Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնում է, որ Ադրբեջանի «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նուրլան Իբրահիմովին քննվող քրեական գործով ներգրավել է որպես մեղադրյալ. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քննչական կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել:
Սույն թվականի նոյեմբերի 26-ին որոշում է կայացվել` Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի, «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նուրլան Իբրահիմովին ազգային և ռասայական թշնամանք հարուցելու (ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդված), ուղղակի և հրապարակային ցեղասպանություն հրահրելու (ՀՀ քրեական օրենսգրքի 393.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ), ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործություններն արդարացնելու և դրանց հավանություն տալու (ՀՀ քրեական օրենսգրքի 373.1-րդ հոդված) համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Մեղադրյալ Նուրլան Իբրահիմովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ».,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ ՈՒԵՖԱ-ն ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովը ֆուտբոլային գործունեությունից ցմահ որակազրկել է: Նման որոշում ընդունել է ՈՒԵՖԱ-ի էթիկայի վերահսկիչ և կարգապահապան կոմիտեն: Բացի այդ ՈՒԵՖԱ-ն 100.000 եվրոյով է տուգանել «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբին: