ԹԱՐՄԱՑՎԱԾ․ 20 անհետ կորածներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է, չորսը` Իրանի
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    67%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 16°C
    64%
    10 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    70%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    49%
    9 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    53%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    72%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    63%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    72%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    56%
    12 կմ/ժ
  • Արցախ 19°C
    60%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԹԱՐՄԱՑՎԱԾ․ 20 անհետ կորածներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է, չորսը` Իրանի

ԹԱՐՄԱՑՎԱԾ․ 20 անհետ կորածներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է, չորսը` Իրանի

Օգոստոսի 15-ին ժամը 18։19-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 153 հրշեջ-փրկարար, 8 հրշեջ և 1 փրկարարական տեխնիկա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և ԱԹՍ մասնագիտացված, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը (համապատասխանաբար` 44 և 40 փրկարարներով), 30 կամավոր «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունից և 102 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավվել են նաև քաղաքապետարանի 7 տրակտոր, 16 բեռնատար ինքնաթափ, 2 ջրատար, շտապօգնության 2 բրիգադ և 2 ավտոկռունկ։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը քաղաքացիներին տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 13-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 47-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 6 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․)։

Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ․Սանոսյանը։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․)

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․) 

9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․) 

10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․) 

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Մեհդի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի)

16․ Մելինե Տալոյան (ծնված 1997 թ․) 

17․ Լյուբա Գլեբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)

18․ Վանյան Սաքի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2016 թ․)

19․ Էդրաս Սաքի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2002 թ․)

20․ Քիումա Սաքի (ԻԻՀ քաղաքացի, ծնված  1972 թ․)

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ 

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունով պայմանավորված՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթ և Կենտրոն համայնքներում: Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը՝ ներկայացնելով օգոստոսի 14-15-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում մթնոլորտային օդի որակի տվյալները:

«Շենգավիթ վարչական շրջանի մթնոլորտային օդում գետնամերձ օզոնի, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:  Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները 4.2 անգամ՝ կազմելով 0.628 մգ/մ³:  Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում որոշված գետնամերձ օզոնի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:  Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները 1.4 անգամ՝ կազմելով 0.215 մգ/մ³, ազոտի երկօպքսիդի կոնցենտրացիան՝ 1.1 անգամ՝ կազմելով 0.043 մգ/մ³»,-ասված է հաղորդագրությունում:

ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ շահարկումներին, թե ԱԻՆ աշխատակիցներն իրենց աշխատանքում դանդաղում են։

Գրիգորյանի խոսքով՝ հրշեջ-փրկարարները երեկվանից անդադար աշխատում են, և գիշերը աշխատանքները ոչ մի րոպեով կանգ չեն առել։

Փոխնախարարը նշեց, որ հասկանում է հարազատներ կորցրածների ցավը՝ նկատելով՝ հասկանալի պատճառներով որքան էլ ԱԻՆ-ը աշխատի, չի կարող նրանց ամբողջովին գոհացնել։

«Մեր մարզային կառույցների աշխատակիցներին նույնպես ներառել ենք աշխատանքներում։ Անհրաժեշտության դեպքում ամբողջ ռեսուրսը կենտրոնացնելու են տարվող աշխատանքներին»,- վստահեցրեց նա:

Հարցադրմանը՝ ինչո՞ւ համակարգող շտաբ չի կազմավորվում, փոխնախարարը հայտնեց, որ այն արդեն ձևավորվել է։

«Շտաբն ամբողջ ծավալով իրականացնում է աշխատանքները։ Բազմաթիվ մասնագետներ են այստեղ աշխատում՝ բուժաշխատողներ, հոգեբաններ, բազմաթիվ կամավորներ։ Կարծում եմ՝ մեր առջև դրված խնդիրը մենք կիրականացնենք»,- ասաց նա:

Անդրադառնալով տեխնիկայի խնդրին՝ Գրիգորյանը հայտնեց, որ պետական տարբեր մարմիններ աջակցություն են ցուցաբերել, մասնավորապես՝ ՏԻՄ-երը, Երեւանի քաղաքապետարանը, ՏԿԵՆ, տարբեր անձանց պատկանող մեքենաներ։ Շուտով նաև մի քանի բեռնատարներ կմիանան աշխատանքներին։

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Ցավակցական ուղերձը հրապարակվել է Հունաստանի արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

«Մտահոգված ենք Երևանում ավերիչ պայթյունով, որն առնվազն մեկ մարդու մահվան պատճառ է դարձել (խմբ. գրառումը հրապարակվել է օգոստոսի 14-ին, երբ հայտնի էր մեկ զոհի մասին): Խորապես ցավակցում ենք նրա ընտանիքին, հայ ժողովրդին և Հայաստանի կառավարությանը, տուժածներին մաղթում ենք շուտափույթ աշխատանք, իսկ փրկարար ծառայողներին հաջող աշխատանք»,- ասված է գրառման մեջ:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանին` «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ:

Յուրի Վորոբյովը զորակցություն է հայտնել զոհերի հարազատներին և բոլոր տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը համերաշխություն է հայտնել Հայաստանին՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

«Խորապես վշտացած ենք Երևանում տեղի ունեցած ավերիչ պայթյունից։ Մենք մեր խորին կարեկցանքն ու համերաշխությունն ենք հայտնում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին։ Անկեղծ ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- ասված է Twitter-ում Կիպրոսի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Երևանում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունը ցավակցություն է հայտնել Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին:

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն իր խորին ցավակցությունն է հայտնում «Սուրմալու» շուկայում երեկ տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ Կիսում ենք զոհվածների ընտանիքների վիշտը, իսկ տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում», - ասված է դեսպանատան թվիթերյան էջում:

Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժած անմեղ զոհերի ընտանիքներին և մտերիմներին։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջը։

«Դեսպանությունը նաև շուտափույթ ապաքինում է մաղթում օգոստոսի 14-ի ողբերգական դեպքի հետևանքով տուժածներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայաստանում Լիբանանի դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով կորցրել են հարազատներին։

«Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում, իսկ այս դժվարին պահին մեր մտքերն ու աղոթքները բարեկամ Հայաստանի ժողովրդի հետ են»,- Ֆեյսբուքում գրել է Լիբանանի դեսպանությունը:

Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել Երևանի պայթյունի կապակցությամբ:

«Խորապես վշտացած եմ Երևանի շուկայում երեկ տեղի ունեցած պայթյունի սարսափելի լուրից։ Անկեղծ ցավակցում են ողբերգության զոհերի ընտանիքներին։ Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի քաղաքական տնօրեն Մաթիաս Լյուտենբերգը։

Հայաստանում Իրանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

«Կիսում ենք Ձեզ հետ այս ողբերգության ցավը։ Զոհվածների ընտանիքներին մաղթում ենք համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Թեմայի այլ նորություններ