Կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը։
«Գործող իրավակարգավորումների համաձայն՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողների սոցիալական պաշտպանությունն իրականացվում է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի միջոցների հաշվին։
Ընդ որում, որպեսզի անձը դառնա Հիմնադրամի շահառու, անհրաժեշտ է սահմանել հաշմանդամության (վնասվածքի կամ խեղման) պատճառական կապ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետ։
Հարկ է նկատի ունենալ, որ սահմանված ընթացակարգերի համաձայն՝ վերը նշված պատճառական կապը որոշելը պահանջում է որոշակի ժամանակահատված։ Ըստ այդմ, Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի 14.06.2018թ. թիվ 3 որոշմամբ սահմանվել է ընթացակարգ, որի հիման վրա, մինչև վերը նշված պատճառական կապը որոշելը, անձին կարող է Հիմնադրամից վճարվել ամսական 100 000 դրամ գումար 6 ամիս ժամկետով։
Այս միջոցառման շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարություններում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում և ոստիկանությունում ծառայողը, ում վրա տարածվում է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2–ի թիվ 9 որոշման 9–17–րդ կետերի դրույթները, այսինքն, այն զինծառայողը, ում Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2–ի թիվ 9 որոշման 9–17–րդ կետերի համաձայն վճարվում է ամսական 100 000 դրամ։
Միջոցառման շրջանակներում տրվող աջակցության գումարը կազմում է 200 000 դրամ, որը տրվում է ի լրումն հիմնադրամի կողմից վճարվող 100 000 դրամի։
Նախագիծն ընդունվելու դեպքում Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին, մինչև Հիմնադրամի շահառու դառնալը, հիմնադրամից վճարվող գումարը կավելացվի ամսական 200 000 դրամով (կկազմի 300 000 դրամ)»,- ասված է հիմնավորման մեջ: