Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանում գտնվող՝ Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին և նրա ուղեկցող պատվիրակությանը:

Ողջունելով հանձնակատարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամներին ու այն աջակցությունը, որ ստանում ենք նրանցից: Հատկապես հիմա Հայաստանի համար դժվարին օրեր են, մեր երկիրը փորձում է դուրս գալ հետպատերազմական ծանր վիճակից: Ես լավատես եմ և կարծում եմ, որ ի վերջո կկարողանանք լուծել բոլոր խնդիրները»:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը նշել է, որ այցի նպատակն է ընդգծել Եվրամիության համար հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների և գործընկերության կարևորությունը։

Նախագահ Սարգսյանն ու եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ի հայտ եկած մարդասիրական խնդիրներին, խոսել Եվրամիության հնարավոր աջակցության մասին: Օլիվեր Վարհեին ասել է, որ Եվրամիությունը կարևորում է տարածաշրջանի կայունությունը և պատրաստ է աջակցել երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատելուն:

Անդրադարձ է եղել նաև տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացմանն ու զարգացման հեռանկարներին:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը նշել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին առաջարկվում է տնտեսական և ներդրումային խոշոր փաթեթ, որի շուրջ երկար ու լուրջ աշխատանք է կատարվել, և որի իրականացումը երկրի տնտեսական և սոցիալական վերականգնման, ճգնաժամից ավելի ուժեղ դուրս գալու լավ հնարավորություն է: Նա նաև ընդգծել է ԵՄ պատրաստակամությունն՝ օժանդակելու տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարմանը, տնտեսական ինտեգրմանը:

Անդրադառնալով ԵՄ-ի կողմից Հայաստանին հատկացվող խոշոր ներդրումային փաթեթին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն լավ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար, սակայն դրա արդյունավետությունը կախված կլինի ճշգրիտ և թիրախավորված իրականացումից: Նախագահը հատկապես կարևորել է ապագային միտված ուղղությունների զարգացումը, մասնավորապես նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտների խթանմանն ուղղված նախագծերի իրականացումը: Այս համատեքստում խոսվել է նաև նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում փոխգործակցության հնարավորությունների մասին:

Օլիվեր Վարհեին նշել է, որ պատրաստ են Հայաստանի հետ աշխատել նաև կորոնավիրուսի դեմ պայքարի, այդ թվում՝ նոր պատվաստանյութերի տրամադրման, պատվաստանյութերի սերտիֆիկատների ճանաչման և այլ ուղղություններով:

Թեմայի այլ նորություններ