Այսօր հրավիրված օնլայն քննարկման ժամանակ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձավ զինծառայողների դիերի ինքնության պարզման գործընթացին։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ այդ գործընթացներում կարեւոր դերակատարություն ունի նաեւ անհետ կորածների ցուցակագրումը։ Սաքունցը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 5-ից զբաղվելով այդ աշխատանքներով՝ ստացել են անհետ կորելու հանգամանքի վերաբերյալ 666 զանգ, հետագայում պարզվել է, որ նրանցից մոտ 52-ը ողջ են, 43-ը զոհվել են, եւ մարմինները նույնականացվել է, եւս 3 անձ գերեվարված է։
Անդրադառնալով մեզ մոտ պահվող ադրբեջանցի գերիների հարցին՝ ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշեց, որ պատերազմի ընթացքում ինքն այցելել է այն ռազմագերիներին, որոնց մասին տեղեկություններ ունեցել է, բայց քանի որ այս հարցն իր լիազորությունների շրջանակում չէ, հրապարակելու տվյալներ չունի․ «Ամեն դեպքում, նրանց պահպան պայմանների խնդիր չկա եւ պատահական չէ, որ մեր կողմից անմարդկային վերաբերմունքի որեւէ տեսանյութ չի հրապարակվել, այսինքն՝ ռազմագերիների մասով ՀՀ-ն եւ ԱՀ-ն կատարում են իրենց միջազգային պարտավորությունները»։
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ որեւէ կապ չկա, եւ ենթադրելի է, որ իրենք բոլոր հնարավոր ձեւերով բացառում են Արցախի Հանրապետության որեւէ պետական մարմնի հետ կոնտակը․ «Որքանով տեղյակ եմ, նաեւ ՀՀ ՄԻՊ-ի հետ կապ չկա, Ադրբեջանի ՄԻՊ-ը մի քանի անգամ քաղաքական բնույթի նախապայմաններ է դրել, հայտարարել, որ կարող է համագործակցել ՀՀ-ի հետ, երբ ՀՀ-ն վերջ տա իրենց տարածքների օկուպացիային, ինչը աբսուրդ է ՄԻՊ-ի համար»։
Խոսելով գերիների վերադարձի ժամկետների մասին՝ Արտակ Բեգլարյանն ասաց, որ դրանք շատ անկանխատեսելի են եւ առաջին հերթին կախված են Ադրբեջանից․ «Ես շատ կուզեի, որ հենց այսօր ավարտվեր, եւ ռազմագերիները, ներկալված անձինք եւ անհետ կորածները վերադառնային իրենց ընտանիքներ, ես անձնապես շատ լավ եմ հասկանում նրանց վիճակը, ողբերգությունը եւ իմ լիազորությունների շրջանակում եւ դրանցից դուրս էլ մարդկայնորեն առավելագույնը փորձում եմ կատարել, ցավոք սրտի, լայն առումով, արդյունքները մեծ չեն»։
Զինծառայողների հարազատներին Արցախի ՄԻՊ-ը հորդորեց զգույշ լինել մանիպուլյացիոն հարցերում․ ըստ նրա՝ տարբեր կողմեր, առաջին հերթին Ադրբեջանը, նաեւ ներքին որոշակի խմբեր, տարբեր նպատակներով փորձում են մանիպուլյացիներ անել․ «Հորդորում եմ հարազատներին անհետ կորածների մասին անձնական տեղեկություններ չհանրայնացնել սոցցանցերում․ տեսնում ես՝ ֆեսբուքում հրապարակում են լուսանկար, գրում՝ իմ հարազատը այսինչ տեղում թաքնվել է, բայց սրանով կարող են բացասական ազդեցություն ունենալ հարազատի ճակատագրի վրա։ Այսպիսի տեղեկությունները պետք է կիսեն լիազոր մարմիների հետ՝ ՊՆ, Կարմիր Խաչ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, իրավապաշտպան կազմակերպություններ, բայց երբեք պետք չէ հրապարակայացնել»։ Բեգլարյանի հավաստմամբ՝ ադրբեջանական կողմը շատ ուշադիր հետևում է մեր սոցցանցերին, եւ չի բացառվում, որ կոնկրետ հասցեներով գնում ու գտնում են մեր կորածներին․ «Նույնը վերաբերում է գերիներին․ եթե անձնական տվյալներ ենք հրապարակվում, ադրբեջանական կողմը դրանք կարող է օգտագործել գերիների իսկ դեմ, կարող է հարազատների նկարները օգտագործել նրանց շանտաժի ենթարկելու համար, ուստի զգույշ եղեք նման տվյալներ հրապարակելուց եւ տարածելուց»։
Նույն հորդորով Արցախի ՄԻՊ-ը դիմեց նաեւ լրատվամիջոցներին․ «Մարդկային կյանքն ու մարդկային թեկուզ մեկ հույզը ավելի կարեւոր են, քան որեւէ լրատվամիջոցի դիտումները»,- եզրափակեց նա։