիացիոն միջոցներով կանոնավոր ու հատուկ թիրախավորում են Ստեփանակերտի հիմնական քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանցավոր նպատակ ունենալով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներին զրկել կենսագործունեության նվազագույն պայմաններից: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը կտրականապես պահանջում է միջազգային իրավապաշտպան համայնքից պատշաճ փաստագրել և գնահատականի արժանացնել ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակաբար կատարվող այդ ռազմական հանցագործությունները: [Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան]

11։00 - ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում։ [Շուշան Ստեփանյան]

10։47 - Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին:
[ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան]

10։26 - Այս պահին կրկին Ստեփանակերտում թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները։ [Արծրուն Հովհաննիսյան]

10։11- Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ինքնուրույն տեղափոխվել են ՀՀ տարածք և ունեն հեմոդիալիզի կարիք, կարող են դիմել առողջապահության նախարարություն: Մեր կողմից անհապաղ կկազմակերպվեն թե կացության հարցերը Երևանում, թե պատշաճ բժշկական օգնությունը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայություն` 8003 հեռախոսահամարով: [ՀՀ ԱՆ]

10։10- Հարգելի հայրենակիցներ, Ձեր մեծ պատրաստակամության շնորհիվ արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրված է: Խնդրում ենք այսօր չայցելել արյունատվության: Շնորհակալություն: [Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն]

09:35Քիչ առաջ վերադարձա առաջնագծից: Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում  է: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Պաշտպանության բանակին և նրա հրամկազմին՝ իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարելու համար: [Արայիկ Հարությունյան]

 
09:10- Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ: Հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման: ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր զորաշարժերին և պատրաստ է վճռականորեն ճնշել հակառակորդի բոլոր գործողությունները: [ՊԲ]
 

08:00- Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաեւ հրետանային միջոցներից։ [Շուշան Ստեփանյան]

01:57- Ֆրանսիայից ժամանեցին կամավոր բուժաշխատողներ ու այս պահին արդեն գտնվում եմ սահմանամերձ ԲԿ-ներից մեկում: Ասում են, որ հենց իմացան Արցախում պատերազմ է, միանգամից տոմս գնեցին, որովհետև պետք է լինեն քրիստոնյա հայերի կողքին: [Առողջապահության նախարարի օգնական]

00:15Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սա վերջին օրերի ընթացքում Գերմանիայի ղեկավարի հետ ունեցած երկրորդ զրույցն է:  Փաշինյանը պատմել է թուրքական զինվորականների մասնակցության, ինչպես նաև այդ երկրի կողմից վարձկաններ և գրոհայիններ Ադրբեջան փոխադրելու վերջին բացահայտումների մասին: Գերմանիայի Կանցլերը հույժ կարևորել է կրակի դադարեցումը և խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների՝ հոկտեմբերի 1-ի հայտարարությանը:

Թեմայի այլ նորություններ