Դեռևս չեն վերականգնվել արցախահայության իրավունքները․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    26 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    60%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    26 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Դեռևս չեն վերականգնվել արցախահայության իրավունքները․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Փախստականների համաշխարհային օրվա առթիվ

Դեռևս չեն վերականգնվել արցախահայության իրավունքները․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Փախստականների համաշխարհային օրվա առթիվ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Այսօր միջազգային հանրությունը նշում է Փախստականների համաշխարհային օրը՝ դեռևս շարունակելով առերեսվել բռնի տեղահանմանը:

Այս տարի Հայաստանի և հայ ժողովրդի համար Փախստականների միջազգային օրը վերաիմաստավորվում է նաև նոր մարտահրավերների ի հայտ գալով։

2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը հանգեցրեց զանգվածային բռնի տեղահանումների:

Իրենց բնակավայրերից տեղահանվել և Հայաստանում էր հաստատվել մոտ 90.000 մարդ, որի 88 տոկոսը կանայք և երեխաներ էին: Այս մարդիկ ստիպված են եղել թողնել իրենց տունն ու սերունդների կողմից կուտակված ունեցվածքը՝ զանգվածային ոճրագործություններից փրկվելու համար:

Տեղահանվածների զգալի մասը, մասնավորապես` Շուշիից և Հադրութի շրջանից, այսօր չի կարող վերադառնալ հայրենի բնակավայրեր, քանի որ դրանք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Նրանցից շատերը կրկնակի տեղահանվածներ են, որոնք բռնի տեղահանվել էին 1990-ական թթ․ Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի արդյունքում ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո անցած և էթնիկ զտումների ենթարկված բնակավայրերից: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի հյուսիսում գտնվող գյուղերից տեղահանված հայերին, որոնց մեծ մասը բնակություն էին հաստատել Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներում։

Արցախի դեմ 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայի ժամանակ այս մարդիկ կրկնակի են դարձել փախստական` առերեսվելով ստեղծված հումանիտար ճգնաժամի հետևանքներին։

Չի իրականացվում 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որի համաձայն՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»:

Դեռևս չեն վերականգնվել արցախահայության իրավունքները և, առաջին հերթին, իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի ապահովումը և համապատասխան պայմանների ստեղծումը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքների դեօկուպացիայի միջոցով: Քաղաքականացնելով տուժած ազգաբնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու խնդիրը՝ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային կառույցների և, մասնավորապես, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքն Արցախ: Արդյունքում` ստեղծվել է աննախադեպ հումանիտար իրավիճակ, երբ ռազմական գործողությունների ավարտից ավելի քան յոթ ամիս հետո Արցախում գտնվող ներքին տեղահանվածները զրկված են համապարփակ միջազգային մարդասիրական պաշտպանությունից։

Հայաստանը բազմիցս է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հակամարտային գոտիներում բնակվող ազգաբնակչության խոցելիության հանգամանքի վրա՝ կոչ անելով ապահովել վերջիններիս պաշտպանվածությունը միջազգային իրավունքի, առաջին հերթին` մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի հիման վրա:

Դատապարտելի է փախստականների խնդիրների շահարկումը և դրանք քաղաքական ճնշման գործիք դարձնելու ամոթալի գործելակերպը:

Մարդասիրական ծրագրերի իրականացումը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված բնակչությանը հրատապ հումանիտար օժանդակության ցուցաբերումը պետք է իրականացվեն անկախ որևէ հանգամանքից, այդ թվում` տարածքի կարգավիճակից»:

Թեմայի այլ նորություններ