Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի՝ որպես անվտանգության դոնորի դերը աստիճանաբար կաճի. ՀՀ ԱԳ նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 7°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 1°C
    90%
    10 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Արարատ 8°C
    67%
    10 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 8°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 6°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 4°C
    78%
    6 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի՝ որպես անվտանգության դոնորի դերը աստիճանաբար կաճի. ՀՀ ԱԳ նախարար

Հունիսի 10-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը՝ նեղ, այնուհետև ընդլայնված կազմով: 

Նիստի օրակարգում էին միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առանձին որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր: 

Ընդլայնված կազմով նիստին ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ 30 տարի առաջ ՀԱՊԿ անդամ պետությունները պատմական որոշում կայացրին՝ միավորելու ջանքերը՝ ուղղված համընդհանուր խաղաղության և անվտանգության ապահովմանը, ինչը, ի վերջո, հանգեցրեց երկու տասնամյակ առաջ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ստեղծմանը։ 

Նախարար Միրզոյանն արձանագրել է, որ ընդհանուր ջանքերով հաջողվել է հուսալի հիմք ապահովել մարտահրավերների ու սպառնալիքների հակազդման և պաշտպանական արդյունավետ համակարգի ստեղծման ու հետագա զարգացման համար՝ միտված կազմակերպության անդամ երկրների՝ ակնկալիքների ու ձգտումների համապարփակ ապահովմանը:

Նշելով, որ ՀԱՊԿ-ն ավելի ու ավելի կարևոր դերակատարություն է ձեռք բերում եվրասիական տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում, ՀՀ ԱԳ նախարարը հավելել է, որ ակնհայտ է, որ ՀԱՊԿ՝ որպես անվտանգության դոնորի դերը աստիճանաբար կաճի:

Նիստի ավարտին ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը՝

«ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության 2022-2024 թթ. խորհրդակցությունների պլանի մասին» որոշումը,

«Միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարությունը»:

Հավանության է արժանացել նաև «ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստի ժամանակի և վայրի մասին» արձանագրային որոշումը, համաձայն որի՝ նիստը կացնկացվի Երևանում ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում:

ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարներին է ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։

Տեղի է ունեցել նաև ՀԱՊԿ֊ի հոբելյանական տարվան և կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի և առաջին օրվա ծրարի մարման արարողությունը:

Թեմայի այլ նորություններ