ՀՀ կառավարությունն Արցախին աջակցելու համար իրականացնում է մի շարք ծրագրեր՝ հատկացնելով մի քանի մլրդ դրամ. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    59%
    17 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    98%
    1 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    87%
    31 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    59%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    96%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    59%
    17 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    82%
    21 կմ/ժ
  • Արցախ 13°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.33237
  • Դոլար = 387.771

ՀՀ կառավարությունն Արցախին աջակցելու համար իրականացնում է մի շարք ծրագրեր՝ հատկացնելով մի քանի մլրդ դրամ. վարչապետ

ՀՀ կառավարությունն Արցախին աջակցելու համար իրականացնում է մի շարք ծրագրեր՝ հատկացնելով մի քանի մլրդ դրամ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ամփոփեց Արցախի մեր հայրենակիցներին և ընդհանրապես Արցախի բնականոն կյանքի վերականգնմանն ուղղված միջոցառումները: «Առաջինը՝ Արցախում հաշվառված քաղաքացիների աջակցության ծրագիրն է, որից օգտվում է շուրջ 87 հազար շահառու: Կառավարությունն այս նպատակով հատկացրել է 6.4 մլրդ դրամ:

Հաջորդ միջոցառումը Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող համայնքների բնակիչների աջակցության ծրագիրն է. այստեղ ունենք ավելի քան 2000 շահառու, կառավարությունը հատկացրել է մոտ 600 մլն դրամ:
 

Արցախում դեկտեմբեր ամսվա կենսաթոշակները և նպաստները վճարելու նպատակով Արցախի կառավարությանը գումար հատկացնելու մասին որոշում ենք կայացրել, որի շրջանակներում հատկացրել ենք շուրջ 940 մլն դրամ, Արցախում պետական աշխատողների դեկտեմբեր ամսվա աշխատավարձերը վճարելու նպատակով Արցախի կառավարությանը հատկացվել է մոտ 3.1 մլրդ դրամ:

Արցախի բնակչության վերջին երեք ամսվա կոմունալ վճարումների ամբողջական անհատույց հատուցումն իրականացնելու համար հատկացրել ենք շուրջ 1 մլրդ դրամ: Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ բացի վերոնշյալ ծրագրերից, որոնք իմ նշած ճանապարհային քարտեզի շրջանակում են, կառավարությունը հաստատել է ևս 8 միջոցառում, որոնք ընթացքի մեջ են և որոնց իրականացման վերաբերյալ հաշվետվությունները կներկայացվեն առաջիկայում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այդ 8 միջոցառումները ևս ճանապարհային քարտեզի շրջանակում են:

ՀՀ Կառավարությունը մտադիր է համաներել ռազմական գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 27-ը ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումների համար վարչական տույժ նշանակելու մասին որոշումները:

ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը նշեց, որ խնդրի երկու լուծում է առաջարկվում:

«Առաջարկում ենք մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված վարչական տույժերի համաներման մասին օրենքի ընդունում, որի նախագիծն արդեն իսկ նախնական տարբերակով պատրաստ է, իսկ երկրորդ կարգավորումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում արդեն իսկ առկա հոդված 17-ով կարգավորվող ծայրահեղ անհրաժեշտության կիրառումն է: Հետևաբար, որ տարբերակն էլ որ ընդունելի լինի, պատրաստ ենք դրանց կատարմանը»,- նշեց Ֆիդանյանը:

 

Վարչապետը հիշեցրեց, որ օրեր առաջ Գորայք համայնքում քաղաքացիներից մեկը նման հարց էր բարձրացրել՝ նշելով, որ պատերազմի ծայրահեղ անհրաժեշտությունից կախված երթևեկության խախտումների տուգանքներ են գալիս: Կառավարությունն էլ արագ արձագանքում է դրանք չեղարկելու խնդրանքին:

«Ցավոք սրտի, նման որոշումների ընդունման պարագայում միշտ էլ լինում են դեպքեր, երբ տվյալ արտոնության շահառու չհանդիսացող անձինք փորձում են օգտվել այդ արտոնությունից: Հետևաբար՝ շատ կարևոր, որ մենք կարողանանք հնարավորինս արագ ռազմական գործողությունների մասնակիցներին նույնականացնել և դա պաշտոնապես հաստատել, որ չունենանք երկու իրավիճակ, որոնք հավասարաբար տհաճ են. առաջինը՝ ռազմական գործողություններին չմասնակցած անձինք չկարողանան այդպիսի անվան ներքո հանդես գալ և օգտվել ամենատարբեր արտոնություններից, և երկրորդը՝ ռազմական գործողություններին մասնակցած անձինք ստիպված չլինեն չափից երկար սպասել, որ իրենց մասնակցության փաստը հաստատվի»,- նշեց Փաշինյանը՝ կարևորելով պաշտպանության նախարարության արդյունավետ ու արագ աշխատանքը:

Կառավարությունը փոփոխություն է կատարում դրոշմանիշային վճարների հետ կապված որոշման մեջ՝  նկատի ունենալով այն, որ գործող կարգավորումներով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցները բավարար չեն լինելու մարտական գործողություններին մասնակցած անձանց ամբողջ ծավալով հատուցում տալու համար։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ այս փոփոխությունը կարող ենք համարել կիսապրոգրեսիվ:

«Կախված անձի եկամուտներից՝ դրոշմանիշային վճարի չափը փոխվում է։ Մինչև 100 հազար դրամ եկամտի դեպքում սահմանվում է 1500 դրամ, 100 հազարից մինչև 200 հազարի դեպքում՝ 3000 դրամ։ Եվ այդպես սանդղակով հասնում ենք մինչև 15 հազար դրամի, որը կվճարեն նրանք, ում եկամուտը, օրինակ, 1 մլն դրամը գերազանցում է։ Այս ամենն արվում է նրա համար, որ մեր բոլոր հայրենակիցները, ովքեր ռազմական գործողություններին մասնակցություն են ունեցել, և վրա է հասել հատուցման դեպքը, պետությունը հնարավորություն ունենա հատուցելու, այդ թվում՝ կամավորականներին»,- ասաց նախարարը։
 

Նախագիծն ընդգրկվել է Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում:

«Այստեղ երևի առանձնահատկությունն այն է, որ այդ միջոցառումների շահառու են հանդիսանում ոչ միայն Արցախի բնակիչները: Ես ուղղակի ցանկացա այս տեղեկատվությունը բարձրաձայնել, որովհետև գուցե մենք այս կայացրած որոշումների հետ կապված, այսպես ասած, շատ լայն տեղեկատվություն չենք տարածում նաև նկատի ունենալով, որ այս ամենը մեր պարտականությունն է և դրանից դա շատ թմբկահարելու անհրաժեշտություն չկա: Բայց մյուս կողմից այս պայմաններում հնչում են հարցեր կամ փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե Արցախին մենք հոգսերի հետ միայնակ են թողել»,- ասաց վարչապետը:

Կառավարությունը հավանություն տվեց Քաղաքացիական օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին օրենքում փոփոխությունների փաթեթին: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ փոփոխությունները հնարավորություն կտան մարտական գործողություններին մասնակցած մեր հայրենակիցներին հատուցում ստանալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից:

«Մասնավորապես, կարգավորել ենք հետևյալը.  հիմա անհայտ բացակայող ճանաչելու համար պետք է, որ մեկ տարի անձի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինեն: Մենք բացառություն կամ հատուկ կարգավորում ենք սահմանում զինծառայողների համար ռազմական գործողություններով պայմանավորված ու այդ ժամկետը կրճատում ենք դարձնելով երեք ամիս: Այն տարածվելու է սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Սա նշանակում է, որ ընտանիքի անդամները կարող են դիմել դատարան անձին անհայտ բացակայող ճանաչելու համար, եւ դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո դիմել հիմնադրամ անհայտ բացակայող ճանաչելու փաստի հիման վրա հատուցում ստանալու նպատակով»,- ասաց նախարարը:
 

Ռուստամ Բադասյանի խոսքով, մյուս փոփոխությունը վերաբերում է նրան, որ դատական ակտից հետո պետք է 6 ամիս անցնի, որ հատուցումը տրամադրվի: «Այդ ժամկետը ևս կրճատում ենք: Այսինքն՝ եթե հաշվարկում ենք սեպտեմբերի 27-ից, ապա դատական ակտի ուժի մեջ մտնելու պահին այդ երեք ամիսն արդեն անցած կլինի և մեր հայրենակիցները հնարավորություն կունենան հատուցում ստանալու հիմնադրամից: Խոսքը 82 մլն կամ 70 մլն դրամ հատուցման մասին է՝ կախված անձի կարգավիճակից: Դրանից 10 մլն դրամը տրվում է միանվագ, մնացածը 20 տարվա մեջ ամսական կտրվածքով»,- նշեց նա:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է կամավորականներին, որոնք զորահավաքի գործընթացով չեն անցել: Ըստ նախարարի, գործող օրենքը բաց ունի: «Մենք այնպես ենք կարգավորում, որ ՊՆ-ի տված տեղեկանքի հիման վրա կամավորականները ևս հնարավորություն ունենան դիմել հիմնադրամ ու կրկին հատուցում ստանալ»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

ՀՀ կառավարությունը Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի 5 շտապօգնության մեքենա կնվիրաբերի Արցախին: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

«ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված 2020թ. պետական բյուջեի 1229 ծրագրի միջոցառման շրջանակում Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 30 Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև նվիրատվությամբ ստացվել է 12 Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի շտապօգնության մեքենաներ: Նախագծով առաջարկվում է շտապօգնության մեքենաներից հինգը նվիրաբերել Արցախի Հանրապետությանը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
 

Մյուս 37 մեքենան կամրացվի Առողջապահության նախարարության հաշվեկշռին` դրանք հետագայում նպատակային նշանակությամբ տնօրինելու նպատակով:

Թեմայի այլ նորություններ