ԵՄ-ն չի ասի՝ եթե ուզում եք աշխատել մեզ հետ, պետք է հրաժարվեք բոլոր մյուս գործընկերներից. Ստանոն Ռուսաստանի հետ ՀՀ հարաբերությունների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    53%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23607
  • Դոլար = 389.501

ԵՄ-ն չի ասի՝ եթե ուզում եք աշխատել մեզ հետ, պետք է հրաժարվեք բոլոր մյուս գործընկերներից. Ստանոն Ռուսաստանի հետ ՀՀ հարաբերությունների մասին

ԵՄ-ն չի ասի՝ եթե ուզում եք աշխատել մեզ հետ, պետք է հրաժարվեք բոլոր մյուս գործընկերներից. Ստանոն Ռուսաստանի հետ ՀՀ հարաբերությունների մասին

Բրյուսելում կայացած ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումն ապացուցում է, որ մենք մոտենում ենք միմյանց. սա հիմնված է ընդհանուր վճռականության վրա: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն:

«Մեր ընթացիկ աշխատանքում մենք հիմնվում ենք այն հենքի վրա, որ ունենք։ Միաժամանակ արդեն առաջ ենք տանում դա գործընկերության նոր օրակարգով, որը համաձայնեցվել է երկու ամիս առաջ և կրկին ամրապնդվել Բրյուսելում։ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի, նախագահ ֆոն դեր Լայենի, բարձր ներկայացուցիչ Բորելի և Հայաստանի վարչապետի հանդիպումը, իհարկե, ընդգծեց կամ ձևակերպեց՝ ինչ ենք ուզում անել, ինչպես ենք ուզում անել, անշուշտ, ելնելով մեր ունեցած հնարավորություններից, միաժամանակ գիտակցումից, որ մենք մեր ունեցածն ավելի ենք ընդլայնում և բերում նոր, ավելի բարձր մակարդակի, որովհետև ուզում ենք համագործակցել՝ առավել սերտ ու ընդարձակ, և առավել լայն հարցերի շուրջ ու ավելի շատ ոլորտներում»,- ասել է Ստանոն։

Անդրադառնալով Հայաստանի՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի մեխանիզմից օգտվող երկրների ցանկում ներառելու հնարավորությանը՝ նա նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են բայց ԵՄ-ում գործընթացները դանդաղում են, քանի որ որոշումների կայացման համար անհրաժեշտ է 27 երկրի համաձայնությունը: Ստանոյի խոսքով՝ նույնը վերաբերում է վիզաների ազատականացման գործընթացին:

«Այդ հարցում ուշացում չկա, քանի որ դրա համար պետք է ունենալ ժամանակացույց։ Ոչ ոք ժամանակացույց չի սահմանել։ Վիզաների ազատականացումը նման է Եվրամիության մյուս գործընթացներին: Դա շատ մանրակրկիտ, մեծապես տեխնոկրատական գործընթաց է, ի վերջո՝ նաև քաղաքական, քանի որ որոշումը պետք է հաստատեն անդամ պետությունները:

Անդամ պետությունները պետք է գտնեն լավագույն ճանապարհը՝ համոզվելու, որ իրենք գոհ են բոլոր այն չափանիշներից, որոնք կատարվել են, որ ունեն բավարար երաշխիքներ, որ վիզային ռեժիմի ազատականացումը չի չարաշահվի»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը:

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն անդրադարձել է Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հարձակումներին և սահմանազատման գործընթացին:

«Եվրամիությունը շատ հստակ մոտեցում ունի՝ պետք է հարգել միջազգային իրավունքը, այն չի կարող խախտվել։ Իսկ խնդիրները պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ։ Այդ իսկ պատճառով մենք մեծապես ներգրավված ենք՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների գործընթացին՝ լուծելու բոլոր առկա խնդիրները»,- նշել է Ստանոն, հավելել՝ ի վերջո, Ադրբեջանն ու Հայաստանը պետք է իրենք լուծումը գտնեն. ոչ ոք չի կարող կողմերին որևէ լուծում պարտադրել։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից բանակցությունների եվրոպական հարթակում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտմանը՝ Ստանոն նշել է. «Եվրամիությունն այստեղ չի կարող մրցավարի դեր խաղալ»։

Հարցին, թե միջազգային իրավունքը խախտողը չպե՞տք է արդյոք պատասխան տա, ԵՄ ներկայացուցիչը նշել է. «Մենք ունենք Միավորված ազգերի կազմակերպություն, ունենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, և ցանկացած երկիր ազատ է հարցերը բերել Անվտանգության խորհուրդ, Արդարադատության միջազգային դատարան, Միջազգային քրեական դատարան։ Սա է գոյություն ունեցող համակարգը, որը մենք ցանկանում ենք ամրապնդել»:

Ստանոն մեկնաբանել է ղարաբաղահայերի՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքի հարցը, նշել՝ այն դեռ օրակարգում է:

«Մենք շատ լավ գիտենք, թե դա ինչ ազդեցություն ունի հայ ժողովրդի վրա, հայ հասարակության վրա, որքան կարևոր է հայ ժողովրդի, բայց նաև՝ Ադրբեջանի համար։ Որովհետև այս մարդիկ Ադրբեջանից են՝ Լեռնային Ղարաբաղից: Լեռնային Ղարաբաղը մեզ համար միշտ դե յուրե եղել է Ադրբեջան»,- ասել է Ստանոն:

Նրա խոսքով՝ ղարաբաղահայերի խնդրի լուծման համար պետք է աշխատանք տանել շահագրգիռ բոլոր կողմերի հետ: «Մենք շարունակում ենք դիմել ադրբեջանցի գործընկերներին՝ երաշխիքներ տրամադրել և շատ անկեղծ ու հստակ ասել այս մարդկանց, որ նրանք կարող են վերադառնալ առանց որևէ սպառնալիքի և առանց որևէ մտահոգության, որ նրանց ունեցվածքը պետք է հարգվի, ինչպես նաև պետք է հարգվեն մշակութային և կրոնական խորհրդանիշներն ու սեփականությունը։ Այս հարցը փակված չէ, և մենք այն բարձրացնում ենք ամեն անգամ, երբ հնարավորություն ենք ունենում Հայաստանի, բայց նաև Ադրբեջանի հետ»,- նշել է խոսնակը։

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն անդրադարձել է Հայաստանի անվտանգությունը ամրապնդելու վերաբերյալ եվրոպացի նախկին պաշտոնյաների առաջարկներին:

«Մենք տեղյակ ենք տարբեր դերակատարների բազմաթիվ առաջարկների մասին, բայց ըստ Եվրամիության աշխատակարգի՝ երրորդ երկրների հետ հարաբերություններին առնչվող հարցերը քննարկվում են անդամ պետությունների կողմից, այսինքն՝ տվյալ պահին գործող կառավարությունների կողմից։ Մեր դեպքում, օրինակ, դա Արտաքին հարաբերությունների խորհուրդն է։ Նոյեմբերին, երբ արտգործնախարարները քննարկում էին Հայաստանի հետ հետագա համագործակցության հարցերը, նրանք մատնանշեցին երեք ոլորտ, որտեղ մենք կարող ենք ավելին անել՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամը, Հայաստանի տնտեսության և հասարակության դիմակայունության ամրապնդումը և վիզային ռեժիմի ազատականացումը։ Սրանք են այն ոլորտները, որոնք ԵՄ-ն նախանշել է, և որոնց վրա հենց հիմա ցանկանում է կենտրոնանալ: Մենք հստակեցրել ենք նաև այլ ոլորտներ, որտեղ ցանկանում ենք կենտրոնացնել մեր ընդլայնված համագործակցությունը՝ կապի, էներգետիկայի ոլորտ, տնտեսության ամրապնդմանը վերաբերող հարցեր: Այնպես որ, իհարկե, առաջարկները շատ են, բայց ի վերջո խոսքը Հայաստանի ներկայացրած պահանջի և ի պատասխան Եվրամիության ներկայացրած առաջարկի մասին է, և եթե դրանք համընկնեն, կարելի է պայմանավորվել»,- ասել է Ստանոն։

Պատասխանելով Ռուսաստանի հետ ինտեգրման կառույցներից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ խոսակցություններին, թե արդյոք դա «տնային աշխատա՞նք է» Երևանի համար, Ստանոն նշել է, որ Հայաստանի «տնային աշխատանքը» բարեփոխումների շարունակումն է:

«Մենք խոսում ենք Հայաստանը քաղաքական և տնտեսական առումով ԵՄ-ին մոտեցնելու մասին։ Եվ դա ներառում է, իհարկե, բարեփոխումների վրա աշխատանք՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում և բարեփոխում, իհարկե, անհրաժեշտ տնտեսական բարեփոխումներ, օրենքի գերակայության ապահովում, կոռուպցիայի դեմ պայքար։ Եվ այս հարցում Հայաստանը հսկայական աշխատանք է կատարել։ Սա գնահատվեց այսօր և շարունակում է գնահատվել: Բայց, իհարկե, կան խնդիրներ, որոնք դեռ պետք է բարելավվեն»,- ասել է Ստանոն:

Նա հավելել է, որ ԵՄ-ն երբեք չի ասել, թե իր հետ աշխատելու համար պետք է հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից: «ԵՄ-ն այն դերակատարը չէ, որ ասի՝ եթե ուզում եք աշխատել մեզ հետ, պետք է հրաժարվեք բոլոր մյուս գործընկերներից: Մենք կողմ ենք ներառական համագործակցությանը։ Եթե կարծում եք, որ ձեր շահերից ելնելով կարևոր է կամ՝ լավ է, կամ ձեռնտու է Ռուսաստանի հետ ինչ-որ համագործակցություն ունենալը, կարող եք դա ունենալ, եթե այն չի հակասում ԵՄ քաղաքականությանը, օրինակ՝ մեր պատժամիջոցների քաղաքականությանը: Այսպիսով, եթե դուք ավելի սերտ կապեր եք զարգացնում ԵՄ-ի հետ, դա չի նշանակում, որ պետք է կրճատեք ձեր կապերը որևէ այլ գործընկերոջ հետ: Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դա ձեր ինքնիշխան որոշումն է: Մենք չենք ասում՝ եթե ուզում եք մեզնից ավելին ստանալ, պետք է ազատվեք ռուսներից։ ԵՄ-ն այդպես չի աշխատում»,- ասել է ԵՄ խոսնակը:

Թեմայի այլ նորություններ