ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Այն ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
Նշենք, որ մինչ արտահերթ նիստը, այս նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ներկայացմամբ` առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունելուց հետո առկա էր բովանդակային և իրավական առումով որոշակի վերապահումներ և փոփոխությունների ու լրացումների անհրաժեշտություն:
Էկոնոմիկայի նախարարության Հանրային ներդրումների քաղաքականության վարչության պետ Գայանե Գաբրիելյանը ներկայացրեց նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը՝ անդրադառնալով անցումային դրույթներում կատարված փոփոխություններին, շուրջ երկու տասնյակ առաջարկություններին, ՊՄԳ ծրագրերի իրականացման ընթացակարգերին, պարտավորությունների թույլատրելի սահմանաչափին վերաբերող կարգավորումներին:
Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենսդրական նախաձեռնության ընդունման դեպքում կապահովվի երկարաժամկետ ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացում պայմանագրի գործողության ողջ ընթացքում՝ նպաստելով օտարերկրյա ներդրումների ներգրավման արդյունավետության խթանմանը: Նշվեց, որ նախատեսվում են նոր ենթակառուցվածքների ստեղծում, մատուցվող հանրային ծառայությունների որակի բարելավում, կառավարման համակարգի վերահսկելիություն, մրցակցության խթանում, հնարավոր ռիսկերի կանխատեսում, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:
Լրամշակված օրենքների նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն: