ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի. օրակարգում սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներն են
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    70%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24327
  • Դոլար = 387.646

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի. օրակարգում սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներն են

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ  այսօր` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:

ԹԱՐՄԱՑՈՒՄ. ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց: Գրանցվել էր 30 պատգամավոր, քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 54 պատգամավորի ներկայություն: Պատգամավորների գրանցումը շարունակվելու է մինչև 4 ժամ:

Նիստի օրակարգում է «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սահմանադրության 103-րդ հոդվածը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածը՝

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

Դատապարտում է՝

ա) Թուրք-ադրբեջանական ագրեսիան եւ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը, ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ ներխուժումը, ուժի շարունակական գործադրումը կամ այն գործադրելու իրական սպառնալիքները, փաստացի սահմանագծման եւ սահմանազատման գործողությունները:

բ) Գերեվարված, պատանդառված անձանց նկատմամբ միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, նոր գերեվարումների դեպքերը, կեղծ դատավարությունների պատրվակով նրանց չհանձնելը, պատերազմական հանցագործություն համարվող այլ գործողությունները:

Արձանագրում է, որ

ա) 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո էլ Ադրբեջանի կողմից վերը նշված հանցավոր գործողությունները շարունակվում են՝ ուղեկցվելով ՀՀ եւ ԱՀ տարածքների նկատմամբ ոտնձգություններով, խաղաղ բնակիչների նկատմամբ ահաբեկչություններով, բռնազավթված բնակավայրերում պատմամշակութային ժառանգության ոչնչացումով կամ յուրացումով:

բ) Պետական սահմանների որոշումը սահմանակից պետությունների բացառիկ իրավասության ոլորտն է, որը պետք է բխի ՄԱԿ-ի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի (1969), Հելսինկիի եզրափակիչ ակտի (1975) եւ ԵԱՀԿ քարտուղարության «Պետական սահմանի սահմանազատում եւ սահմանագծում, հրատապ հարցեր եւ լուծման ուղիներ» (2017) փաստաթղթի հայեցակարգային նորմերից, այդ թվում այն սկզբունքից, համաձայն որի առ ոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ձեռքբերված ցանկացած միջազգային համաձայնություն:

գ) ԵԱՀԿ Մինսկի խումբն է միջազգայնորեն ճանաչված այն ձեւաչափը, որի շրջանակներում կարգավորվելու եւ իրացվելու է Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման երաշխավորված իրավունքը, միջազգային իրավունքի սկզբունքներով ձեւավորված Արցախի Հանրապետության դե ֆակտո գոյության ամրապնդումը, ինչպես նաեւ Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիան՝ որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայման:

դ) Հիմնավորվել է 44-օրյա պատերազմում ահաբեկչական վարձկան խմբավորումների ներգրավմամբ Թուրքիայի բացահայտ մասնակցությունը, ինչը սակայն մնացել է անպատիժ՝ պատշաճ գնահատական չստանալով միջազգային հանրության կողմից:

Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, որի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես նաեւ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ:

Հաստատում է, որ

ա) Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանն ապօրինի բռնակցված Արցախը չի կարող Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմել: Ընդ որում, Ադրբեջանը իր Սահմանադրությամբ չի ամրագրել Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանն իր իրավահաջորդությունը:

բ) Հայաստանի Հանրապետությունը չունի միջազգային-իրավական ոչ մի պարտավորություն՝ հիմք ընդունելու որեւէ քարտեզով արձանագրված սահմանները, առավել եւս, երբ այն չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին:

գ) Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող որեւէ պաշտոնատար անձ, այդ թվում՝ գործադիր իշխանության ղեկավարը կամ այլ ներկայացուցիչ, չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնություն ձեռք բերել՝ խախտելով Արցախի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող իրավական հիմնարար նորմերը: Այդպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առ ոչինչ է:

դ) Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ վեճերը կարող են լուծվել բացառապես խաղաղ միջոցներով՝ առանց ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման:

Հայաստանի Հանրապետության կառավարությունից պահանջում է.

ա) Զերծ մնալ որեւէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնությունից, որը կխախտի Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում ամրագրված հայ ժողովրդի հավաքական կամքը:

բ) Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանագծման եւ սահմանազատման հարցում չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են չեղարկել Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումը, այդ թվում որպես անկախ սուբյեկտ ձեւավորվելու օրինական փաստը:

գ) Պետության անվտանգության ազգային եւ միջազգային երաշխիքների ամրապնդման նպատակով զարկ տալ բանակի վերականգմանն եւ սահմանների կահավորմանը, հստակեցնել եւ կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները:

Կոչ է անում միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացված եւ շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ:

Թեմայի այլ նորություններ