ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն հորդորում են «Իմ քայլին» մասնակցել այսօրվա արտահերթ նիստին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    56%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    58%
    30 կմ/ժ
  • Լոռի 13°C
    84%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    97%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    37%
    9 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    74%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    56%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    66%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    56%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    54%
    8 կմ/ժ
  • Արցախ 19°C
    79%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն հորդորում են «Իմ քայլին» մասնակցել այսօրվա արտահերթ նիստին

ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն հորդորում են «Իմ քայլին» մասնակցել այսօրվա արտահերթ նիստին

Հազարավոր քաղծառայողներ այժմ խայտառակ վիճակում են, պետմարմինները չեն աշխատում, աշխատողները ցածր աշխատավարձ են ստանում, իսկ պատերազմի ժամանակ բոլորը գումար են հավաքել և փոխանցել հիմնադրամներ, 30 տոկոս հավելավճարները չեն ստացել, քանի որ պատերազմի մեջ ենք։ Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Սոցապ նախարարություն․ խայտառակ վիճակ է՝ փախստականներ, անտուն մարդիկ․ չգիտեմ զբաղվող կա՞, թե՞ ոչ։ Եթե մարդիկ զանգում են «Լուսավոր Հայաստան», ասում են՝ մեզ բեռնատարներ են պետք Քարվաճառից բեռները տեղափոխելու համար, ես սկսում եմ հասկանալ, որ պետական մարմինները չեն աշխատում։ Մենք ունենք խմբակցություններով արդեն հավաքած ստորագրություններ և 18։30-ին այսօր հրավիրում ենք արտահերթ նիստ՝ ռազմական դրությունը վերացնելու հարցով, որից հետո երկրում հնարավոր կլինի վերադարձնել ազատությունները և հնարավորություն տալ, որ ժողովրդավարական գործընթացներ տեղի ունենան»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ գլխավոր շտաբի պետը հորդորել էր ռազմական դրությունն առնվազն 7 օր հետաձգել, իսկ դա եղել է նոյեմբերի 10-ին: 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Երեկ հանրահավաքում դուք մեզ լիազորեցիք այսօր բաց, անկեղծ խոսել «Իմ քայլը» խմբակցության մեր գործընկերների հետ, որպեսզի նրանք այսօր պատրաստ լինեն քննարկել մեզ հետ մեր օրակարգը՝ երկիրը պարտության տարած ղեկավարը չի կարող մնալ ղեկին։ Ես գիտեմ Նիկոլ Փաշինյանին, նա ուզելու է պատմության մեջ մնալ միակ ղեկավարը, ով թուրքի առաջ Հայաստանը և Արցախը ծնկի բերելուց հետո ամեն ինչ անելու է իշխանության մնալու համար: Որևէ քաղաքական ուժ չի ձգտում իշխանության»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ իրենց պահանջն է, որ Նիկոլ Փաշինյանն անցնցում հեռանա, լինի նոր բանակցող։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ իր ելույթում բոլորին հանդարտության, զգոնության և սթափության կոչ արեց, ասելով՝

«Մեր բոլորի՝ իշխանությունից մինչև ընդդիմություն, շարքային քաղաքացուց մինչև հանրային ծառայող, գերխնդիրն այսօր պետք է լինի կայունացումը։ Հայտարարությունը, որը ստորագրվել է երեք պետությունների ղեկավարների կողմից, պատերազմի դադարի մասին է։ Սա կարևոր է արձանագրել՝ հասկանալու, ըմբռնելու, որ այս պահին շատ փխրուն վիճակում ենք։ Համատեղ ուժերով պետք է փորձենք ճիշտ լուծումներ փնտրել։ Ո՛չ իշխանություն ստանձնելը, ո՛չ իշխանության մնալը նպատակ չեն և չպետք է լինեն։ Մենք պետք է ձևակերպենք և մատնանշենք նպատակները և ուղիները, ի՞նչ խնդիր ենք դնում մեր առջև՝ իհարկե չբացառելով նաև քաղաքական փոփոխություններ, որո՞նք են դրանք, ի՞նչն ենք ուզում փոխել։ Մենք՝ որպես իշխանություն, ունենք մեր մեղքը և պատասխանատվության բաժինը 2-2,5 տարվա համար և որպես ազգ, պետություն, ժողովուրդ ունենք նաև տասնյակ տարիների ձախողումների և թերացումների պատասխանատվությունը։ Նման կրքեր բորոբոքելով՝ այս փուլում, երբ մեր պաշտոնյաները վարում են շատ կարևոր բանակցություններ, շատ կարևոր պրոցեսներ են տեղի ունենում Արցախի հետ կապված, նման կրքեր բորբոքելով, որևէ կերպ չենք դրսևորում մեր հայրենասիրությունը և պետականամետության դիրքորոշումը։ Այն ուղիները, որոնք մենք համատեղ կգտնենք, պետք է լինեն առաջին հերթին երկիրը ցնցումներից զերծ պահելու համար և երկրում զարգացման նոր հեռանկարն ապահովելու համար»,- ասաց Մակունցը՝ ընդգծելով, որ դրա համար անհրաժեշտ է կառուցողական մթնոլորտ, որը չի կարող լինել նման հռետորաբանության, նման բառամթերքի օգտագործման պարագայում։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խորհրդարանի արտահերթ նիստ կհրավիրի Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու հարցով: Այս մասին նոյեմբերի 17-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«18:30 հրավիրում ենք արտահերթ նիստ, այդ նիստի ժամանակ առաջարկում ենք ռազմական դրությունը վերացնել, որից հետո երկրում վերադարձնել ազատությունները և հնարավորություն տալ, որ ժողովրդավարական գործընթացները տեղի ունեն: Ռազմական դրությունը հայտարարվել է երկրում մոբիլիզացիայի համար: Մոբիլիզացիան ավարտվել է: Խնդրում եմ գալ այդ նիստին ու ռազմական դրությունը հանելու համար կողմ քվեարկել»,- ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանն «Իմ քայլը» խմբակցությանն առաջարկեց միասին նախագիծ կազմել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության հետ կապված ու մեկ այլ արտահերթ նիստում քննարկել նաև այդ հայտարարության հարցը:

Թեմայի այլ նորություններ