Օրվա ամփոփում․ աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (06.07.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Օրվա ամփոփում․ աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (06.07.2021)

Օրվա ամփոփում․ աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (06.07.2021)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օրվա աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

ԱԱԾ-ն բացահայտել է կրթության ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու հերթական դեպքը

Բուհ ընդունվելու համար «Օտար լեզու» առարկայի միասնական քննությունից առաջ իր կողմից մշակված թեստերը նախապես տրամադրելու, դրանց պատասխանները դիմորդին սովորեցնելու և արդյունքում նշված առարկայի քննությանը վերջինիս բարձր գնահատականն ապահովելու համար 2021 թվականի հունիսի 26-ին դիմորդի մորից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.498.140 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար կաշառք և նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի գումարը մինչև քննության օրը ստանալու վերաբերյալ: Կաշառք ստացած պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել: Խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։[ԱԱԾ] (Այսօր 10:23)

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք

Հուլիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 225 661 դեպք, որոնցից 217 250 -ն` առողջացած, 4530-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 2780 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 209 287 թեստավորում: Երեկ կատարվել է 3655 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք: Ունենք 52 առողջացած և 3 մահվան դեպք: (Այսօր 11:10)

Մարուքյանը դիմել է Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ

Դիմել եմ Նիկոլ Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ։ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում 2019 թ. կատարվող փոփոխությունների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարությանը ներկայացրել էր կառավարության այլընտրանքային կառուցվածք, որտեղ պահպանվում էին գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները՝ հաշվի առնելով մի շարք կարևոր հանգամանքներ։ Սակայն առաջարկները չընդունվեցին. երկու տարուց ավելի է, ինչ այլևս չեն գործում գյուղատնտեսության նախարարությունը, ինչպես նաև մշակույթի նախարարությունը՝ առանձին տեսքով։ Այդ ոլորտներում առանձին կայացած գերատեսչության բացակայությունը հանգեցնում է բազմաթիվ խնդիրների լճացման։ [«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան] (Այսօր 12:27)

ՀՅԴ-ն հանդես կգա որպես արմատական ընդդիմություն, կգործադրի քաղաքական պայքարի բոլոր միջոցները |armenpress.am|

ՀՅԴ-ի Հայաստանի Գերագույն Ժողովը, ելնելով ստեղծված իրավիճակից, հայտարարում է, որ հետամուտ է լինելու իշխանության հեռացման պայքարին, հանդես է գալու իբրև արմատական ընդդիմություն, գործադրելու է քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցները: ՀՅԴ-ն «Հայաստան» դաշինքի հետ հարգանքի և վստահության հենքով շարունակելու է գործընկերությունը՝ համատեղ ուժերով ընդհանուր նպատակների իրագործման ուղղությամբ, հավատարիմ է լինելու Արցախի անկախության ճանաչման, տարածքային ամբողջականության վերականգնման, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության պայքարին: [ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը] (Այսօր 13:12)

Ադրբեջանում ընթացող դատավարությունները չեն կասեցվի․ ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի միջնորդությունը |hetq.am|

Ադրբեջանում հայ ռազմագերիների դատավարական գործերը շինծու են և զուրկ են օրինական հիմքից, և դրա համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը միջնորդել է Եվրադատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի Ադրբեջանին՝ կասեցնել այդ դատական գործընթացները, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը տրամադրել քրեական գործի բոլոր նյութերը։ Միջնորդությունը ՄԻԵԴ են ներկայացրել հունիսի 30-ին, սակայն Եվրադատարանը հուլիսի 2-ին մերժել է այդ միջնորդությունը։ [ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան] (Այսօր 13:54)

Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցի զինծառայողները փոխհրաձգություն են հրահրել |armenpress.am|

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել: Հայկական կողմը ունի մեկ թեթև վիրավորում ստացած զինծառայող: Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը ունի երկու վիրավոր զինծառայող։ [ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյան] (Այսօր 14:18)

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր: Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։ [ՀՀ վարչապետի աշխատակազմ] (Այսօր 16:08)

Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ. պաշտպան |armtimes.com|

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին շաբաթ օրը տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ։ Այնպես չէ, որ ներկա պահին պարոն Չարչյանի առողջական վիճակը լավ է։ Նա ունի շաքարային դիաբետ, որը շատ բարձր մակարդակում է գտնվում։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ Չարչյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու համար: [Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը` լրագրողների հետ զրույցում] (Այսօր 16:44)

Ադրբեջանական զինծառայողները Խնածախում անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդտել են ցորենի հավաքը․ ՄԻՊ

Այսօր ադրբեջանական զինծառայողները Խնածախ գյուղում հովվի անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդտել են ցորենի հավաքը: Խնածախ գյուղի հովիվը ՀՀ տարածքում գտնվող արոտավայրերում 2021թ. հուլիսի 6-ին, ինչպես արել է միշտ, արածեցրել է գյուղի երկու ընտանիքի պատկանող 40 խոշոր եղջերավոր կենդանի: Հովվին օգնել է նաև նրա 13-ամյա երեխան: Առավոտյան ժամը 06:00-06:30-ի սահմաններում խոշոր եղջերավոր կենդանիներից 3-ը մոտեցել են ադրբեջանական զինված ուժերի տեղակայման վայրին: Այդ կենդանիների մոտ է գտնվել երեխան, ով փորձել է թույլ չտալ, որպեսզի նրանք ադրբեջանական դիրքին մոտենան: Ադրբեջանական զինծառայողները, սակայն, իրենք են առաջ եկել դեպի կենդանիները և գոռգոռոցներով ցույց տալով իբր դա իրենց տարածքն է՝ գողացել են կենդանիներին և քշել իրենց կողմը՝ դեպի խորք: [ՄԻՊ] (Այսօր 17:08)

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խմելու ջրում շեղումներ չեն արձանագրվել․ ԱՆ

Հուլիսի 2-ին ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեների բնակիչներից բողոքներ է ստացել խմելու ջրի որակի վերաբերյալ։ Նույն օրը վարչական շրջանի տարբեր հասցեներից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ։ Նմուշների մանրէաբանական, սանիտարաքիմիական լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն արձանագրվել: Բնակիչների շրջանում աղիքային վարակին բնորոշ գանգատներով անձինք չեն հայտնաբերվել: Կապ է հաստատվել նաև վարչական շրջանի բժշկական կազմակերպությունների հետ, նշված օրերին աղիքային վարակին բնորոշ գանգատներով դիմողներ չեն եղել: [ԱՆ] (Այսօր 17:58)

Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՔԾ-ում քննված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Աչմեն Չարչյանի, այսօր ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ [ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան] (Այսօր 18:39)

Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ [ԱՀ ԱԻՊԾ] (Այսօր 18:49)

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ