«Փաստ» թերթի կեղծ պնդման հետքերով. Արսեն Թորոսյանը պատվաստվել է ռուսական պատվաստանյութով․ FIP.AM
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    84%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    43%
    13 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    94%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    56%
    9 կմ/ժ
  • Արցախ 15°C
    88%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20481
  • Դոլար = 388.01

«Փաստ» թերթի կեղծ պնդման հետքերով. Արսեն Թորոսյանը պատվաստվել է ռուսական պատվաստանյութով․ FIP.AM

«Փաստ» թերթի կեղծ պնդման հետքերով. Արսեն Թորոսյանը պատվաստվել է ռուսական պատվաստանյութով․ FIP.AM

«Փաստ» թերթը նոյեմբերի 3-ի համարում հոդված է հրապարակել` պնդելով, թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարվել է ձեռք բերել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը։

««Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ոչ առանց անձնական շահագրգռվածության, հրաժարվել է Covid-19-ի՝ ռուսական արտադրության պատվաստանյութ գնելուց»,- գրել է թերթը։ 

«Փաստը» նաև պնդել է, որ Թորոսյանը այլ՝ ոչ ռուսական կազմակերպությունների հետ պայմանավորվածություններ ունի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «խորհրդով» ու «պասերով»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է գնալ «Փաստ» թերթի այս պնդումների հետքերով։

Թորոսյանը պատվաստվել է ռուսական պատվաստանյութով

Թերթի պնդումը, թե Արսեն Թորոսյանը «ոչ առանց անձնական շահագրգռվածության» հրաժարվում է ձեռք բերել ռուսական պատվաստանյութ, չի համապատասխանում իրականությանը։ Նախ նշենք, որ դեռ նոյեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Հայաստանին է տրամադրել «Սպուտնիկ V» պատվաստանյութի փոքր չափաբաժին՝ մի քանի կամավորների պատվաստելու համար։ 

Fip.am-ի հետ զրույցում «Փաստի» պնդումները հերքեց նաև նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Ավելին՝ նա նշեց, որ նախարար Թորոսյանը կամավոր է ռուսական պատվաստանյութի փորձարկումներում․ «Նախարարը պատվաստվել է, ստացել առաջին դեղաչափը։ Ժամանակը լրանալուց հետո կստանա նաև երկրորդը»։

Հայաստանը չի մերժում ռուսական պատվաստանյութերը, հստակ պայմանավորվածություններ չկան

Լրատվականի մյուս պնդումը, թե Հայաստանը պայմանավորվածություններ ունի այլ՝ ոչ ռուսական կազմակերպությունների հետ, ևս չի համապատասխանում իրականությանը։ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ մինչ օրս որևէ երկրի հետ հստակ պայմանավորվածություն չկա և չի լինի, քանի դեռ պատվաստանյութերը չեն անցել կլինիկական բոլոր փորձարկումները։

«Հայաստանը համագործակցում է «Կովաքս» պլատֆորմի հետ, որի հետ համագործակցում են աշխարհի 180-ից ավելի երկրներ։ Այստեղ ուսումնասիրվում են գրանցված պատվաստանյութերը, այդ թվում՝ ռուսականը»,- հայտնում է խոսնակը՝ նշելով, որ պատվաստանյութերի բոլոր հավանական թեկնածուները դեռ անցնում են կլինիկական փորձարկումներ և որևէ մեկը դեռ բոլոր փուլերը չի անցել։

Նիկողոսյանը հստակեցրեց, որ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն միայն այն դեպքում, երբ ավարտվեն բոլոր փորձարկումները, և հաստատվի ընտրված պատվաստանյութերի արդյունավետությունը։

Ռուսական պատվաստանյութի և «Կովաքսի» մասին 

«Կովաքս» պլատֆորմը, որի շրջանակում իրականացվում են նաև պատվաստանյութերի ուսումնասիրությունները, համակարգվում է մի քանի միջազգային կազմակերպության, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Gavi ալյանսի կողմից։ Հոկտեմբերի վերջին արդեն ծրագրին միացել էին 184 երկիր, իսկ փորձաքննության ենթարկվում էր 100-ից ավելի պատվաստանյութ։ Դրանց թվում է նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, որի արդյունավետությունը, կլինիկական փորձաքննության երկրորդ միջանկյալ վերլուծության արդյունքներով, առաջին դեղաչափի ընդունումից 48 օր հետո եղել 95 տոկոս։ Փորձնական պատվաստման ենթարկվել է ավելի քան 19 հազար կամավոր։ Ներկայում ընթանում է փորձարկման երրորդ փուլը։

Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ «Փաստ» թերթի պնդումները, թե Արսեն Թորոսյանը հրաժարվել է ռուսական պատվաստանյութ գնել և պայմանավորվածություններ ունի այլ կազմակերպությունների հետ, չեն համապատասխանում իրականությանը։ Թորոսյանը կամավոր է գրանցվել ռուսական պատվաստանյութի փորձարկումներում, իսկ պատվաստանյութ ձեռք բերելու պայմանավորվածություն Հայաստանը չունի ոչ մի կազմակերպության հետ։

Թեմայի այլ նորություններ