Գնում եմ վիրավոր Արցախիս վերքերը բուժեմ. Լոռիից Ստեփանակերտ մեկնեցին շուրջ 100 արցախցիներ (լուսանկարներ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    54%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    82%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    89%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    66%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    91%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Գնում եմ վիրավոր Արցախիս վերքերը բուժեմ. Լոռիից Ստեփանակերտ մեկնեցին շուրջ 100 արցախցիներ (լուսանկարներ)

Գնում եմ վիրավոր Արցախիս վերքերը բուժեմ. Լոռիից Ստեփանակերտ մեկնեցին շուրջ 100 արցախցիներ (լուսանկարներ)

Լոռու մարզում ժամանակավորապես ապաստանած արցախցիները պատերազմական գործողությունների դադարեցման ավարտից հետո սկսել են վերադառնալ հայրենի օջախներ: Լոռու մարզպետարանի աջակցությամբ Վանաձորից այսօր մոտ 100 արցախցիներ մեկնեցին Ստեփանակերտ:

Մեկնողների հիմնական մասը չէր ցանկանում ոչինչ ասել, չցանկացան խոսել նաեւ Լոռիում իրենց ապրած այս ժամանակահատվածի մասին։ Այդուհանդերձ, մեկնողների գերակշիռ մասը գոհ էր հյուրընկալողներից: Կային նաեւ ապրելու պայմաններից դժգոհ կանայք, թե ինչից էին կոնկրետ դժգոհ, այդպես էլ չմեկնաբանեցին:

Փոխարենը վերացական դժգոհություն հայտնող կանանց հանդիմանեցին ավտոբուսում գտնվող մյուս ուղեւորները՝ նշելով, թե այստեղ՝ Հայաստանում ու մարզում, իրենց համար ամեն ինչ կազմակերպված ու ապահոված է եղել: Սնունդ հագուստ, հիգիենիկ պարագաներ։ «Անգամ դեղորայքի ու տրանսպորտային հարցերն են լուծել, էլ ի՞նչ եք ուզում»,- նկատեց կանանցից մեկը՝ հորդորելով շնորհակալ լինել հյուրընկալության ու հոգատարության համար:

65-ամյա Լաուրա տատը մեկնում էր Ասկերան, տունն այնտեղ պահպանված է: Կնոջ խոսքով՝ հետագայից տեղյակ չէ, իրենց հետ Արցախի իշխանություններից որեւէ մեկը ոչ կապ է հաստատել, ոչ էլ որեւէ տեղեկություն փոխանցել. «Ես թոշակառու կին եմ, իմ թոշակը տվել են, հարսիս էլ, որ հիվանդանոցում բուժաշխատող  է, կանչել են աշխատանքի: Տղաներիցս երկուսն էլ զինվորական են, երկուսն էլ կոչում ունեն»: Տիկինն ու հարսը Վանաձոր են եկել սեպտեմբերի 28-ից, նրանց տեղավորել էին Փամբակ գյուղի կենտրոնացված կացարաններից մեկում. «Մեզ շատ լավ ընդունել են ու մինչեւ այսօր շատ լավ պահել, ինչ որ պետք էր, մեզ համար արել են, անգամ դեղերս են առել հետս դրել, որ ճանապարհին խմեմ, ոչ մի բողոք չունենք, ուղակի շնորհակալ ենք»:

Չե՞ք վախենում մեկնել․ հարցին՝ տիկին Լենան պատասխանում է՝ վախենում եմ, իհարկե վախենում եմ, բայց այլ տարբերակ չունեմ. «Ռուս խաղապահների հետ եթե մեր զինվորն էլ կանգնի, ուրեմն վախենալու բան չենք ունենա, մինչեւ հիմա մեր տղերքը այնտեղ են»:

3 պատերազմ տեսած կինը պնդում է՝ վերջին պատերազմը «շատ անտանելի» էր. «Էդքան զոհ տվեցինք….եթե հնարավոր էր այդ պատերազմը կանգնեցնել, ինչի ավելի շուտ չկանգնեցրեցին, ամբողջ հայ ազգը սգի մեջ է մեր տղաների համար»:

13-ամյա Սուսաննա Սարգսյանը մեկնում էր իր ծննդավայր Ստեփանակերտ. «Ես մեր տուն եմ վերջապես գնում, շատ եմ կարոտել, ամենաշատը պապայիս ու իմ քաղաքն եմ կարոտել, թող բոլորն էլ հետ գնան Ստեփանակերտ, որտեղ էլ որ մեզ ընդունեն, մեկ է ամենալավը մեր տունն ու մեր քաղաքն է»:

Մեկնողներից յուրաքանչյուրի ցանկությունը նույնն էր՝ րոպե առաջ հասնել իրենց հայրենի հող ու ջրին, վիրավոր Արցախին, այն Արցախին, որի վերքերը դեռ բուժել է պետք:

Թեմայի այլ նորություններ