Ռուբինյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    63%
    17 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    58%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    63%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    63%
    17 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    85%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23765
  • Դոլար = 387.646

Ռուբինյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման վերաբերյալ

Ռուբինյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունը կողմ է, որպեսզի առանց նախապայմանների Թուրքիայի հետ սահմանները բացվեն և հարաբերությունները օր առաջ կարգավորվեն, դա բխում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերից։ Ազգային ժողովում  ունեցած ելույթում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։

Խամոյանը հետաքրքրվեց, թե ինչ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև։

«Պարոն Արշակյան, արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ հանդիպումը անցել է դրական ու կառուցողական մթնոլորտում։ Ինչպես փաստել էր ձեր գործընկերները, քանի որ երկրում կարևոր գործընթացներ են տեղի ունենում, ի վերջո, կարո՞ղ եք գործընթացների մասին տեղյակ պահել և տեղեկացնել հանրությանը ինչ դրական և կառուցողական մթնոլորտի մասին է խոսքը։ Նաև կարո՞ղ եք պարզաբանել, թե որտեղ է ձեռք բերվել հատուկ ներկայացուցիչներ ունենալու այդ պայմանավորվածությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու փորձ անելու համար»,- հետաքրքրվեց Խամոյանը։

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանն ի պատասխան նշեց, որ Հայաստանի անկախության հաստատումից ի վեր և այն ժամանակ, երբ Թուրքիան սահմանները փակել է, Հայաստանի կողմից դիրքորոշումը միշտ եղել է այն, որ ՀՀ-ն կողմ է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը։

«Այդ տրամաբանությունը չի փոխվել, Հայաստանի Հանրապետությունը այժմ էլ հանդես է գալիս այդ դիրքերից, և մենք առանց նախապայմանների կողմ ենք, որպեսզի սահմանները բացվեն և հարաբերությունները օր առաջ կարգավորվեն։ Դա բխում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերից։ Ինչ վերաբերվում է հանդիպման ընթացքում տեղի ունեցած բանակցություններին, այն հաղորդագրությունը, որ ԱԳ նախարարությունը տարածել է, ըստ էության, բնութագրում է բանակցությունների ընթացքը։ Իսկ եթե դուք ցանկանում եք ավելի խորը և ավելի համապարփակ տեղեկություն ստանալու հենց բանակցությունների բուն ընթացքի վերաբերյալ, կարծում եմ, որ թե գործընկերային, թե ինստիտուցիոնալ տեսանկյունից բոլոր մեխանիզմները կան, որպեսզի մենք նման քննարկում ունենանք և դուք կարողանաք ձեր հարցերը ուղղել»,- ընդգծեց Հակոբ Արշակյանը։

Խամոյանին չբավարարեցին Հակոբ Արշակյանի պատասխանները, որից հետո  Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը փորձեց մանրամասներ ներկայացնել Թուրքիայի ներկայացուցչի հետ հանդիպումից։

«Եթե կհիշեք, դեռևս նախորդ տարի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց, որ կա գործընթաց և հայկական կողմը խոսել է ռուսական կողմի հետ Թուրքիայի հետ հնարավոր գործընթաց սկսելու վերաբերյալ, որը հետագայում հաստատեց Հայաստանի ԱԳ նախարարությունը, որից հետո Թուրքիան հայտարարեց հատուկ ներկայացուցիչ նշանակման մասին, որը ողջունեց Հայաստանի ԱԳ նախարարությունը և նշեց, որ նույնպես հատուկ ներկայացուցիչ կնշանակի, որից հետո թուրքական կողմը նշանակեց իր հատուկ ներկայացուցչին, որից հետո հայկական կողմը նշանակեց իր հատուկ ներկայացուցչին։ Այդպես է ձեռք բերվել պայմանավորվածությունները։

Բուն տեղի և վայրի վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք է բերվել ռուսական կողմի օգնությամբ, հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում արտաքին գործերի նախարարության ընդունելությունների տանը։ Հարցրեցիք, թե ի՞նչ նկատի ունեք կառուցողական մթնոլորտ ասելով։ Նկատի ունենք կառուցողական մթնոլորտ։ Հանդիպման արդյունքում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունը հրապարակել են մամուլի հաղորդագրություններ, որոնցում ներկայացվել է, թե ինչ են քննարկել հատուկ ներկայացուցիչները։ Հաղորդագրությամբ հանդես է եկել նաև Ռուսաստանի ԱԳ նախարարությունը»,- եզրափակեց Ռուբինյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ հունվարի 13-ին ԱԺ նախագահը կարգադրություն է ստորագրել, որի համաձայն հունվարի 13-15-ը Մոսկվա է գործուղվել ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, դրան համապատասխան էլ գործուղման ծախսեր:

Նա ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց`Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի ներկայացուցչի հետ բանակցություններ վարել է Ազգային ժողովի կողմի՞ց, թե ի՞նչ այլ նպատակով է Մոսկվա մեկնել ԱԺ բյուջեի հաշվին: Հակոբ Արշակյանն էլ ասաց. «Պետության կողմից բանագնաց է ներկայացված և, ըստ այդմ, բանագնացի գործուղման ծախսերը նույնպես պետությունն է հոգում»:

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, թե պետության կողմից Ազգային ժողովը լիազորե՞լ է արդյոք ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին Հայաստանի անունից բանակցություններ վարել Թուրքիայի հետ, ԱԺ խորհրդում այդ հարցը քննարկվե՞լ է, որ գործուղում են Ռուբինյանին: «Յուրաքանչյուր բանակցության ժամանակ գոյություն ունի պատվիրակություն, պատվիրակության ղեկավար, գոյություն ունի համապատասխան ընթացակարգ, թե ինչ օրակարգով , ինչ ժամկետներով ու ինչ ֆինանսավորմամբ է գործուղվում պատվիրակությունը տվյալ երկիր: Այս դեպքում այդ բոլոր պրոցեդուրաները պահվել են»,-ասաց Հակոբ Արշակյանը` նշելով, թե ընդդիմադիրների մյուս բոլոր հարցերին կարող են հավելյալ պատասխանել:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին նյարդայնացնում են ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարությունները, թե Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացները տեղի են ունենում գաղտնի։ Ազգային ժողովի ամբիոնից իր ելույթում Ռուբինյանն ընդգծեց, սա միակ դեպքն է, երբ սկսվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթաց, և այդ գործընթացի առաջին իսկ կետը հրապարակային է։

Ռուբինյանն ընդգծեց՝ մինչ այս պահը չի եղել մի իրադարձություն, որի մասին Հայաստանի ԱԳ նախարարությունը չի տեղեկացրել։

«Երբ ասում եք տեղի է ունենում գաղտագողի գործընթացներ, ինձ ամենաշատը սա է նյարդայնացնում, որովհետև, հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում Թուրքիայի հետ տեղի են ունեցել բանակցություններ բոլոր նախագահների օրոք, ընդ որում՝ տարբեր ֆորմատներում։ Ի՞նչ եք կարծում, այդ ընթացքում քանի՞ տոկոսն է եղել գաղտնի և քանիսը բաց։ Ավելի շատ տոկոսը եղել է գաղտնի, քան բաց։ Օրինակ՝ նույն ֆուտբոլային դիվանագիտությունը, որի հրապարակային մասը սկիզբ է առել Սերժ Սարգսյանի օրոք։ Ըստ ձեզ, այդ գործընթացի ոչ հրապարակային մասը սկիզբ է Սերժ Սարգսյանի նախագահության օրո՞ք։ Ոչ, սկիզբ է առել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ Հարց, արդյոք գաղտագողի գործընթացներ էին տեղի ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև և ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք չէր հայտարարվում գաղտնի բանակցությունների մասին, որովհետև այն ինչ հիմա դուք անում եք, ներողություն եմ խնդրում, երեսպաշտության տպավորություն է ստեղծում։ Այս գործընթացը միակ դեպքն է, երբ սկսվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթաց, և այդ գործընթացի առաջին իսկ կետը հրապարակային է»,- ասաց Ռուբինյանը:

«Հատուկ ներկայացուցչը մեր դեպքում պաշտոն չէ, այլ գործառույթ է։ Այսինքն՝ ես չեմ նշանակվել որևէ պաշտոնի, ես ինչպես Ազգային ժողովի նախագահի տեղակալ եմ, այնպես էլ շարունակում եմ հանդիսանալ, բայց իրականացնում եմ հատուկ ներկայացուցչի գործառույթը, որը ինձ պատվիրակվել է հրապարակայնորեն, այդ թվում՝ փաստվել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարության հայտարարությամբ։

Հաջորդը, հարցնում եք, թե ինչո՞ւ է բյուջեի հաշվին մեկնել, բա ինչո՞վ պետք է մեկնեմ։ Այսինքն՝ ինչ ծրարով պետք է փող ստանայի՞ և գնայի՞։ Բյուջեի գումարով եմ մեկնել։ Հարցնում եք, թե ինչո՞ւ եմ Ազգային ժողովի բյուջեով մեկնել։ Ի՞նչ է՝ Ազգային ժողովը մի կառույց է, որը պետության հետ կապ չունի՞։ Ազգային ժողովի նախագահը լիազորություն ունի ցանկացած պատգամավորի գործուղել որևէ վայր և դրա համար կան համապատասխան ընթացակարգեր, որոնք ապահովում են տոմսի գնումը, հյուրանոցը և այսպես շարունակ»,- եզրափակեց Ռուբինյանը։

Ռուբեն Ռուբինյանը լիովին անհիմն է համարում իր՝ Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեղադրանքները։

«Նկատած կլինեք, որ ես բավականին համբերատար մարդ եմ, գուցե, նաև բարեհամբույր, բայց ես ճի՞շտ լսեցի, որ այս դահլիճում որևէ մեկը ինձ մեղադրեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ։ Ուրեմն լսեք ինձ, տիկին Խամոյան, («Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյան- խմբ․) և ձեր ամբողջ խմբակցություն, այստեղ որևէ մեկը կա՞, որ կարող է կանգնել ու իմ դիմաց ասել, որ ես ազդեցության գործակալ եմ։ Այդպիսի մարդ այստեղ չկա և չի կարող լինել։ Ինչո՞ւ, որովհետև նախ դա լիապես անհիմն պնդում է, և երկրորդը՝ ի պատասխան դրա ես կարող եմ մոռանալ իմ համբերատար և բարեհամբույր լինելը»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Ռուբինյանը։

Ռուբինյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին հորդորեց կարգի բերել իրենց խմբակցության պատգամավորներին։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հունվարի 14-ին հաղորդագրություն էր տարածել Մոսկվայում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպման վերաբերյալ։ «Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»,- ասված էր հաղորդագրության մեջ։ Ավելի ուշ նույնաբովանդակ հաղորդագրություն էր տարածել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: 

Թեմայի այլ նորություններ