Ժողովուրդը պետք է որոշի, թե որ մոդելով է ուզում գնալ առաջ. Վարդանյանը՝ երկրի կառավարման մոդելի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    51%
    3 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    82%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    66%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ժողովուրդը պետք է որոշի, թե որ մոդելով է ուզում գնալ առաջ. Վարդանյանը՝ երկրի կառավարման մոդելի մասին

Ժողովուրդը պետք է որոշի, թե որ մոդելով է ուզում գնալ առաջ. Վարդանյանը՝ երկրի կառավարման մոդելի մասին

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը սահմանադրական բարեփոխումների գործընթացում կարևորում է ոչ այնքան երկրի կառավարման մոդելների  վերաբերյալ քննարկումը, այլ քննարկումը՝ իշխանությունների թևերի միջև բալանսավորման, հակակշիռների մեխանիզմների առնչությամբ: Վարդանյանը նման տեսակետ հայտնեց  Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում:

«Երևի թե գլխավոր խնդիրը, որ պետք է լուծենք միասին, այն է՝ նախ և առաջ գույքագրենք այն խնդիրները, որոնք այսօր խոչընդոտում են երկրի սահմանադրական անվտանգությանը: Մենք պետք է հասկանանք, թե որտեղ սահմանադրական այս կամ այն լուծումն առաջացնում է խնդիր, որը լուծում է պահանջում»,-ասաց Վարդանյանը:

Ըստ նրա՝ հատկապես հետպատերազմյան շրջանում հասկանալի է դառնում, որ մարտահրավերները մի փոքր այլ են, առնվազն վերջին 30 տարիներ ընթացքում ՀՀ-ում սահմանադրական քննարկումների և սահմանադրական տարբեր առաջարկների հիմքում ընկած են եղել առավել զարգացած պետությունների սահմանադրություններ: «Կրկնօրինակում ենք կամ վերցնում ենք այն պետության սահմանադրական մոդելները, որոնցում այլ մարտահրավերներ կան: Եվ տեսնում ենք, որ մեր իրականության մեջ այն դեպքից դեպք բերում է լուրջ խնդիրների»,-ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների համատեքստում քննարկվող հարցին՝ կիսանախագահական, նախագահական, խորհրդարանական համակարգերին առնչվող՝ նա ասաց. «Կներեք, ես այս քննարկումը որոշակի առումով կեղծ եմ համարում՝ առանց նսեմացնելու որևիցե կարծիք և որևիցե մոդել: Երեքն էլ գոյության իրավունք ունեն: Խնդիրն այն է, որ այս աբստրակցիայի ենթարկված մոդելները այնպիսի դրսևորումներ են ստանում այս կամ այն երկրում, որ օրինակ խորհրդարանական մոդելի երկիրը շատ ավելի նման է նախագահականին, նախագահականը շատ ավելի նման է խորհրդարանականին և այլն»:

Նա հիշեցրեց՝ Հայաստանում 1991-1995 թթ եղել է նախագահական կառավարման ձև, սակայն, ըստ նրա՝ դա բովանդակային առումով բավականաչափ հեռու է եղել նախագահական կառավարման համակարգից՝ համեմատելով դասական մոդելի՝ օրինակ` Միացյալ Նահանգների հետ: «Այնուհետև ձևավորվեց կիսանախագահականը, որն առավելապես մոտ էր նախագահական կառավարման ձևին: Իհարկե վերջին խոսքն այստեղ սահմանադիրինն է, ժողովուրդը պետք է որոշի, թե որ մոդելով է ուզում գնալ առաջ: Մենք կարող ենք խոսել միայն այն թրենդների մասին, որոնք առկա են: Երևի այստեղ ոչ թե այնքան մոդելները պետք է քննարկենք, այլ պետք է հասկանանք, թե իշխանությունների թևերի միջև բալանսավորման, զսպումների և հակակշիռների ինչ մեխանիզմ ենք մենք առաջարկում, որը հնարավորություն է տալիս ապահովել և սահմանադրական կայունություն, և սահմանադրական զարգացում»,-ասաց Վարդանյանը:

Թեմայի այլ նորություններ