Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական ԶՈՒ ոտնձգությունները լրջորեն վտանգել են տարածաշրջանային անվտանգությունը. ՀՀ ԱԳՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 13°C
    64%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    85%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    63%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական ԶՈՒ ոտնձգությունները լրջորեն վտանգել են տարածաշրջանային անվտանգությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական ԶՈՒ ոտնձգությունները լրջորեն վտանգել են տարածաշրջանային անվտանգությունը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստանի և Արցախի սահմաններին ադրբեջանական ԶՈՒ սադրանքներին:

«Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերն ակտիվացրել են իրենց սադրիչ գործողությունները ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այնպես էլ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դեմ։ Թիրախավորվել են նաև Հայաստան Հանրապետության և Արցախի բնակավայրերը։ Ադրբեջանական կողմն իր ագրեսիվ գործողությունները փորձում է քողարկել մի կողմից հայկական կողմին մեղադրելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումների մեջ, իսկ մյուս կողմից բացահայտ կերպով խեղաթյուրում է հենց նույն նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Հարկ ենք համարում նշել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը հստակ սահմանում է. «...կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»: Մինչդեռ ադրբեջանական զորամիավորումները հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում զավթել են այդ բնակավայրերը, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին։ Ներկայումս ադրբեջանական կողմը նույնպես փորձում է նոր դիրքեր զբաղեցնել շփման գծի տարբեր հատվածներում՝ տարբեր զինատեսակներով այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով հայ դիրքապահներին։

Նմանօրինակ վերջին միջադեպը տեղի է ունեցել այսօր Մխիթարաշեն և Շոշ գյուղերի մերձակայքում։ Ադրբեջանական կողմի այն պնդումները, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սահմանում է հայկական զորամիավորումների դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից բացահայտ կեղծիք է։

Ստեղծված իրավիճակում Արցախի Պաշտպանության բանակը, որը ձևավորվել է Արցախի ժողովրդի կողմից 90-ականներին և վերջին 30 տարիներին անվտանգության առանցքային գործոն է հանդիսացել, այսօր էլ ՌԴ խաղաղապահների հետ ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը և կյանքի իրավունքը: Առանց Պաշտպանության բանակի Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել իր պատմական հայրենիքում և Պաշտպանության բանակը Արցախից դուրս բերելու սցենարը Արցախը հայաթափելու սցենար է:

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հայկական զորամիավորումների դուրսբերումը նախատեսված է միայն Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, որոնք հստակորեն մատնանշված են հայտարարությունում։ Հայկական կողմն ամբողջովին կատարել է հայտարարության այս կետերը՝ մինչդեռ Ադրբեջանը սրան արձագանքել է այդ նույն տարածքներից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցմամբ և այնտեղ ապօրինի տեղակայմամբ։

Մայիսի 12-ից սկսված Հայաստանի Հանրապետության դեմ այս ոտնձգությունները հանգեցրել են մարդկային զոհերի և լրջորեն վտանգել են տարածաշրջանային անվտանգությունը։

Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական իրականացումը և արձանագրված խախտումների հետևանքների վերացումը այդ թվում՝ հրադադարի անվերապահ պահպանումը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը կարող են նախադրյալներ ստեղծել  տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդման համար»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Թեմայի այլ նորություններ