Եվրախորհրդարանի պատգամավոր Իվան Դավիդը հաստատում է, որ ադրբեջանական ու թուրքական բանակները Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն են կատարել: Եվ ներկայացնում է ապացույցներ: Հայաստանի նկատմամբ ձևավորվել է յուրօրինակ մահմեդական դաշինք: Ռուսաստանը դադարեցրել է պատերազմը՝ չկռվելով նրա մասնակիցներից և ոչ մեկի դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրեսից»:
«Ցեղասպանություն է կատարվել: Ես տեսանյութ եմ տեսել, որը նկարահանել են իրենք՝ ադրբեջանցի զինվորները, որոնք սպանել են խաղաղ բնակիչների, գերիների: Ադրբեջանցիները նաև ոչնչացրել են քաղաքացիական ենթակառուցվածքները, իսկ դա ռազմական հանցագործություն է, քանզի պատերազմ կարելի է վարել միայն հակառակորդի զինված ուժերի նկատմամբ»,- չեխական Parlamentni listy-ի թղթակից Զուզանա Կոուլովային տված հարցազրույցում Արցախի և Ադրբեջանի միջև վերջինիս կողմից սանձազերծված պատերազմն այսպես է բնութագրել Եվրախորհրդարանի պատգամավոր Իվան Դավիդը: Նա նաև շեշտել է, որ այնտեղ կիրառված զենքերի մի մասն արտադրվել է Չեխիայում:
Բայց մտածող երիտասարդությունն իրեն հարց է ուղղելու, թե ինչո՛ւ ապագայում պետք է պատասխան տա այն բոլոր կեղտերի համար, որոնք գործում են այսօրվա քաղաքագետները: Կեղտերը պետք է մաքրվեն, իսկ դա ոչ թե մեզ է պետք, այլ իրենց՝ եվրոպացիներին: Նրանք պետք է որոշեն, թե ո՛րն է իրենց առաքելությունն այս աշխարհում, այլապես կվերածվեն արժեքներ ներկրողի, նույնիսկ կարող են դառնալ իսլամա-թուրքական «արժեհամակարգի» կրողներ:
Մենք մեր արժեհամակարգն ունենք, և այն միտված է մարդկային օրենքների հաստատմանը: Մենք գիտենք կառուցել, արարել, սիրել, բայց գիտենք նաև ատել ու կտրել մեզ վրա բարձրացված ձեռքը: Եվ այսօր էլ, երբ դժվար է, երբ Արցախում ադրբեջանա-թուրքական հորդաները նոր ցեղասպանություն են իրականացնում, երբ «քաղաքակիրթ» աշխարհն իրերը չի կոչում իրենց անուններով, չենք շեղվում մեր ճանապարհից և ազգովի դատապարտում ենք բարբարոսությունը, որը մեծ աստված է նորօրյա «նավթային քաղաքակիրթների» համար:
Բարեբախտաբար, շատերն են հասկանում ստեղծված իրավիճակը նաև Եվրոպայում: Շատերը գիտեն՝ ինչ է կատարվում այս պահին, հասկանում են, որ Թուրքիայի վերջնական նպատակը Եվրոպայի նվաճումն է, նրա մահմեդականացումը: Եվ նրանք պայքարի մեր թևում են, ինչը հույս է ներշնչում, որ այս անգամ պատմությունը չպետք է կրկնվի թուրքական սցենարով:
Իվան Դավիդը շեշտել է, որ առաջարկել է ստեղծել միջազգային տրիբունալ Լեռնային Ղարաբաղում կատարված հանցագործությունների համար:
«Տեսնենք, թե դրան ինչպես կվերաբերվի Եվրախորհրդարանը: Ես դա առաջարկել եմ մեր քաղաքական խմբակցությանը՝ ներկայացնելու այն որպես Եվրախորհրդարանի բանաձևի նախագիծ: Նաև մեր «Ինքնություն և ժողովրդավարություն» խմբակցության այլ պատգամավորներ են ցանկանում մասնակցել բանաձևի նախապատրաստությանը: Սակայն պարզ չէ՝ արդյոք Եվրախորհրդարանի ղեկավարությունը կթույլատրի՞ այն ներկայացնել ԵՄ խորհրդարանի նիստին: Եվրախորհրդարանը շատ ավելի պակաս ժողովրդավար է, քան ազգային խորհրդարանները:
Քննարկման առաջարկները չեն ընդունվում ընդհանուր խորհրդարանական քվեարկությամբ, երբ նոր օրակարգ կարող է առաջարկել յուրաքանչյուրը, ոչ միայն խորհրդարանի կազմկոմիտեն: Եվրախորհրդարանում քննարկման նոր թեմաները հաստատվում են նախագահների, այսինքն՝ խմբակցությունների նախագահների հանդիպման ժամանակ: Եթե նրանք մերժում են, իսկ դրա համար բավական է երեք խոշոր խմբակցությունների մերժումը, այն չի ներկայացվում Եվրախորհրդարանի քննարկմանը: Եվ մենք նույնիսկ չենք իմանում, թե ով է «սպանում» առաջարկը:
Վերջերս Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև ներկայացնելու փորձը ձախողվեց: Արդյունքում տեղի ունեցավ միայն քննարկում, որի ընթացքում բոլորը կարող էին ինչ-որ բան ասել, իսկ բառերը ուժ չունեն: Այսպիսով՝ պարզապես մտքերի փոխանակություն կատարվեց»,- ընդգծել է պատգամավորը:
Թուրքական ցեղերը միջնադարում գրավել են հայկական, բյուզանդական ու այլ ժողովուրդների պատկանող տարածքները, իսկ մենք այնտեղ ապրում ենք ավելի քան երկու հազար տարի:
«Ադրբեջանցիները, ինչպես նաև թուրքերը՝ որպես ժողովուրդ, կազմավորվել են միայն 20-րդ դարում: Մենք ունեցանք ազգային վերածնունդ, իսկ նրանք՝ ազգային ծնունդ: Թուրք ժողովուրդներն ու հայերը, քրդերը և այլ «հին ժողովուրդներ» դարեր շարունակ ապրել են կողք կողքի և գրեթե միշտ բախվել իրար հետ: Ինչ վերաբերում է հայերի և ադրբեջանցիների բախումներին, ապա դրանց վերջակետը դրեց միայն Խորհրդային Միության ստեղծումը:
Կարելի է կանգնել հակամարտության մասնակիցներից մեկի կողքին, և, հաշվի առնելով, թե ինչպես է իրեն դրսևորում Թուրքիան ոչ միայն հարևանների, այլև եվրոպական այլ երկրների նկատմամբ, հակվում ես դեպի այն կողմը, որը դիմակայում է Թուրքիային: Բացի այդ, Հայաստանն այն երկիրն է, որ առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: Ուստի մշակութային ավանդույթների տեսանկյունից Հայաստանը մեզ ավելի մոտիկ է: Հայերի համար իրավիճակը բարդացավ նաև այն պատճառով, որ նրանց համար դժվար է դաշնակիցներ գտնել հարևանների մեջ: Դաշնակիցների թվին կարելի է դասել շիական Իրանին: Պարսիկները նույնպես հնագույն ժողովուրդ են, ինչպես հայերը և քրդերը»,- նկատել է Իվան Դավիդը: Նա նաև վստահ է, որ չեխական հանրությունը պետք է հետաքրքրվի այն փաստով, որ Չեխիայի Հանրապետությունն այն քիչ թվով երկրներից մեկն է, որը զենք է մատակարարում Թուրքիային ու Ադրբեջանին: Ըստ նրա՝ խոսքը խոշոր տրամաչափի հրետանու ու զինամթերքի մասին է:
Միջազգային տրիբունալի ստեղծման հավանականությունն ավելի կմեծանա, եթե հայ ժողովուրդը Սփյուռքի իր կառույցների միջոցով հզոր ճնշում գործադրի և ապահովի հարցի քննարկումը Եվրախորհրդարանի մակարդակով: Դա հնարավորություն կտա որոշակիորեն ուժեղանալ այն բանակցություններում, որոնք սպասվում են մեզ առաջիկայում: