Չկա գաղտնի օրակարգ, որը դրված է խորհրդի անդամների առջև. այսօր կայացավ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    30 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    15 կմ/ժ
  • Լոռի 15°C
    69%
    11 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    89%
    10 կմ/ժ
  • Արարատ 17°C
    50%
    23 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    49%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    30 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    93%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.2038
  • Դոլար = 388

Չկա գաղտնի օրակարգ, որը դրված է խորհրդի անդամների առջև. այսօր կայացավ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստը

Չկա գաղտնի օրակարգ, որը դրված է խորհրդի անդամների առջև. այսօր կայացավ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստը

Այսօր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստն էր, որն ընթանում էր ուղիղ եթերով:

Նշենք, որ Խորհրդի նախագահ է նշանակվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Խորհրդի անհատական կազմում ընդգրկված են՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն»-ից՝ Մասիս Մելքոնյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանը:

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ նիստն ուղիղ եթերում հեռարձակվում է, և հետաքրքրվեց՝ առարկություններ կա՞ն։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասաց, որ զինված ուժերին վերաբերող սահմանադրական կարգավորումների հետ կապված հարցեր կան, որոնք կարիք ունեն նվազ հասանելիության պայմաններում քննարկվելու:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց․ «Հանրությանը ներկայացնելու տեսանկյունից խնդիր չունենք, բայց կարող են լինել հարցեր, որոնք առնչվում են ազգային անվտանգությանը։ Լավ կլիներ, որ նիստերը լինեն հրապարակային, եթե իհարկե խորհուրդն այլ որոշում չկայացնի»։

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն առարկություններ հայտնեց:

«Սահմանադրական նորմերին առնչվող որևէ հարց չի կարող փակ ռեժիմով քննարկվել, որովհետև փաստաթուղթն ինքնին հրապարակային է։ Առաջարկում եմ գործընթացն ամբողջությամբ դարձնել հրապարակային»։ Դանիել Իոաննիսյանն էլ հստակեցրեց, որ իր ասածը չէր վերաբերում նրան, որ սահմանադրությունում կարող են լինել գաղտնի դրույթներ։

«Կան փաստարկներ, որոնք կաշկանդված կլինենք հրապարակային ասել՝ կապված ԶՈՒ կարգավորումների հետ։ Սրա մասին էր խոսքը։ Գաղտնի բանի մասին խոսք լինել չի կարող»,-ասաց նա:

Կարեն Անդրեասյանը նիստի սկզբում նաև հայտնեց, որ ՄԻՊ Արման Թոթոյանը ներկա չէ նիստին, պատճառների մասին խոսելիս նախարարը ասաց՝ զբաղվածությունն է: Կարեն Անդրեասյանը նաև հայտնեց, որ հրավիրել են իրենց մասնակությունն ունենալու նաև ընդդիմադիր խմբակցություններին, սակայն նրանք մերժել են:

«Մեզ համար, որպես կառավարություն, կառավարության ներկայացուցիչ, շատ կարևոր է, որ գործընթացները լինեն ծայրահեղ թափանցիկ, և սա չլինի մի գործընթաց, որտեղ փակ դռների հետևում գիտնականներ կամ քաղաքական շահեր, հետաքրքրություններ ունեցող մարդիկ կհավաքվեն և կունենան ուղղակի փաստաթուղթ, որը հետո մի կերպ համոզելով կներկայացվի ժողովրդին: Կարծում եմ՝ գործընթացը պետք է պահենք հնարավորինս մասնակցային»,-ասաց նախարարը:

Նա որպես կառավարության ներկայացուցիչ հատուկ հայտարարեց. «Չկա որևէ գաղտնի օրակարգ, որը դրված է իմ կամ այս խորհրդի որևէ անդամի առջև»:

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ իր ելույթում կարևորեց սահմանադրական բարեփոխումների այնպիսի գործընթաց ունենալը, որը երկրում կբերի ոչ թե նոր բաժանումներ, այլ համերաշխություն ու համախմբում:

«Ակնհայտ է, որ բազմաթիվ հիմնավորումներ կան, թե ինչու է պետք սահմանադրական փոփոխությունների գնալ, օրինակ այն, որ գործող Սահմանադրությունը կեղծ հանրաքվեով է ընդունվել, երկրում «ֆեյք» պառլամենտական համակարգ է ներդրվել և այլն»,- նշեց Մարուքյանը: 

«Մենք պետք է կարողանանք ունենալ այնպիսի գործընթաց, որ այն ոչ թե նոր բաժանումներ բերի մեր երկրում, այլ համերաշխություն և համախմբում: Եվ պետք է ամեն ինչ անել, որ այդ համերաշխությունն ու համախմբումը լինի մայր օրենքի՝ Սահմանադրության տեքստի շուրջ: Առանց որի ես նաև չեմ տեսնում հանրաքվեի միջոցով այդ տեքստի ընդունում, եթե չեղավ հանրային լավ կոնսոլիդացիա, մեր սահմանադրական հանրաքվեի բարիերն այնքան բարձր է, որ անհնար կլինի ուղղակի թեկուզ ամենալավ գրված տեքստը դարձնել ՀՀ սահմանադրություն»,-ասաց Մարուքյանը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ իր խոսքում ընդգծեց՝ պետք է գույքագրել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են այսօր երկրին, սահմանադրական անվտանգությանը:

«Մենք պետք է հասկանանք, թե որտեղ է սահմանադրական այս կամ այն լուծումն առաջացնում խնդիր: Վերջին շրջանում, հատկապես հետպատերազմյան ընթացքում մենք հասկանում ենք, որ մեր առջև դրված մարտահրավերները մի փոքր այլ են: Առնվազն վերջին 30 տարիների ընթացքում ՀՀ-ում սահմանադրական քննարկումների առանցքում եղել են առավել զարգացած երկրների սահմանադրություններ, որոնք չեն բախվել ռազմական լուրջ կոնֆլիկտների, այսինքն՝ կրկնօրինակում ենք սահմանադրական այն մոդելները, որոնցում այլ մարտահրավերներ կան, կամ որոնց համար մարտահրավերների մի մասն այլևս մարտահրավեր չէ»,- ասաց Վարդանյանը:

Նա ընդգծեց, որ Սահմանադրությունը պայմանագիր է պետության և ժողովրդի միջև: Նա կարևոր համարեց, որ թղթի վրա գրված և իրական Սահմանադրությունը պետք է համահունչ լինեն:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ իր ելույթում նշեց, որ Խորհրդի ձևավորումը ընդհանուր առմամբ լավ է կազմակերպվել, այն բացառությամբ, որ խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել այս պրոցեսին, ինչը խնդրահարույց է:

Իոաննիսյանի կարծիքով՝ Սահմանադրության ամբողջ շարադրանքը պետք է դրվի հանրաքվեի: «Վարչապետի խոսքից զգում եմ հռետորիկայի փոփոխություն. հստակ չէ՝ գնո՞ւմ ենք սահմանադրական փոփոխությունների, թե՞ ոչ»,- նշեց Իոաննիսյանը

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ,  Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Եղիշե Կիրակոսյանն էլ իր հերթին սահմանադրական բարեփոխումների գործընթացի համար կարևորեց ճշգրիտ մեթոդաբանության ընտրությունը:

Կիրակոսյանն անդրադարձավ նաև նրան, թե ինքն ինչն է կարևորում սահմանադրական բարեփոխումների գործընթացում:

«Կարծում եմ՝ սահմանադրական բարեփոխումները, լինելով բարդագույն իրավաքաղաքական պրոցես, առաջնային ամենակարևոր մոտեցումը պետք է լինի ճշգրիտ մեթոդաբանության ընտրությունը՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացը հաջողությամբ սկսելու, տանելու և ավարտին մոտեցնելու ուղղությամբ»,-ասաց Կիրակոսյանը՝ կարևորելով հրապարակայնությունը, կոմունիկացիաները:

Անդամները նիստի ընթացքում նաև ընգծեցին, որ քաղաքացիները նույնպես կմասնակցեն սահմանադրական բարեփոխումների ընթացքին:

Ի սկզբանե խորհրդի անդամները որոշել էին, որ նիստը կտևի մինչ 18:00: Կարեն Անդրեասյանը նշեց, որ հաջորդ նիստին, որը հուսով է կլինի շուտով, կհասցնեն քննարկել ավելի շատ հարցեր:

Թեմայի այլ նորություններ