ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՅՈՒՄՐՈՒ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի գյումրեցիներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի՝ Գյումրու օրվա առթիվ։
Գյումրին այն եզակի քաղաքներից է, որ կարողանում է և՛ կոփել և՛ ուժ տալ, նա կարողանում է վշտի միջից ծիծաղել և ծիծաղով դաս տալ, սովորեցնում է սիրել և ներել, սպասել և հավատալ։
Կյանքի ու փորձության խաչմերուկում Գյումրուն և գյումրեցուն բաժին հասավ կյանքը՝ լի գոյապայքարով և մարտահրավերներով, սակայն այդ ամենը գյումրեցուն միայն դարձրեց ավելի կուռ ու տոկուն։
Գյումրեցին, նրա խոսքը, հումորը, ավանդույթներն ու պատմությունն այսօր դարձել են Գյումրու այցեքարտը։ Եվ մենք պետք է անենք հնարավորինը, որ մեր քաղաքն օր օրի դառնա ավելի գրավիչ ու գերող։ Մեր հին, բայց տակավին երիտասարդ Գյումրի, թող ճակատագրի բոլոր խաչմերուկներում միշտ ընտրես արարելու և ապրելու ուղին, թող անցյալի վիշտն ու ցավը ամոքվեն դրական փոփոխությունների նոր ծիլերով։ Մեր սեր Գյումրի, քանի դու կաս, քեզ սիրողի պակաս չի լինի։ Շնորհավոր տոնդ Գյումրի քաղաք, շնորհավոր տոնդ գյումրեցի։