Զգում էի, գիտեի, որ վերադառնալու է․ դիրիժոր Նատալի Գալստյանը մանրամասներ է պատմում կամավորական որդու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    92%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    65%
    5 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    77%
    13 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    79%
    8 կմ/ժ
  • Արցախ 15°C
    88%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Զգում էի, գիտեի, որ վերադառնալու է․ դիրիժոր Նատալի Գալստյանը մանրամասներ է պատմում կամավորական որդու մասին

Զգում էի, գիտեի, որ վերադառնալու է․ դիրիժոր Նատալի Գալստյանը մանրամասներ է պատմում կամավորական որդու մասին

Առաջնագծից ողջ ու գրեթե անվնաս վերադարձել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Նատալի Գալստյանի որդին՝ կոնսերվատորիայի սաներից Էդվարդ Մարգարյանը։ Էդվարդը պատերազմը սկսվելու հաջորդ օրվանից կամավորագրվել ու գնացել էր հայրինքը պաշտպանելու, իսկ Նատալի Գալստյանը, մայրական քնքշանքն ու սերը հոգում պահած, Կոնսերվատորիայի դիմաց բացօթյա համերգ էր կազմակերպում, հնչեցնում էին տարբեր ժամանակներում ռազմի դաշտում գրված հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Համերգի մասնակիցներն իրենց ուժն էին փոխանցում բոլորին՝ զինվորներին, բոլոր մայրերին, հայ ժողովրդին։

Տիկին Գալստյանից ՀԺ-ն հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ առողջական վիճակում է որդին՝ Էդվարդը։

«Որդիս, ինչպես եւ բազմաթիվ մեր քաջ զինվորները, ունեցել է վնասվածքներ։ Բեկորային վնասվածքներ է ստացել։ Իրենք չեն սիրում էդ մասին պատմել։ Ավելին՝ անգամ բժշկի չի դիմել, բայց անհրաժեշտությունը կա, հուսամ՝ բարդ հետեւանքներ չեն ունենա։ Անկեղծ պիտի լինեմ, ես շշմած եմ իմ զավակի կամքից։ Էս ինչ սերունդ է՝ շշմելու հզոր։ Չգիտեմ, թե ինչ հերոսություններ են անում»,- ասաց նա։

Նատալի Գալստյանը պատմեց, որ պատերազմի այս 40 եւ ավելի օրերի ընթացքում շատ կարճ տեւողությամբ ու հատուկենտ հեռախոսազանգեր է ունեցել որդու հետ։ Այս ողջ ընթացքում բոլորվին այլ՝ գերբնական ուժ է արթնացել իր մեջ ու կարողացել է դիմանալ։ Դիրիժորի խոսքով՝ այդպես էր նաեւ այն ժամանակ, երբ պատերազմի ամենալարված օրերին բացօթյա համերգ էր ղեկավարում․ «Ես հասկանում էի, զգում էի, որ պիտի նվագենք, եւ գիտեի, որ ինքը վերադառնալու է»։

Նատալի Գալստյանն ասաց, որ որդին չի սիրում շատ խոսել ու շատ բաներ պատմել, բայց աչքերի մեջ տեսնում է հիասթափություն, որովհետեւ ինչպես իր որդին, այնպես էլ շատ-շատերը մինչեւ վերջին պահը ազնվորեն հավատում էին հաղթանակին․ «Միանշանակ, կարող եմ ասել, որ մեր տղաներն իրենց կռիվը մղել են մինչեւ վերջ, բայց այս իրավիճակում զենքը դնել ու տուն վերադառնալու փաստն իրենց համար շատ ծանր է եղել։ Նրանք չեն համարում, որ պայքարը վերջացել է։ Այս ճակատամարտը՝ միգուցե, բայց այն, որ պատերազմը չի ավարտվել, իրենց համար միանշանակ է։ Միեւնույն է, նրանք պատրաստ են իրենց հողը պահել։ Ես դա տեսնում եմ»,- ասաց նա։

Նատալի Գալստյանն անկեղծացավ՝ ամենաշատն անհանգստացել է, որ հանկարծ տղաների մոտ խոր հիասթափություն չառաջանա, եւ, բարեբախտաբար, դա չկա։

Լուսանկարում Էդվարդ Մարգարյանն է ռազմաճակատի իր ընկերների հետ

«Երեկ ներկա եմ եղել շատ մտերիմ մարդու զավակի․․․ Վերջին օրը զոհվեց Շուշիում։ Ուղղակի անբացատրելի ցավ է, երբ գրկում ես այդ զավակի մորը։ Ինչքա՜ն, ինչքա՜ն մայրեր չդիմավորեցին իրենց որդիներին։ Մենք պարտավոր ենք ապրել ու շարունակել այդ զավակների պատգամը, որը իրենք չհասցրին»,- ասաց նա։

Դիրիժորը նշեց, որ առաջիկայում հայ հանրությանը նոր «վերածնունդ» է սպասվում երաժշտության տեսքով։ Երաժիշտների է հավաքում, նոր ծրագիր ունի։ «Կարծում եմ, որ վերածնունդ պիտի լինի, եւ մենք պարտավոր ենք ուժ գտնել մեր մեջ։ Հանձնվելու տեղ չունենք, իրավունք էլ չունենք։ Մեծահասակ մարդիկ, որ էսպես գլուխները կախ՝ ինչ-որ բաներ են քննարկում, չգիտեմ՝ ինչեր են ուզում անել, ուզում եմ ասել՝ ամեն մեկդ ձեր տեղում ձեր գործն արեք։ Իրավունք չունենք հիասթափվելու, հատկապես՝ իմ սերունդը։ Ես իմ հերթին զգում եմ մեղավորություն, որ մենք չենք կարողացել ճիշտ գնահատականներ տալ որոշ երեւույթների: Պիտի ավելի իմաստուն լինեինք, եւ յուրաքանչյուրս մեր գործը շատ ավելի խորությամբ պիտի հասկանայինք, անեինք։ Չգիտեմ։ Այն, ինչ հիմա է կատարվում, բնական ընթացք է։ Ցավալի թեմա է, որի մասին ես չեմ խոսում, բայց այն, որ կոտրված ենք, դա հաստատ է»,- ասաց Գալստյանը։

Նատալի Գալստյանը որդու վերադարձի մասին գրառում էր կատարել՝ գրառմանը կից հրապարակելով որդու լուսանկարը. «Ցերեկվա բվի պես կույր էինք, մա՛մ...»։ Մեր զրույցում դիրիժորը մեկնաբանեց նաեւ որդու՝ բուն ձեռքին լուսանկարն ու գրառումը․ «Տեսնելով նկարը՝ տղայիս ասացի՝ իմաստուն պիտի լինեինք բվի պես, որոշ երեւույթներ ճիշտ չենք գնահատել։ Տղայիս խոսքերն էլ հետեւյալն էին՝ ուղղակի կուրորեն ենք գնացել մեր հաղթանակի հետեւից։ Այնքա՜ն էինք հավատում, որ չէինք նկատել որոշ երեւույթներ, որ որոշ բաներ ուղղակի կարող էին մեր գլխին գալ»։

Թեմայի այլ նորություններ