ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը ներկայացրեց 2020 թվականի Կառավարության ծրագրի արտաքին գործերի գերատեսչության կատարողականի զեկույցը:
Նախարարը նշեց, որ նախորդ տարի Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը շարունակել է մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում Հայաստանը ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Այվազյանը նախ անդրադարձավ 2020 թվականի հունվարին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպմանը, հետո՝ ապրիլի 21-ին տեղի ունեցած հանդիպմանը, որի արդյունքում համանախագահները կողմերին կոչ էին արել խստորեն հետևել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գլոբալ հրադադարի կոչին, ինչից դժգոհ էր մնացել Ադրբեջանի նախագահը՝ աշխատանքից ազատելով այդ փաստաթուղթը ստորագրած արտգործնախարարին՝ դրանով ազդարարելով խաղաղ գործընթացի տապալման իր հանձնառությունը:
ԱԳՆ-ն մեծածավալ աշխատանքներ է իրականացրել միջազգային հանրության կողմից ամրագրելու Ադրբեջանի՝ ագրեսիան հրահրողի կերպարը, ապահովելու միջազգային հանրության դիրքորոշումը ռազմական գործողություններում Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող զինյալ ահաբեկիչների ներգրավման մասին, մեծացնելու դիվանագիտական ճնշումը թուրք-ադրբեջանական դաշինքի վրա, դադարեցնելու ռազմական գործողությունները՝ նշեց Այվազյանը:
«Տարածաշրջանը թևակոխել է նոր մարտահրավերներով մի շրջան, որն առավել հրամայական է դարձնում տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության մեջ շահագրգռված գործընկերների հետ գործակցության ամրապնդումը: Միաժամանակ, դրանք ցույց տվեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա»,- նշեց նախարարը: