Դուրս գրվեմ՝ ամուսնանալու եմ, միայն ոտքս դզեմ, որ եկեղեցի քայլելով մտնեմ․ Գոռի զարմացնող կամքն ու լավատեսությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    4 կմ/ժ
  • Լոռի 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    72%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    42%
    17 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    59%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    58%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    68%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Դուրս գրվեմ՝ ամուսնանալու եմ, միայն ոտքս դզեմ, որ եկեղեցի քայլելով մտնեմ․ Գոռի զարմացնող կամքն ու լավատեսությունը

Դուրս գրվեմ՝ ամուսնանալու եմ, միայն ոտքս դզեմ, որ եկեղեցի քայլելով մտնեմ․ Գոռի զարմացնող կամքն ու լավատեսությունը

27-ամյա Գոռ Բաբայանը պատերազմի լուրը լսելուն պես Ռուսաստանի դաշնությունից վերադրաձել է Հայաստան, կամավորագրվել ու հոկտեմբերի 3-ից մեկնել առաջնագիծ։ Գոռը պատերազմը հաղթահարել է ողջ առող, բայց նոյեբերի 9-ի հրադադարից հետո տուն չի վերադարձել, համարելով, որ իր պարտքը դեռ չի կատարել։ Նոյեմբերի 20-ին Արցախի Կարմիր շուկայի հատվածում մարտական խմբով տարածքի զննում իրականացնելիս կանգնել է ականին։ Պայթյունի հետեւանքով Գոռը կորցրել է աջ ոտքը, բավականին վնասվել է նաեւ ձախը, բայց այն բուժել հնարավոր է։

Սակայն սա դեռ ամենը չէ։ «Հայկական ժամանակի» հետ զրույցում Գոռ Բաբայանը պատմեց, որ եղբարը՝ Դավիթ Բաբայանը եւս պատերազմի մասնակից է, որը ցավոք սրտի անհետ կորած է համարվում։ «Եղբայրս ժամկետային զինծառայող է, իմացել էր, որ ես առաջնագծում եմ, Վայքից կամավորագրվել ու տեղափոխվել էր Արցախ»,- ասաց նա։

Գոռ Բաբայանն առողջական խնդիրներից ու իր հետ կատարվածից չի ընկճվել։ Նրա ցավոտ տեղը եղբայրն է։ Գոռը բուժում է ստանում Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում (Մուրացանի զինվորական հոսպիտալ)։ Ճիշտ է՝ բուժումն անվճար է, բայց նրա ընտանիքն ունի աջակցության կարիք։ Տանը աշխատում է միայն մայրը, փոքր եղբայրն անչափահաս է, (15 կարեկան)։ 

Գոռը կորցրած ոտքի պատճառով չի նեղվում, վստահ է, որ պրոթեզավորումից հետո կքայլի, ու ցանկացած աշխատանք էլ կանի, ընտանիքի հոգսերը կհոգա, ուղղակի մի փոքր ժամանակ է պետք։
 
«Հենց հիվանդանոցից դուրս գրվեմ, ամուսնանալու եմ, շատ արագ։ Ամենաուշը երեք ամսից ես պիտի ամուսնանամ, սիրած աղջիկս ինձ է սպասում։ Մենակ ոտս դզեմ, որ կարողանամ քայլելով եկեղեցի մտնեմ։ Հետագայում պետք լինի, էլի արտագնա աշխատանքի գնամ, բայց ասեմ, որ չեմ ուզում։ Ընտանիքի համար ամեն ինչ կանեմ։ Մնալու եմ իմ հողի վրա, իմ երկրում, ու նույնը բոլորին եմ կոչ անում»,-ասաց նա։
 

Գոռը նաեւ անդրադարձավ այս օրերին Երեւանի Հանրապետության հրապարակում կատարվողին, չդադարող բողոքի ցույցերին․ «Հիմա էնպիսի պահ է, որ պետք չէ կանգնել հրապարակում գոռգոռալ, իշխանափոխություն են ուզում, հեղափոխություն են ուզում, այդ մարդիկ առաջին հերթին իրենք պիտի հեղափոխվեն։ Մի լավ խոսք կա՝ ասում է՝ հին տերերը գնացին, նոր տերերը եկան, բայց բան չփոխվեց։ Հիմա, եթե էլի նոր տերեր գան, էլի ոչինչ չի կարող փոխվել, քանի դեռ ամեն մեկս մեր մեջ չենք փոխվել, որոշ առաջնային հարցեր ու արժեքներ վերանայել»։

Գոռը վստահեցնում է, առողջական ու նյութական որեւէ խնդրից երբեք չի նեղվել, իրեն մտահոգողն այսօրվա Հայաստանի տխուր վիճակն է։

«Այս պահին երկու մասի են բաժանվել՝ ժողովուրդ, որ անիմաստ գոռում է, ժողովուրդ, որը մտածում է, թե ինչ կարելի է անել։ Հա՜ լավ է, որ մտահոգվում են, եթե իհարկե դա իրոք այդպես է, բայց հիմա ամենակարեւոր խնդիրը զոհված տղերքին մարմինները գտնել ու մեր գերիներին վերադարձնելն է»,- կարծում է Գոռը։

Նրա համոզմամբ՝ այս պատերազմում մեր գերխնդիրն եղել է խուճապի դեմն առնելը․ «Մարդը հելնում կանգնում էր դիրքի գլխին, լայվ էր մտնում ու ասում՝ գիտեք ինչ կա, ժողովուրդ ջան, ես էս ինչ տեղն եմ, ու մի 10 մետր հեռավորությամբ ինձ խփում են։ Մենք էդ ֆեյսբուքով, էդ լայվերով մեր տեղը բացահայտել ենք, թշնամու գործը շեշտակի հեշտացրել։ Ծնողներն էլ, հասկանում ենք անհանգիստ են, բայց անընդհատ զանգում հարցնում էին, որտեղ ես բալես, ինչ ես անում, ինքնստինքյան այս ամենը բացահայտում է։ Մեր թշնամին էլ առաջվա գառը չէ, իրենք զարգացել են, փող ունեն, ուրեմն զարգացել են։ Էն ժամանակ հայ էին տեսնում, վախենում փախնում էին, էնպես չանենք, որ հիմա էլ մերոնք իրենց տեսնելիս փախնեն»։

Եզրափակելով իր խոսքը կամավորական Գոռը նկատեց՝ պիտի համախմբենք ու այս համընդհանուր սգին վերջ տանք։ Նա վստահ է՝ մեկ է այդ հողերը հայ ժողովուրդը հետ է բերելու։ Այս սերունդը դա չանի, մեզնից հետո եկողներն են անելու։ «Մեզ պետք են խելացի ու նվիրված հրամանատարներ»,- ասաց Գոռը՝ օրինակ բերելով իր հրամանատարին՝ Ռաֆայել Ավետիսյանին, որը մեր խոսելու ընթացքում էլ իր զինվորի կողքին էր, եկել էր այցի․

«Հրամանատարին երկու դեպքում է զինվորը լսում՝ կա՛մ վախենալով, կա՛մ հարգելով։ Մենք շատ ենք հարգում մեր հրամանատարին, ինքը մեզ համար մեծ եղբայր է։ Դիրքերից, որ գալիս է, առաջինը մեզ է այցելում՝ մաքրում, հավաքում, մեզ ճաշ է կերցնում»։

Հրամանատար Ռաֆայել Ավետիսյանն էլ ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ երբ պատերազմը շատերի համար ավարտվել էր, իր եւ իր ջոկատի տղաների համար դեռ շարունակվում էր ու այդ ժամանակ էլ վիրավորում են ստացել Գոռն ու իր ջոկատի մեկ այլ կամավորական Սմբատը։  «Քարտեզները դրել փախել էին, տեղանքի զննման ժամանակ Գոռս ու զինվորներս կանգնեցին ականի վրա ու դեպքը պատահեց»,- ասաց Ռաֆայել Ավետիսյանը։

Հրամանատարի խոսքով՝ ցանկանցած պահի իրենց գործը պատշաճ կատարել են միայն 911 ծառայության փրկարար ջոկատը։ Մինչդեռ հրադադարից հետո համատարած քաոս է սկսել տիրել․ «Պարզ բան, կրվեցինք, թուրքը եկավ առաջ, լավ, իսկ այդ նոր ստեղծված պոստերն ով պիտի պահեր։ Ժողովուրդ, այդ տղաներին ով պիտի համազգեստով ապահովեր, ով պիտի հերթափոխն ապահովեր, հարցեր, հարցեր, որոնք կարելի է մինչեւ լույս թվարկել»։

Նա շեշտեց, անելիքները շատ շատ են, դեռ պիտի մեր տարածքները հետ վերադարձնենք։ Մենք զինվորներս երբեւիցե չենք պարտվել, մնացել ենք մինչեւ վերջ։ Այդ իրենք են հանձնվել, նրանք, որոնք մնացել են թիկունքում։ Անունը դրել են թիկունք սողունի պես հեռուստացույցի ու համակարգչի դեմը նստած տաք անկյունում պատերազմ էին ուզում հաղթել։ Ֆեյսբուքով պատերազմը սկսեցին, ֆեյսբուքով էլ ավարտեցին ու պարտվեցին։ Ովքեր հիմա հավաքվել ցույցեր են անում, կռիվ տալիս ինչ որ մի բանի համար, էդ մարդիկ են պարտվել։ Մենք չենք պարտվել։ Ուզում եմ այդ մարդկանց դիմել՝ մի քիչ զսպեք ձեզ, մենք իրավունք ունենք քննադատելու։ Իսկ էդ բողոքողներն իրենց կանանց սուրճ էին եփել տալիս, դիվանին պառկած դառնում դիվանագետ ու քաղաքագետ, մեծ- մեծ խոսում։ Հլը եկեք 2 ամիս էս տղերքի հետ մնացեք սար ու ձորում։ Կիսախելագարված կանգնեք, տեսեք, հասկացեք, թե ինչ է կատարվում, տեսեք, թե թշնամին ինչ է անում, նոր ես ձեզ հետ կխոսեմ»,- եզրափակեց հրամանատարը։

ՀԳ․ Գոռի ընտանիքի ֆինանսական բեռը թեթեւացնելու համար բացվել են քարտային հաշիվներ նրա մոր՝ Ջուլիետա Մարգարյանի անունով (ՎՏԲ բանկային հաշվի համալրում)։
AMD 16066014742400
USD 16066014742401 
EUR 16066014742402
RUR 16066014742403 
Ընտանիքի հետ կապ կարող եք հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝
077430209 (Գոռ) 
077502599 (Ջուլիետա)

Խմբ․ կողմից - ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց արագացնել անհետ կորած զինծառայողների ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացը։ Գործող իրավակարգավորումներով, դա բավական ժամանակատար է՝ մեկ տարի պահանջող։

Թեմայի այլ նորություններ