Արման Գասպարյան. «Դիմացդ ոչ թե հակառակորդ է, այլ թշնամի»
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    20 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    17 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    3 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    1 կմ/ժ
  • Արարատ 14°C
    59%
    20 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    67%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.247
  • Դոլար = 387.692

Արման Գասպարյան. «Դիմացդ ոչ թե հակառակորդ է, այլ թշնամի»

Արման Գասպարյան. «Դիմացդ ոչ թե հակառակորդ է, այլ թշնամի»

21-ամյա Արման Գասպարյանին բոլորը ճանաչեցին ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի գրառումից. «Բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» ՀՕՊ մասնագետն այս տարվա հունվարին էր ավարտել ժամկետային զինծառայությունը, բայց վարչապետի կոչից հետո կրկին շարքում էր:

Չնայած իր կոչում վարչապետը հստակ ասաց, որ տղաներին կանչում է կենաց-մահու կռիվ տալու, Արմանն առաջնագիծ մեկնելու որոշում կայացրել է առանց երկմտելու, հպարտությամբ ասում է, որ երրորդ գրանցվողն է եղել:

Մեդիամաքսը հանդիպել է Արմանին, ով վերադարձել է Երեւան, քանի որ բեկորային վնասվածք ունի: Ինքն իրեն վիրավոր չի համարում, ասում է՝ վնասվածքը թեթեւ է, բայց մեր հանդիպմանը կաղալով հասավ:

Մինչեւ առաջնագիծ հասնելը Արմանի լուսանկարն արդեն տարածվել էր հայկական մեդիադաշտում, իր հետ մարտի մեկնող տղաների շրջանում նա ձեռք էր բերել «զվյոզդ» մականունը: Լուսանկարի մեկնաբանություններում շատ աղջիկներ հետաքրքրվել էին, թե ով է այդ գեղեցկադեմ տղան ու հաճոյախոսություններ գրել նրա հասցեին, տղան վերադարձել է ու անձամբ պատասխանում է մեկնաբանություններին: Ասում է՝ չէր գնացել նկարվելու համար, «Հայ զինվորը» լուսանկարեց, անկախ իր կամքից նկարը մեծ տարածում գտավ, եթե այդպես էլ չլիներ, իր կյանքում ոչինչ չէր փոխվի, բայց հաճելի է:

Պարզվում է՝ փոքր տարիքում Արմանը երազել է զինվորական դառնալու մասին, չնայած ընտանիքը դեմ էր՝ սովորել է «Փոքր Մհեր» կրթահամալիրում: «Առողջական խնդիրներ ունեցա, չկարողացա շարունակել այդ ուղին, բայց համազգեստի հանդեպ սեր միշտ ունեցել եմ,- ասում է նա ու հիշում, որ 11-12 տարեկանում տանեցիների հետ «կռվով» էր ընդունվել «Փոքր Մհեր», - ընտանիքիս անդամները մտածում էին՝ երեխա եմ, մի քիչ ազատությունից կկտրվեմ, կհասկանամ, որ չեմ ուզում այդ ուղով գնալ, բայց իմ սերն ավելի էր ամրապնդվում: Եթե առողջական խնդիրներ չառաջանային, զինվորական կդառնայի»:

Առողջական նույն խնդրի պատճառով Արմանը մեկ տարի ուշ է զորակոչվել բանակ, բայց վստահ էր, որ ծառայելու է: Ասում է՝ մինչեւ բանակ գնալն արդեն շատ գիտելիք ուներ: Բանակում էլ չէր բավարարվում ուսումնական ծրագրով, շատ գրքեր էր կարդում: Շեշտում է, որ հատկապես ՀՕՊ մասնագետի համար գիտելիքը շատ կարեւոր է:

Վարչապետի կոչից հետո առանց երկմտելու առաջնագիծ մեկնելու որոշման հիմքում, սակայն, զինվորական համազգեստի հանդեպ սերը չէր, այլ իր տունը պաշտպանելու մղումը. հայրենիքը սկսվում է յուրաքանչյուրիս տանից:

Արման ԳասպարյանըԱրման Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս պայքարն առաջին հերթին յուրաքանչյուրիս ընտանիքի, հետո հողի, Արցախի ժողովրդի համար է: Վարչապետի կոչից հետո հասկացա, որ սահմանում ավելի շատ եմ պետք, քան այստեղ: Բնականաբար, գիտակցում էի, որ գուցե չվերադառնամ, գուցե հաշմանդամ մնամ, բայց խուճապի մատնվել պետք չէ, պետք է գիտակցել, որ դիմացդ ոչ թե հակառակորդ է, այլ թշնամի: Ես երրորդ գրանցվողն եմ եղել. աշխատանքից տուն էի վերադառնում, ընկերներիցս մեկը զանգեց, ասաց, որ վարչապետը նման կոչ է արել: Նայեցի այդ հատվածն ու առանց տուն մտնելու միանգամից գնացի հավաքակայան: Գրանցվեցի, հետո զանգեցի տնեցիներին, ասացի, որ մեկնում եմ: Մայրս նեղվեց, որ նույնիսկ հաջող չեմ արել, բայց մեզ ասացին, որ հաջորդ օրը կմեկնենք, գնացի տուն, ընտանիքիս անդամներին հաջող արեցի»,- պատմեց նա:

Այս օրերին հաճախ ենք տեսնում, թե ինչպես են հենց առաջնագծի տղաներն ուժ տալիս թիկունքում գտնվողներին: Արմանն ասում է՝ իր ընտանիքում էլ այդպես էր, հաճախ ինքդ ունես այդ զորակցության կարիքը, բայց հնարավորն անում ես, որ հարազատներդ չանհանգստանան:

«Բնականաբար, մայրս հուզված էր, լացում էր: Նույնը  բանակ գնալիս էր: Ես այն ժամանակ էլ էի ասում ՝ լացով ճանապարհես, լացով էլ կդիմավորես, ուրախ ճանապարհիր, որ ուրախ դիմավորես: Հիմա էլ: Փորձում էի հույս տալ, որ ամեն բան լավ է լինելու, թեեւ լինում էր պահ, որ պետք էր ինձ հույս տալ, որ լավ է լինելու»,- անկեղծանում է նա, ապա խոստովանում՝ մահից վախի զգացողությունը մարդկային է, ակնթարթ կարող է տեւել, բայց առաջնագծում բոլորը քաջ գիտակցում են՝ ինչու են այնտեղ եւ շատ արագ հաղթահարում են մարդկային այդ զգացողությունը: Հստակ է այն, որ վախը թշնամուց չէ. թշնամու դեմ պատրաստ են պայքարել մինչեւ վերջին պահը, միայն թե իմանան, որ իրենք էլ թշնամուն են հարված հասցրել եւ օգտակար եղել հայրենիքի պաշտպանությանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմանն ընդգծեց, որ սահմանում անցկացրած 6 օրն իր կյանքը գլխիվայր շրջել է.

«Ամեն ինչ 180 աստիճանով փոխվեց: Մինչեւ գնալս լրիվ ուրիշ մարդ էի՝ աշխույժ, հիմա այլ եմ: Երեւի, մահվան աչքերին ուղիղ նայելուց հետո ավելի լրջացա: Սկսեցի այլ կերպ գնահատել ժամանակը»:

Այն ամենը, ինչ տեսել է, դժվարանում է պատմել, բայց վերադառնալուց հետո հոգեբանի է այցելում՝ հոգեբանական վիճակը հավասարակշռության բերելու համար: Չնայած Հայաստանում հոգեբանի դիմելու մշակույթը շատ զարգացած չէ, Արմանը դա շատ է կարեւորում, խորհուրդ է տալիս, որ մյուսներն էլ այդպես անեն:

«Էմոցիաները պատմել, բացատրել, կարծում եմ, որեւէ մեկը չի կարող: Այն, ինչ այնտեղ տեսնում ես, միայն այնտեղ եղած մարդը կարող է հասկանալ: Ես կյանքում կարգախոս ունեմ՝ ամեն օրն ապրել այնպես, կարծես վերջինն է, այս օրերին դա ավելի ռեալ հասկացա: Այնտեղ հասկանում ես, որ օրը չէ, րոպեն կարող է վերջինը լինել: Էդ րոպեի ընթացքում փորձում ես մորդ զանգել, ընկերոջդ համբուրել»,- ասում է 21-ամյա տղան:

Արման ԳասպարյանըԱրման Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա մարտական ընկերներից շատեր ծանր վիրավոր են, այս փաստն է, որ տղայի վրա շատ է ազդել. «Ընկերներ ունեմ, մեկի թեւը չկա, մյուսի՝ երկու թեւը, երրորդի՝ ոտքը... գնացել էի տղաներին տեսակցելու, շատ ազդվեցի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ տղաները հետո պրոթեզավորվեն: Բոլորի հետ տեղում էի ծանոթացել, բայց այդ 6 օրվա ընթացքում դարձանք մարտական ընկերներ: Ավելի շատ կապվեցինք, քան էստեղ 10 տարի ընկերություն անելու դեպքում կկապվեինք»:

Արմանի խոսքով՝ ծառայակից ընկերներից շատերը եւս զինվորագրվել են: Իրենց դասակում, սակայն, բոլորն անծանոթ էին: «Բոլորս ընկերներ դարձանք: Մարտական փոքր ուղի անցանք իրար հետ, որը չենք մոռանա: Անկեղծ, բոլորս շատ դուխով էինք: Մեր դասակում հավաքված էին այն մարդիկ, որոնք առաջինն էին եկել հավաքակայան, այսինքն՝ կոչը լսել էին, տանից վազելով դուրս եկել: Ամենաուժեղ, պատրաստված, նույնիսկ, ամենախելագար մարդիկ էին, որոնց ուղղակի պետք է ասեիր՝ առաջ գնա ու կգնային»:

Արման ԳասպարյանըԱրման Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջիկա օրերին Արմանը մտադիր է վերադառնալ աշխատանքի: Զինվորական դառնալու մտքից հրաժարվելուց հետո իրեն տարբեր ոլորտներում է փորձել, ի վերջո, գտել է աշխատանք, որը մեծ հետաքրքրությամբ անում: «Ալպինիստ» է, բայց ոչ լեռներում. շենքերի արտաքին պատերի սպասարկումն է ապահովում: Չնայած դեռ կաղում է՝ վստահ ասում է, որ երկուշաբթի օրվանից վերադառնալու է աշխատանքի, իսկ հարկ եղած դեպքում՝ կրկին կլինի առաջնագծում:

Աղբյուր՝ Mediamax

Թեմայի այլ նորություններ