Քաղաքական ճանապարհային քարտեզն այսօր․ տեղեկագիր (01.04.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    82%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    59%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    61%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Քաղաքական ճանապարհային քարտեզն այսօր․ տեղեկագիր (01.04.2021)

Քաղաքական ճանապարհային քարտեզն այսօր․ տեղեկագիր (01.04.2021)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը, տարածաշրջանային կոմունիկացիոն ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին և այս ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր։

Առանձնակի ընդգծվել է հումանիտար պայմանավորվածությունների կատարման կարևորությունն ու տարածաշրջանում կայունության ամրապնդման անհրաժեշտությունը։ Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։
 
Կայացավ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը՝ 
 

Այսօր Երևանում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի բնակիչներին ուղղված հումանիտար աջակցության հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և առողջապահության ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի և փորձագիտական խմբերի աշխատանքներին առնչվող հարցերին: 

ՀՀ ֆինանսների նախարարություն. Պետական գնումների ընթացակարգերի միջոցով կգործարկվի միջանկյալ մեխանիզմ՝ օժանդակելու տեղական արտադրությանը՝
 

ՀՀ կառավարությունը մարտի 31-ին կայացած նիստում սահմանել է պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի կիրառման պայմանները: Սահմանված կարգավորումներով նախատեսվում է հակաճգնաժամային տնտեսական արձագանքման միջոցառումների համատեքստում՝ պետական գնումների ընթացակարգերի միջոցով, գործարկել միջանկյալ մեխանիզմ՝ նպատակ ունենալով ժամանակավոր սուբսիդավորման միջոցով խթանել տեղական արտադրությանը:

«Մեկ միլիոն դրամը գերազանցող և մրցակցային ձևով կնքված բոլոր պայմանագրերի կողմին՝ մատակարարին, շինարարին, ծառայություններ մատուցողին, առաջարկվում է օգտվել պետական բյուջեից սուբսիդիաներ ստանալու մեխանիզմից: Մասնավորապես, եթե այդ կազմակերպությունները իրենց պայմանագրերը կատարելիս աշխատանքների ընթացքում ավելի քան 50 տոկոս կօգտագործեն տեղական ծագման ապրանքներ, պետական բյուջեից կստանան պայմանագրի 1 տոկոսի չափով սուբսիդավորում»,-կառավարության նիստում ներկայացնելով կատարվող փոփոխությունները, ասել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:

Այսպես, մեխանիզմի գործարկումն նախատեսվում է իրականացնել հետևյալ կարգով՝

  • պայմանը կիրառել 2021թ. ընթացքում պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին մրցույթով, գնանշման հարցմամբ կամ էլեկտրոնային աճուրդով կազմակերպվող գնման այն ընթացակարգերի վրա, որոնց շրջանակում կնքվող պայմանագրի գինը գերազանցում է 1 մլն դրամը.
  • պայմանագիրը կատարելու ժամանակ օգտագործվելիք հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և/կամ արտադրական ռեսուրսների (նյութերի) նվազագույն չափը սահմանել առնվազն 50%-ը՝ հանրագումարային ձևով, իսկ փոխհատուցման չափը՝ պայմանագրի գնի 1%-ը.
  • մեխանիզմի կիրառումը նախատեսել որպես մասնակցին ընձեռված հնարավորություն, որից վերջինս կարող է հրաժարվել.
  • փոխհատուցումն իրականացնել պայմանագրի արդյունքը պատվիրատուի կողմից ընդունվելուց հետո, պայմանով, եթե հաստատվում է օգտագործված ռեսուրսների

«Այս փոփոխություններով մենք փորձել ենք մի քանի խնդիր լուծել. մի կողմից նպաստել տնտեսության լիկվիդայնության աճին, մի կողմից՝ մեղմել պետական գնումներին մասնակիցների ծախսերը, իսկ մյուս կողմից՝ աջակցել տեղական արտադրության խթանմանը», -ընդգծել է Կարեն Բրուտյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն․ Փոփոխվեց բուհերի ընդունելության գործընթացը. հիմնական փուլի մրցույթն անցկացվում է մեկ մասնագիտության հայտագրմամբ՝ 
 

Բուհերի դիմորդներն այս տարի ընդունելության հայտագրման առաջին փուլում կընտրեն մեկ բուհ` մեկ մասնագիտություն, անվճար և վճարովի համակարգերը միաժամանակ: Կառավարությունն ապրիլի 1-ի նիստում հաստատել է բուհերի ընդունելության կարգում փոփոխություն կատարելու մասին որոշումը: Նախագիծը ներկայացնող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նոր կարգում կատարված հիմնական փոփոխությունները վերաբերում են ընդունելության քննությունների և մասնագիտությունների հայտագրմանը, ժամկետներին և ձևաչափին։

Ըստ այդմ` ընդունելության հայտագրումը կկատարվի երկու փուլով, էլեկտրոնային` առցանց եղանակով: Հիմնական կամ առաջին փուլում դիմորդները հնարավորություն կունենան ընտրելու միայն մեկ բուհի մեկ մասնագիտություն՝ ի տարբերություն նախկինի, երբ դիմորդը կարող էր հայտագրել մինչև 2 անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտություն: Սա կարգում կատարված ամենալուրջ փոփոխությունն է:

Կենտրոնացված, ներբուհական և առաջին փուլի միասնական քննությանը մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, դիմորդը ԳԹԿ-ի կայքում լրացնում է ընդունելության դիմում-հայտը` ըստ հաստատված ձևի: Ընդ որում՝ դիմորդը մինչև հայտագրման ավարտը կարող է կատարել նախընտրած բուհի և մասնագիտության փոփոխություն: ԳԹԿ-ն պարտավոր է ապրիլի 1-ից սկսած առնվազն հինգ անգամ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել հայտարարություն, որտեղ կնշվեն ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսելու և ավարտելու ժամկետները, նախորդ տարիների շրջանավարտների ընդունելության դիմում-հայտերն ընդունող հանրակրթական ուսումնական հաստատությունների անվանումները:

«Ընդունելության քննությունների ավարտից և ընդունելության հիմնական փուլի արդյունքների ամփոփումից հետո, ըստ թափուր մնացած տեղերի, կկատարվի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրումը, որին կարող են մասնակցել ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները: Լրացուցիչ փուլում դիմորդները հնարավորություն ունեն հայտագրելու 6 այնպիսի մասնագիտություն, որոնց ընդունելության համար պահանջվող միասնական քննությունները դիմորդն արդեն հանձնել է` հաղթահարելով դրական միավորի նվազագույն շեմը»,- նշել է Վ. Դումանյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ այս տարի բուհերի դիմորդները հանձնելու են երկու քննություն, ինչը կբացառի նախորդ տարի առաջացած չնախատեսված խնդիրները, որոնք առաջ էին եկել, նաև համավարակով պայմանավորված, մեկ քննությամբ ընդունելություն կատարելու պատճառով:

Լրացուցիչ փուլի հայտագրումը կատարվելու է հուլիսի 19-26-ը՝ դիմում-հայտը առցանց լրացնելու տարբերակով:

Պարզաբանելով որոշումը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նոր կարգն ընդունելության գործընթացն առավել հստակեցնելու հնարավորություն կտա:

Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկաներից դիմորդն ունի դրական գնահատական և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:

Հիմնական և լրացուցիչ փուլի մրցույթի անցկացման ժամանակ նախապատվությունը տրվում է տվյալ մասնագիտության քննություններից առավել բարձր միավորներ ունեցող դիմորդին:

Հայտագրման այս եղանակը հնարավորություն է տալիս մասնագիտական հստակ կողմնորոշվածություն ունեցող դիմորդներին բուհ ընդունվել՝ նվազեցնելով պատահական կամ չնախընտրած մասնագիտություններով բուհ ընդունվելու խնդիրը:

Հավելենք, որ Կառավարությունը 2021-22 ուսումնական տարվա համար բակալավրի կրթական ծրագրով հատկացրել է 2918 անվճար և 22.300 վճարովի տեղ:

 
ՀՀ պետական բյուջեից հատկացվեց 590 մլն 440 հազար դրամ՝ Արցախյան պատերազմի մասնակիցներին, նրանց զավակներին, կնոջը կամ ամուսնուն ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու նպատակով՝ 
 

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 590 մլն 440 հազար դրամ՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի մասնակիցներին, նրանց զավակներին, կնոջը կամ ամուսնուն ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու նպատակով։

Նախագիծը ներկայացնող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ համաձայն որոշման` մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում կստանան ևս 2840 ուսանողներ, որոնցից 2651-ը՝ բարձրագույն, 189-ը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող։ Նախարարի խոսքով` նշված որոշման շրջանակում փոխհատուցումից կօգտվեն ԲՈՒՀ-երի և ՄՄԿՈՒ հաստատությունների կողմից հավաքագրված և 2021 թվականի փետրվարի 10-ի դրությամբ ԿԳՄՍ նախարարություն ներկայացված շահառուները։

Վահրամ Դումանյանը նաև հիշեցրել է, որ մինչ այդ՝ 2021 թվականի փետրվարի 4-ի նիստում Կառավարությունը որոշում էր կայացրել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից ԿԳՄՍ նախարարություն ներկայացված շահառուների քանակով ուսման վարձի փոխհատուցում հատկացնել 1373 ուսանողի, որոնցից 1303-ը՝ բուհերի, իսկ 70-ը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորող։ Այդ նպատակով հատկացվել էր 304 մլն 960 հազար դրամ։

Վերոնշյալ երկու որոշումներով ընդհանուր առմամբ Կառավարությունն արդեն հատկացրել է շուրջ 895 մլն 400 հազար դրամ գումար, որով 4213 ուսանողի կտրվի մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում: Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ` ծրագրում ընդգրկված շահառուների 82 տոկոսը ՀՀ պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներ են, 18 տոկոսը` ոչ պետական հաստատությունների ուսանող: Ընդհանուր առմամբ պատերազմի մասնակիցներին ուսման վարձի փոխհատուցման սոցիալական ծրագրի պոտենցիալ շահառուների թիվը հասնում է մոտ 7 հազարի: 2020 թ.-ի Արցախյան պատերազմի մասնակից ուսանողներին և մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն տրվող՝ մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման գործընթացը շարունակական է:

Ներկայումս արդեն ամփոփվել են ևս 1905 ուսանողների տվյալները: Նրանց 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման չափը կազմում է շուրջ 408 մլն 989 հազար դրամ։ Կառավարության համապատասխան որոշումները կկայացվեն առաջիկայում:

Նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ փոխհատուցման մասին որոշումը կայացվել է ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10-ի նիստում և ներառված է եղել հետպատերազմական միջոցառումների ճանապարհային քարտեզով նախատեսված գործողությունների ցանկում:

«Նախապես նախատեսված էր, որ պատերազմական գործողությունների մասնակիցներին և նրանց զավակներին, կնոջը կամ ամուսնուն կհատկացվի 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում, սակայն հետագայում ծրագիրը կիրառվեց՝ որպես մեկ կիսամյակի ուսման վարձի հատուցման ծրագիր: Այսինքն` եթե կան ծառայության մեջ գտնվող ուսանողներ, որոնք դեռևս ծառայում են կամ զորացրվել են որոշման ընդունումից հետո, անպայման ստանալու են մեկ կիսամյակի վարձի փոխհատուցումը»,- նշել է վարչապետը: Այդ նպատակով սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 2008-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը՝ հստակություն մտցնելու համար։

Նշենք, որ ծրագրի շահառու կարող է հանդիսանալ առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի՝ բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և կլինիկական օրդինատուրայի սովորողը, եթե նա անձամբ կամ նրա ծնողը, ամուսինը մասնակցել են մարտական գործողություններին:

Մարտական գործողություններին մասնակցությունը հավաստվում է Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինվորական կոմիսարիատ) կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ:

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է բուհին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, Զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցությունը հավաստող փաստաթուղթ:

Ըստ անհրաժեշտության՝ բուհը կարող է պահանջել նաև լրացուցիչ փաստաթղթեր (ծննդյան վկայական, ամուսնության վկայական, ծնողի անձնագիր, ամուսնու անձնագիր և այլն):

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն․ հաստատվեց սոցիալական ծրագիր, որով պետական աջակցություն հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին աշխատանքի ընդունած գործատուները՝ 
 
Ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց աշխատանքի ընդունող գործատուները կստանան պետական աջակցություն։

Աջակցությունը կտրամադրվի աշխատավարձից վճարված եկամտային հարկի չափով՝ եռամսյակում առավելագույնը 100 հազար դրամ, իսկ անհրաժեշտության դեպքում կտրամադրվի նաև միանվագ մինչև 500 հազար դրամ՝ աշխատատեղի հարմարեցման նպատակով։

Միջոցառումից օգտվելու համար գործատուն դիմումը պետք է ներկայացնի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը. դիմումի ձևը պատրաստ կլինի ապրիլի 15-ից հետո։
 
Քաղաքացիները մեկ պատուհանի սկզբունքով կարող են օգտվել սոցապահովության ծառայության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և սոցաջակցության ոլորտների ծառայություններից․ գործարկվեց նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը՝
 

Այսուհետ քաղաքացիները մեկ պատուհանի սկզբունքով կարող են օգտվել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական աջակցության ոլորտներին առնչվող ծառայություններից․ այսօրվանից՝ ապրիլի 1-ից գործում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը։

Նոր կառույցի գործունեության մեկնարկը տրվել է Տավուշից. ՄՍԾ Դիլիջանի տարածքային կենտրոնում նախարար Մեսրոպ Առաքելյանն ազդարարել է համակարգի գործարկման մասին՝ նշելով, որ այն առավել հասցեական ու համակարգված կդարձնի ոլորտի աշխատանքները և կբարելավի սոցիալական ծառայությունների որակը․

«Տարածքային միավորումից զատ, մենք կարևորում ենք նաև սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող անձանց միասնական կարիքների գնահատումն ու առավել հասցեական ծառայությունների մատուցումը։ Այս գործընթացը միանշանակ նպաստելու է սոցիալական աշխատանքի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը։

Սա ընդամենը բարեփոխման մեկնարկն է, քանի որ այս ուղղությամբ աշխատանքներն ահռելի են և շարունակական»,- նշել է նախարարը։

Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ ՄՍԾ 49 տարածքային կենտրոններում քաղաքացիներն սպառիչ ու ամբողջական տեղեկատվություն կստանան իրենց հուզող հարցերի մասին, կսպասարկվեն մեկ պատուհանի սկզբունքով՝ խնայելով ժամանակ և խուսափելով տարբեր կառույցներ այցերից։

ՄՍԾ ներդրումը հնարավորություն կտա բարձրացնել սոցիալական ծառայությունների որակը և ապահովել ընտանիքի կարիքներին համապատասխան բազմաբնույթ ու միասնական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրումը։

Թեմայի այլ նորություններ