Եռակողմ բանակցություններ Սոչիում․ Հաջորդ հանդիպումը՝ Բրյուսելում. ինչ է քննարկվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    17 կմ/ժ
  • Լոռի 6°C
    100%
    2 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    65%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    82%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Եռակողմ բանակցություններ Սոչիում․ Հաջորդ հանդիպումը՝ Բրյուսելում. ինչ է քննարկվել

Եռակողմ բանակցություններ Սոչիում․ Հաջորդ հանդիպումը՝ Բրյուսելում. ինչ է քննարկվել

Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների այսօրվա եռակողմ հանդիպման մասին հայտնի դարձավ օրեր առաջ, երբ արդեն հաստատված էր դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսված երկկողմ Փաշինյան-Ալիև հանդիպումը, որի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ջանքերով՝ առանձին հեռախոսազրույցներով։  

Այսօր օրվա երկրորդ կեսից արդեն Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Սոչիում էին։ Պաշտոնական հաղորդագրությունների ժամանակացուցից դատելով՝ առաջինը վայրէջք էր կատարել Ալիևի ինքնաթիռը, դրանից հետո Սոչի էր ժամանել Փաշինյանը։ Հանդիպումից երկու օր առաջ նախ Բաքվում, հետո Երևանում էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է։

Սոչիում եռակողմ հանդիպիպումից բացի կայացան նաև Փաշինյանի ու Ալիևի առանձնազրույցները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Արդեն հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց․

«Ցավոք սրտի, կան խնդիրներ, միջադեպեր, ցավոք սրտի, լինում են զոհեր։ Բայց մենք դրա համար էլ հավաքվել ենք, որ տեսնենք՝ ինչ է արված, ու ինչ պետք է անենք բոլորս, որպեսզի ոչ միայն նման բաներ տեղի չունենան, հակառակը՝ ստեղծվեն իրավիճակի հանդարտեցման և տարածաշրջանի զարգացման  պայմաններ։ Այնպիսի որակ, որը թույլ կտա մարդկանց հանգիստ ապրել, իսկ երկրներին՝ զարգանալ»։

Ավելի վաղ Փաշինյանը դեռ Երևանում, անդրադառնալով բոլոր մտահոգություններին, շեշտել էր, որ սահմանազատման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու։ Հնարավոր փաստաթուղթը լինելու է սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին հայտարարել էր, որ ձեռնարկում են բոլոր հնարավոր քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանք հաստատելու համար:

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ապաշրջափակմանը, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը»,-հայտարարել էր Զախարովան։

Պաշտոնական հաղորդագրությամբ ներկայացվեց, որ հանդիպման կարևորագույն նպատակներից է քննարկել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքն ու հետագա անելիքները։ Որ Սոչիի հանդիպմանն առանցքայիններից են առևտրատնտեսական և տրանսպորտային կապերը, հաստատվեց թեկուզ այն փաստով, որ հանդիպումից երկու օր առաջ Բաքվում և Երևանում էր ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Ըստ Զախարովայի՝ «նման հանդիպումները, որոնք անցկացվում են փորձագիտական մակարդակով, ներդաշնակորեն լրացնում են ինտենսիվ քաղաքական ու դիվանագիտական շփումները։ Դրանք քաղաքական ջանքերը լրացնում են կոնկրետ կենսական օրակարգով։ Ասում է՝ սա չափազանց կարևոր գործընթաց է։  

Անվտանգային նպատակներով առանձին շփումների հավանականության և անգամ անհրաժեշտության մասին Երևանից խոսել է ԱԺ–ի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Սահմանային վերջին լարվածությունից հետո պաշտպանության նախարարության հաղորդագրություններից ենթադրել է․

«Հաղորդագրությունից հասկացվել է նաև, որ պետք է կառուցվի կամ արդեն իրականություն պետք է դառնա օպերատիվ կապ Հայաստանի և հակառակորդի պաշտպանության նախարարների միջև»։

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն իրականացնել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում պահվող քարտեզների հիման վրա։ Ասել է, որ խորհրդային շրջանի ամենաճշգրիտ քարտեզները պահվում են միայն իրենց մոտ և հստակ տարանջատում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանները։

Իսկ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ռուդենկոն իր հերթին կրկին խոսել է «3+3» ձևաչափի մասին ու հայտարարել՝ Ռուսաստանը հույս ունի, որ Անդրկովկասին առնչվող այդ ձևաչափի շուրջ ակնկալվող հանդիպումները «ոչ երկարատև հեռանկարի» հարց են։ Մինչդեռ այդ ձևաչափից արդեն հրաժարվել է Վրաստանը, իսկ հավանական մասնակից Իրանի անունից արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, տարածաշրջանային նոր ձեւաչափին անդրադառնալով, շեշտել է Հայաստանի համար այս զգայուն հարցին առնչվող մեկ այլ դրույթ՝  իր երկիրը կտրականապես դեմ է տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխությանը։

Պաշտոնական Երևանը բազմիցս նշել է՝ առաջարկվող ցանկացած ձևաչափ չպետք է կրկնի արդեն գոյություն ունեցողների գործառույթները։ Սա նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում անփոփոխ է համարվում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, ըստ պաշտոնական Երևանի՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային միակ մանդատ ունեցող ձևաչափը»։ Ի տարբերություն Իլհամ Ալիևի՝ եվրոպական երկրների պաշտոնյաները շարունակում են պնդել, որ ղարաբաղյան խնդիրը և կարգավիճակը դեռ սպասում են լուծումների։

Այսպիսով, Սոչիում ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ եռակողմ բանակցությունների նպատակը Լեռնային Ղարաբաղի վերածննդի համար պայմանների ստեղծումն է։

«Ինձ թվում է, որ դա իրականում մեր բոլորի նպատակն է, այն է՝ պայմաններ ստեղծել տարածաշրջանի վերածննդի համար, որպեսզի մարդիկ այնտեղ իրենց ապահով զգան և նորմալ տնտեսական գործունեությամբ զբաղվեն, զարգացնեն տնտեսությունը»,-ասել է Պուտինը։

Նա հայտնել է, որ ողջունում է հարաբերույունները կարգավորելուն ուղղված բոլոր հանդիպումները՝ այդ թվում նաև դեկտեմբեր 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումը։  

«Ադրջբեջանը պատրաստ է սահմանագծման և սահմանազատման անհետաձգելի աշխատանքները սկսելուն»,-հայտարարել է Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ հայկական կողմին առաջարկվել է նաև աշխատանքներ իրականացնել խաղաղության պայմանագրի շուրջ՝ «որպեսզի վերջ դրվի հակամարտությանը, երկուստեք ընդունվի երկու երկրների տարածքային ամբողջականությունը և որպեսզի սկսենք սովորել ապրել ինչպես հարևաններ»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ իր ցավակցությունն է հայտնել ՌԴ նախագահին՝ Կուզբասում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, ապա նաև շնորհակալություն հայտնել խաղաղության հաստման գործում ՌԴ դերակատարության համար։

«Սակայն իրավիճակը այնքան էլ հաստատուն չէ, ինչպես ցանկալի է։ Նախորդ տարվա նոյեմբերի 9-ից հետո երկու կողմում էլ տասնյակ զոհեր են տվել, Ադրբեջանը խախտել է ՀՀ սուվերեն տարածքը, ներխուժել է հայկական տարածք։ Չնայած այն բանին, որ սահմանազատում արված չէ, բայց Հայաստանը հստակ սահմաններ ունի, որը խախտվել է։ Եվ, ինչպես նշեց Ադրբեջանի նախագահը, ոչ բոլոր կետերն են իրագործվել։ Շատ կարևոր կետ չի իրականացվել․ դա ռազմագերիների և քաղաքացիական անձանց ձերբակալության հարցն է»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նա ևս մեկ անգամ վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը լուծելու ուղղությամբ։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն:

Դրանում, մասնավորապես, նշված է. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ․Պուտինը, 2021թ. նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում և քննարկեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:

Վերահաստատեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։

Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը։ Նշեցինք Ռուսական խաղաղապահ առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։ Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։

Բարձր գնահատեցինք 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։

Ռուսաստանի Դաշնությունն այսուհետ ևս կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման նպատակով»:

Թեմայի այլ նորություններ