Նոր համաձայնագիր, նոր ֆինանսավորում և նոր համագործակցություն․ Բրյուսելի արդյունքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    36%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    11 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    9 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    88%
    7 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    37%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    36%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    48%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    77%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.23067
  • Դոլար = 387.905

Նոր համաձայնագիր, նոր ֆինանսավորում և նոր համագործակցություն․ Բրյուսելի արդյունքները

Նոր համաձայնագիր, նոր ֆինանսավորում և նոր համագործակցություն․ Բրյուսելի արդյունքները

21 հոգանոց պատվիրակությամբ է Հայաստանը մեկնել Բրյուսելի եռակողմ հանդիպմանը։ Մինչև հանդիպումը կողմերն արդեն բացահայտել էին, որ օրակարգն առավելապես տնտեսական է՝ դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսությունը և տնտեսական կախվածությունը փոխարինել գործընկերների հետ համագործակցությամբ։ Սա ուղիղ կապվում է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության հետ։ Փաշինյան–Ֆոն դեր Լայեն–Բլինքեն եռակողմ հանդիպումը Բրյուսելում տևել է նախապես սահմանված մեկ ժամից ավելի։ Այն, ըստ էության, սկիզբ է դնում նոր համագործակցության, որի նախնական հնարավորություններն արդեն հրապարակվել են։ Բրյուսելը տվեց նաև Հայաստան–ԵՄ նոր համաձայնագիր, որը, սակայն, տարածաշրջանային քաղաքական խնդիրների հետ որևէ առնչություն չունի։ ԵՄ–ն կատարում է Հայաստանի կողքին ուս ուսի կանգնելու խոստումը՝ եռակողմ հանդիպումից առաջ հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա խոսեց առնվազն մի քանի ծրագրի մասին։

  • Հայաստանի տնտեսական դիմակայության նպատակով ԵՄ–ն առաջիկա 4 տարում  ներդրումներ կանի Հայաստանում՝ հատկացնելով 270 մլն եվրո դրամաշնորհ։  Կաջակցեն բիզնեսին, տաղանդներին, որպեսզի նրանք զարգանան և նոր շուկաներ գրավեն։ 
  • ԵՄ-ն Հայաստանում ներդրումներ կանի հատկապես ենթակառուցվածքային նախագծերում՝ մասնավորապես Սևծովյան մալուխում, որը կարող է մաքուր վերականգնող էներգիա բերել Եվրոպային։ Ներդրում կանեն Հայաստանի վերականգնող էներգիայի ոլորտում, որպեսզի ավելի լավ կապակցվածություն լինի Վրաստանի հետ։
  • Աջակցության նոր փաթեթով՝ Հայաստանի համար հասանելի կդառնան Եվրոպայի տնտեսական եւ ներդրումային ծրագիրը։

«Այն արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ Սա հրաշալի նորություն է, եւ մենք կարող ենք ավելին անել։ Ահա թե ինչու վերջերս գործարկեցինք ներդրումների համակարգման հարթակը, որպեսզի կարողանանք բացահայտել նոր նախագծեր եւ արագացնենք իրականացումը»։

Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ նշելով, ԵՄ-ն կուսումնասիրի նաեւ միջսահմանային տրանսպորտը, երբ պայմանները թույլ տան։ Չեն մոռանում նաև տեղահանված արցախահայության ծանր վիճակի մասին և արդեն տրամադրված աջակցության 30 միլիոն եվրոյին պատրաստ են ավելացնել նորը։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ևս խոսեց ԼՂ–ից բռնի տեղահանված հայերին աջակցելու կարևորության մասին։ Ասաց՝ դա կարևոր է Հայաստանի երկարաժամկետ կայունության համար։ Իսկ Բրյուսելում ԱՄՆ–ի ներկայությունը բացատրում է այսպես․

«Մենք այստեղ ենք, որ աջակցենք Հայաստանին և նպաստենք խաղաղության Հարավային Կովկասում»։  

Ըստ Բլինքենի հայտարարությունների՝ Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը, ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստանին տեսնել որպես ուժեղ երկիր։ Եվ այդ նպատակով է, որ Միացյալ Նահանգները նախատեսում է Հայաստանին տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլարի աջակցություն։ Պետքարտուղարի խոսքով՝ այդ աջակցությունը 50 տոկոսով ավելի է, քան երկու տարի առաջ։

ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը բացահայտեց․

«Երկու ամիս առաջ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ որոշել էին աշխատել ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի վրա։ Եվրոպացի պաշտոնյան ընդգծեց, որ նոր օրակարգը կապահովի հավակնոտ տեսլական՝ խթանելու երկկողմ համագործակցությունն այն ոլորտներում, որոնք կարևոր են Հայաստանի դիմակայունության, շարժունակության, առևտրի դիվերսիֆիկացիայի և կապի համար»։

Թեև բրյուսելյան հանդիպումը Հայաստանի բարեփոխումների, ժողովրդավարության և տնտեսության մասին է, տարածաշրջանային քաղաքական և հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին առնչվող հարցեր օրակարգում չկան, բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարկ համարեց ևս մեկ անգամ ընդգծել Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին՝  

«Հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի: Նա հավելեց, որ Հայաստանը լիովին հավատարիմ է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը և տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը հիմնված է երկրների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների լիարժեք հարգման վրա»։

Մինչ բրյուսելյան հանդիպումը Հայաստանի իշխանության ներկայացուցիչները բազմիցս պնդել են՝ եռակողմ հանդիպումը որևէ երկրի դեմ ուղղված չէ, և Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի մտահոգությունները տեղին չեն։ Այս խնդրին անդրադարձել են թե՛ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, թե ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը։ Բացահայտում են, որ այս հանդիպումը, ըստ էության, Գրանադայի շարունակությունն է․

Արմեն Գրիգորյան․ «Բրյուսելի օրակարգը ամբողջովին վերաբերում է Հայաստան–ԵՄ և Հայաստան–ԱՄՆ օրակարգին։ Մենք տարածաշրջանային հարցեր Բրյուսելում չենք քննարկելու։ Այստեղ չափազանցված է բոլոր այն խոսույթները, որոնք տարածվում են և՛ ՌԴ կողմից, և՛ Ադրբեջանի կողմից։ Փորձում ենք դրա շուրջ աղմուկ ստեղծել, իրականում աղմուկ ստեղծելու որևէ հիմք չկա։ Նույնիսկ մեղադրում են, որ իբրև թե «Անվտանգության պակտ» պետք է ստորագրվի, բայց անվտանգությունը օրակարգում չկա։ Օրակարգը միայն տնտեսական է, ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Դա ուղղված է պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը»։

Ծովինար Վարդանյան․ «Կարծում եմ, որ բոլոր կողմերը պետք է ճիշտ կարողանան գնահատել հանդիպումը և դրա հետևանքներն ու հնարավորությունները։ ՀՀ–ն երբեք որևէ երկրի դեմ որևէ օրակարգ չի սպասարկում, ՀՀ–ն սպասարկում է իր սեփական շահերը»։

Բրյուսելի նոր արդյունքներից մեկն էլ Հայաստանի և ԵՄ–ի միջև նոր՝ «Եվրաջասթ», համաձայնագիրն է։ Այն հնարավորություն կտա Երևանին ու Բրյուսելին համագործակցել նոր ոլորտում։ «Եվրաջասթը» ԵՄ անդամ երկրների դատախազություններին վերապահված գործառույթները համակարգող և անդամ երկրների դատախազությունների միջև համագործակցությունը խթանող համաեվրոպական կառույց է, որն, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է հավաքված տվյալների փոխանակում ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ երրորդ երկրների իրավասու մարմինների միջև։ Համաձայնագրի նպատակն է զարգացնել «Եվրաջասթ»-ի և Հայաստանի իրավասու մարմինների միջև ծանր հանցագործությունների, կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարը։ Համաձայնագրով «Եվրաջասթ»-ը կաջակցի ՀՀ-ին՝ համատեղ քննչական խմբերի ձևավորման հարցում:

Թեմայի այլ նորություններ