Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    26 կմ/ժ
  • Լոռի 12°C
    75%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    43%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    50%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    81%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում

Վեհափա՛ռ Տեր, հարգելի՛ նախագահող, հարգելի՛ պատգամավորներ, շնորհավորում եմ ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով:

Շնորհավորում եմ խորհրդարան անցած քաղաքական ուժերին և բոլոր պատգամավորներին, մաղթում հաջողություն և արդյունավետ աշխատանք: Միաժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր քաղաքացիներին՝ իրենց դիրքորոշումները այս կամ այն կերպ արտահայտելու, դրանով իսկ պետական, քաղաքական ու հասարակական կյանքին մասնակցելու համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև նախորդ գումարման խորհրդարանի պատգամավորներին՝ օրենսդիր մարմնում իրենց գործունեության համար:

Հարգելի գործընկերներ, հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին, այսինքն՝ ձեզ, հնարավորություն է ընձեռվել նախ՝ մշակել և ապա՝ իրականացնել ապագային միտված, իրական ռազմավարական ծրագրեր: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ակնկալում են, որ կգտնվեն առկա խնդիրների լուծումները, և կդրսևորվի կամք՝ Հայաստանը ուղղորդելու դեպի զարգացում, դեպի ապագա:

Այդ ապագան պետք է կերտվի ուժեղ, հավասարակշռված և առաջադեմ պետության տեսլականի շուրջ: Ապագան առանձին վերցրած մեզնից որևէ մեկի կամ առանձին կուսակցության շահերը չեն: Ապագան մենք ենք որպես մեկ ամբողջություն` միավորված ընդհանուր պատմական հիշողությամբ, ինչպես նաև մեր երեխաների, նաև նախնիների հանդեպ ունեցած պարտքով, որոնք դարեր շարունակ պայքարել են սեփական անկախ պետություն ունենալու համար:

Մենք պարտավոր ենք խորապես գիտակցել և արժևորել միջազգայնորեն ճանաչված մեր պետականության առկայության փաստը: Պետք է ամեն ինչ անել՝ պաշտպանելու և պահպանելո՛ւ համար մեր պետականությունը, պահպանելո՛ւ որպես հիմնական համազգային գաղափարախոսություն, որպես կարևորագույն համահայկական արժեք:

Հարգելի՛ բարեկամներ, արդյունավետ կառավարման էությունը ամենից առաջ ազնիվ և պատասխանատու լինելն է: Անշուշտ, պետք է լինել պրոֆեսիոնալ, աշխատասեր, կարգապահ և կազմակերպված, ունենալ տեսլական և ծրագիր: Սակայն, կրկնեմ, նախ և առաջ պետք է լինել ազնիվ և պատասխանատու: Ցանկալին որպես իրականություն ներկայացնելու փորձերը, դեմագոգիան և պոպուլիզմը ճանապարհ են դեպի փակուղի:

Պետք է ազնիվ, բաց և ուղիղ խոսենք առկա խնդիրների մասին, սթափ և սառնասրտորեն գնահատենք մեր իրական հնարավորությունները, խիզախություն ունենանք ընդունել մեր թերություններն ու սխալները և պատասխան տանք դրանց համար:

Յուրաքանչյո՛ւրս պետք է մեզ պատասխանատու զգանք մեր երկրի, մեր պետականության ապագայի համար: Եվ միայն ազնիվ ու արդար կառավարումը կարող է փոխել իրավիճակը՝ հաղթահարել հիասթափությունը, լավատեսություն սերմանել, վերականգնել և ամրապնդել կապը քաղաքացու և պետության միջև:

Եկել է ժամանակը՝ ունենալ պետություն, որը ամենայն պատասխանատվությամբ է կատարում իր հիմնական գործառույթները: Այդ թվում՝ սահմանների և բնակչության անվտանգության ապահովումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Արցախի հիմնահարցի արդար լուծումը, տնտեսության, գիտության և մշակույթի զարգացումը, արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը, մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորված պաշտպանությունը, քաղաքացիական համերաշխության ապահովումը, մարդկային ներուժի իրացման պայմանների ստեղծումը: Մեր ժողովուրդը և մեր երկիրը արժանի են դրան:

Հարգելի՛ պատգամավորներ, Այսօր առաջնահերթություն է խորը և բազմաշերտ ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնելը: Ակնհայտորեն, այդ համատեքստում առաջնային խնդիր է պառակտումը բացառելը: Մենք չենք կարող որևէ մեկին թույլ տալ՝ մեր ժողովրդին բաժանել ու տարբերակել ըստ աշխարհագրական, քաղաքական կամ որևէ այլ չափորոշիչի:

Բոլորս պետք է ունենանք մեկ գլխավոր նպատակ՝ պահպանել և զարգացնել մեր պետականությունը: Պառակտումն ու ներքին թշնամանքը մեզ միայն հեռացնում են այդ նպատակից, թուլացնում պետականության հիմքերը: Եվ այդ դեպքում՝ մեր թշնամիներին և հակառակորդներին մնում է միայն նստել ու հետևել, թե ինչպես ենք մենք, ամեն օր թուլացնում ինքներս մեզ, անուղղելի վնաս հասցնում մեր պետական իմունիտետին:

Այսօր մենք գտնվում ենք պատմական կարևորագույն փուլում: Եվ պետք է մի պարզ հարց տանք ինքներս մեզ. ի՞նչն է ավելի կարևոր` հանուն պատրանքային շահերի տեղային չակերտավոր «պատերազմնե՞րը», թե՞ Հայրենիքի հանդեպ սերը, որը մեզնից պահանջում է զոհաբերել անձնականը հանուն ընդհանուրի: Մեր անվտանգության գրավականը մեր միասնությունն է:

Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհը սրընթաց փոփոխվում է: Քաղաքական, տնտեսական, սոցիալական և տեխնոլոգիական զարգացման արդյունավետ մոդելի կառուցման համար մենք պետք է ուշադիր հետևենք և մաս կազմենք համաշխարհային նոր միտումներին և լինենք մրցունակ: Ակնհայտ է, որ սահմանափակ աշխարհաքաղաքական և բնական ռեսուրսներով, փոքր պետությունների գոյատևումը և զարգացումը առավելապես կախված են պետության որակից, պետական կառավարման որակից և մարդկային ներուժի հետ որակյալ համակարգված աշխատանքից: Մենք բացառություն չենք:

Ակնհայտ է նաև, որ մեր դեպքում, հենց մարդկային ռեսուրսը պետք է լինի ազգային և պետական շինարարության հիմքում: Մեր ունեցած այդ ռեսուրսը գտնվում է հենց Հայաստանում, և իհարկե՝ Հայաստանի սահմաններից դուրս: Սովորել ենք հպարտանալ աշխարհասփյուռ ականավոր հայերի ձեռքբերումներով: Պատմում ենք նրանց մասին, գրքեր գրում: Պարադոքսալ վիճակ է, երբ հայկական հսկայական ներուժից օգտվում է ամբողջ աշխարհը, բացի Հայաստանից:

Սփյուռքը Հայաստանի համար դրամապանակ չէ, այլ՝ նրա ազգային, պետական ինքնության կարևորագույն մասնիկը: Մեր հայրենակիցները իրավունք ունեն ազդել իրենց հայրենիքի ճակատագրի վրա: Հայաստանն ու Սփյուռքը միևնույն մեդալի երկու տարբեր կողմերն են, և այդ փաստը այլևս չի կարելի անտեսել: Եկել է ժամանակը՝ դրսևորելու քաղաքական կամք և ամրագրելու իրավական անհրաժեշտ մեխանիզմներ:

Մեխանիզմներ, որոնք մեր հայրենակիցներին հնարավորություն կտան Հայրենիքին, Արցախին օգտակար լինել պետականաշինության իրենց հմտություններով, կարողություններով, պրոֆեսիոնալիզմով, գիտելիքով, փորձով: Միևնույն ժամանակ, մենք և մեր բոլոր հայրենակիցները պետք է Հայաստանը ընկալենք որպես մեր հենման կետը:

Հարգելի՛ պատգամավորներ, պետության որակը առաջին հերթին արդյունավետ գործող պետական համակարգն է՝ կայացած, միմյանց լրացնող և հավասարակշռող ինստիտուտներով, զսպումների ու հակակշիռների գործուն մեխանիզմներով:

Մեր երկրի ճգնաժամային իրավիճակը հերթական անգամ ապացուցում է, որ մեկ մարդը, մեկ կուսակցությունը, մեկ խումբը, մեկ ինստիտուտը օբյեկտիվորեն չեն կարող կարգավորել լրջագույն և բազմաշերտ խնդիրների ամբողջությունը: Իշխանությունների տարանջատման սկզբունքը ոչ թե լիազորությունների փոխանցման, այլ՝ պատասխանատվության բաժանման մասին է:

Ուժերի հավասարակշռությունը ոչ թե նշանակում է իշխանության բաժանում հավասար չափաքանակներով, այլ՝ կոլեկտիվ պատասխանատվություն ինչպես ձեռքբերումների և հաղթանակների, այնպես էլ բացթողումների և թերությունների համար: Որպես հնագույն քաղաքակրթության կրողներ՝ մենք իրավունք չունենք մակերեսային վերաբերմունք դրսևորել պետական կառավարման հիմնարար սկզբունքների հանդեպ:

Գլխավոր ներքին առաջնահերթությունը ամուր պետական իմունիտետի ձևավորումն է: Ուզում եմ կրկնել՝ ամուր պետական իմունիտետի ձևովորումը, որը հնարավորություն կտա պետությանը պայքարել ցանկացած ոտնձգության կամ խախտման դեմ: Մեր տեսլականը պետք է կառուցվի բարձր տեխնոլոգիաների համատեքստում՝ օգտագործելով մեր հարստությունը՝ մարդկային կապիտալը:

Ահա՛ դրա հիմքերը. որպես զարգացման տնտեսական մոդելի և նոր սերնդի ռազմարդյունաբերական համալիրի հիմք՝ շեշտը դնել արհեստական բանականության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների վրա: Ժամանակակից գյուղատնտեսություն և սննդի անվտանգության վրա, որակապես մրցունակ գիտակրթական համակարգի վրա, որակյալ առողջապահական համակարգի վրա, անցում մարդակենտրոն սոցիալական-ժողովրդավարական կենսակերպի՝ միտված յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական վիճակը բարելավելուն ու արժանապատիվ կյանք ապահովելուն, և, իհարկե, սահմանադրական փոփոխություններ:

Մենք պետք է հասկանանք, որ մեզ համար սկսվում է պատմության նոր էջ՝ իր մարտահրավերներով և չսխալվելու հրամայականով: Իհարկե, ամուր և կայուն համակարգի ձևավորման համար անհրաժեշտ են մասնագիտացված հատուկ դպրոցներ, որոնք պետք է բարձրակարգ պրոֆեսիոնալներ պատրաստեն ռազմավարական նշանակության ոլորտների համար:

Կարևոր և անհրաժեշտ է՝ ձևավորել սոցիալական հավասարության վրա հիմնված համակարգ: Համակա՛րգ, որտեղ համապատասխան պայմաններ կստեղծվեն պետական և ազգային շահով առաջնորդվող շնորհալի, երիտասարդ անհատների կայացման և առաջխաղացման համար:

Խոսքը կարևորագույն մի շերտի` պետական մտածողությամբ գործիչ պատրաստելու մասին է, որը քաղաքականացված չէ, այլ՝ ծառայում է բացառապես պետության շահերին: Հիմնական սկզբունքները նույնպես պարզ են. նվիրվածությունը պետությանը, գաղափարին, կոմպետենտությունը/ իրազեկվածությունը, կայացած լինելը, համակարգված մտածողությունը և նպատակամղվածությունը:

Առանց ամուր իմունիտետի մենք կարող ենք դառնալ հեշտ թիրախ և իջնել «ձախողած պետության» մակարդակի` դրանից բխող բոլոր հետևանքներով: Իսկ պատասխանատու և արհեստավարժ մոտեցման պարագայում մենք կարող ենք հասնել լուրջ հաջողությունների: Ուստի անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները և դրսևորել նուրբ, բայց, միևնույն ժամանակ, վճռական վարքագիծ:

Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, պետության պաշտպանության արդյունավետ կազմակերպումը, Արցախի կարգավիճակի լուծումը և Ադրբեջանում գտնվող մեր գերիների վերադարձը պետք է դառնան մեր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները: Մեր դաշնակիցներն ու գործընկերները ի դեմս Հայաստանի պետք է տեսնեն հասուն, կանխատեսելի, վստահելի, ուժեղ երկիր:

Երկիր, որը, առանձնահատուկ հարաբերություններ ունենալով Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ, կարող է շատ խորը և ջերմ հարաբերություններ ունենալ և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի, և՛ Հարավի, և՛ Հյուսիսի հետ...

Մեզ համար չափազանց դժվար է լինելու գտնել մեր տեղը միջազգային հարաբերությունների համակարգում, եթե չհստակեցնենք մեր սեփական նպատակները և շարժման հետագծերը: Երկարաժամկետ հեռանկարում մենք ունենք միայն մեկ տարբերակ՝ դառնալ տարածաշրջանային մրցունակ երկիր՝ օգտագործելով մեր հսկայական համաշխարհային ներուժը:

Աշխարհը գտնվում է հետմիաբևեռ համակարգի ձևավորման ճանապարհին, որտեղ, բացի ավանդական խաղացողներից` ի դեմս մեծ տերությունների, էական դեր են ունենալու նաև փոքր, բայց սփռվածություն ունեցող ազգերը և պետությունները: Մեզ տրված է հերթական պատմական հնարավորությունը, և այն չի կարելի բաց թողնել: Մենք պետք է հրաժարվենք իմիտացիոն գործունեությունից և անցնենք բովանդակալից գործունեության:

Այլապես լավագույն դեպքում հնարավոր է՝ հայտնվենք պատմության լուսանցքում: Իսկ բովանդակալից գործունեության դեպքում լինելու ենք այն, ինչի մասին խոսում էի՝ տարածաշրջանային մրցունակ, ուժեղ երկիր: Հանրապետության նախագահի աշխատակազմը պատրաստ է իր սահմանափակ սահմանադրական հնարավորությունների շրջանակում գործնական, կոնկրետ ներդրում ունենալ բովանդակալից պետության կառուցման մեջ, պետությո՛ւն, որը իր վրա կվերցնի ազգը դեպի ապագա առաջնորդելու պատասխանատվությունը:

Հարգելի՛ գործընկերներ, ձեզ մեծ պատիվ և արտոնություն է ընձեռված: Հիշե՛ք սա և գնահատեք: Մաղթում եմ բոլորիդ հաստատակամություն, քաղաքական իմաստնություն, խիզախություն և ամենայն բարիք:

Թեմայի այլ նորություններ