Մարդու իրավունքների պաշտպանը Կինոյի տան գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով վարույթ է սկսել
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    60%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    24 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Մարդու իրավունքների պաշտպանը Կինոյի տան գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով վարույթ է սկսել

Մարդու իրավունքների պաշտպանը Կինոյի տան գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով վարույթ է սկսել

Մարդու իրավունքների պաշտպանը «Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության հրապարակային դիմումի հիման վրա նախաձեռնել է Կինոյի տան գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով ուսումնասիրություն: Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: 

Պաշտպանին ուղղված հրապարակային բողոքով նշվել է, որ «ավելի քան 7,5 մետր երկարությամբ և 1,2 մետր լայնությամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության այլ սակավաշարժուն խմբերի համար կառուցված և քաղաքաշինական բոլոր նորմերին համապատասխանող թեքահարթակը ամբողջովին վերացվել է, որի փոխարեն լրացուցիչ մուտք է բացվել սրճարանի համար, իսկ թեքահարթակի տեղում կառուցվել են դեպի սրճարան տանող աստիճաններ»:

«Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության դիրքորոշմամբ՝ Հայաստանի ամենամեծ կինոդահլիճը՝ Կինոյի տան 515 տեղանոց մեծ դահլիճը, ոչ միայն զրկվել է հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության այլ սակավաշարժուն խմբերի համար հարմարավետ մուտք ու ելքից, այլև խոչընդոտվել է այն նախագծերի իրականացումը, որոնցով ՀԿ-ն նախատեսում է Կինոյի տան մուտքին հարակից հրապարակում ստեղծել կանաչ ու մշակութային միջավայր:

Խնդրի բազմակողմանի և համապարփակ ուսումնասիրության նպատակով՝ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ահազանգի հիման վրա  տեղում ծանոթացել են խնդրին: Այցի ընթացքում արձանագրված խնդիրները քննարկվել են «Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Պարզվել է, որ «Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպությունը խնդրի կապակցությամբ դիմել է տարբեր պետական մարմինների, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարան և ՀՀ ոստիկանություն: Ավելին՝ շենքի պարագծով գտնվող տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ կազմակերպությունը հարցում է ուղարկել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե, սակայն վերջինիս պատասխաններից պարզ չէ, թե Կինոյի տան հարակից տարածքը համայնքային, թե մասնավոր սեփականություն է: Այս պատճառով կազմակերպության համար անհասկանալի է, թե որ պետական մարմինն է իրավասու իր կողմից բարձրացված խնդրի քննարկման և կարգավորման հարցում:

Այս պահի ուսումնասիրության արդյունքների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ քանդված թեքահարթակի փոխարեն կառուցված երկու թեքահարթակները (շենքի դիմային հատվածում և գլխավոր մուտքի աստիճանների) մատչելի, հարմար և անվտանգ չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի կարգավորման տեսանկյունից կարևոր է համարում, որ Կինոյի տան գլխավոր մուտքն ապահովող ցանկացած լուծում լինի այնպիսին, որ երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն տեղաշարժվելու իրավունքը մատչելի, հարմար և անվտանգ կերպով՝ առանց լրացուցիչ աջակցության անհրաժեշտության և խտրականության:

Խնդրի կապակցությամբ լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների պահանջով գրություններ կհասցեագրվի իրավասու պետական մարմիններին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին, որն ապահովում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով՝ Պաշտպանին վերապահված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումը, ինչպես նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության գործառույթները:

Թեմայի այլ նորություններ