Պետք է խորանալ անցյալի հատկապես ամենասարսափելի էջերի մեջ, որպեսզի դրանք չկրկնվեն․ իտալացի լրագրող
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    22 կմ/ժ
  • Լոռի 13°C
    71%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    13 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

Պետք է խորանալ անցյալի հատկապես ամենասարսափելի էջերի մեջ, որպեսզի դրանք չկրկնվեն․ իտալացի լրագրող

Պետք է խորանալ անցյալի հատկապես ամենասարսափելի էջերի մեջ, որպեսզի դրանք չկրկնվեն․ իտալացի լրագրող

Մեկ դար շարունակ Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա, ըստ էության, ճնշում չի գործադրվել ցեղասպանությունը ճանաչելու և հաշտեցմանը հասնելու համար։Սա ողբերգական սխալ էր, ինչպես որ ներկայիս մոտեցումն է Թուրքիայի նկատմամբ։ Ըստ այդ մոտեցման՝ նախապատվությունը տրվում է բիզնեսին՝ ի հաշիվ մարդու իրավունքների: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց իտալացի լրագրող, գրող Սիմոնե Ձոպելարոն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ Թուրքիան 107 տարի անց շարունակում է ժխտողական քաղաքականությունը և արդյոք կոչերից, բանաձևերից զատ այլ քայլերի անհրաժեշտություն կա։  Իտալացի լրագրողը շատ կարևոր է համարում այդ հարցի հետ կապված տարբեր մակարդակներում աշխատելը: Նրա խոսքով՝ դրանում, անկասկած, կարևոր դեր ունի մշակույթը:

«Թուրք գրողներն ու ռեժիսորները բազմաթիվ ակտիվիստների հետ տարիներ առաջ կարևոր քայլեր են կատարել այս ուղղությամբ: Այս ամենն ի վերջո խեղդվեց Էրդողանի նոր բռնապետական մոտեցումների հետևանքով: Շատ հայեր նույնպես կարևոր ներդրում ունեն: Ես գիտեմ Պիետրո Քյուչյուքյանին, ով հավաքագրել է տասնյակ պատմություններ թուրքերի մասին, ովքեր դեմ են եղել ցեղասպանությանը։ Բայց ևս մեկ անգամ նշենք՝ ինչպե՞ս կարող են այս գործիչներն առաջ գնալ այնպիսի ավտորիտար համատեքստում, ինչպիսին ներկա համակարգն է: Եվրոպան պետք է ազատվի իր բոլոր ավտոկրատներից, այդ թվում՝ Էրդողանից: Թուրքիայի քաղաքացիական հասարակության մի մասը, ես դա ասում եմ նաև անձնական փորձից, պատրաստ է ճանաչել ցեղասպանությունը: Բայց դա երբեք չի լինի, քանի դեռ նրանց ձայնը լռեցվում է պետության կողմից»,-ասաց Սիմոնե Ձոպելարոն։

Իտալացի լրագրողը նկատեց, որ Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված այսօր շատ բան է փոխվել: Ըստ նրա՝ ժխտողական թեզերն այժմ շատ քիչ են ընդունված ակադեմիական և քաղաքական աշխարհում, և նույնիսկ սովորական մարդկանց շրջանում՝ շնորհիվ նաև հաջողված ֆիլմերի և գրքերի, որոնցով գոնե ընդհանուր պատկերացում են ունենում խնդրի մասին: Դրանից բացի, կարևոր փաստ է այն, որ Մեծ եղեռնի հետ կապված իրազեկումը նպաստել է ցեղասպանություն հասկացության հանրահռչակմանը՝ մշակված Ռաֆայել Լեմկինի կողմից:

Ի՞նչ պարագայում կամ ի՞նչ պայմաններում Թուրքիան ի վերջո կառերեսվի ճշմարտությանը: Հարցին ի պատասխան, իտալացի լրագրողը նկատեց, որ ցեղասպանության ճանաչումը մի պետության կողմից, որը մեղավորների ժառանգորդն է, միշտ երկար է տևում:

«Փիլիսոփա Գյունթեր Անդերսը պատմեց մեզ, թե ինչպես, նույնիսկ 1970-ականների վերջին, գերմանացիների մեծամասնությունը չցանկացավ առերեսվել Շոահին (հրեական Հոլոքոստը-խմբ.): Այսօր Էրդողանի Թուրքիան Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը չէ, և պետության համար վճռորոշ կլինի գնալ այդ ճանապարհով: Հանգամանքները, որոնց մասին հարցնում եք, ես վախենամ, որ դրանք ներկայում չկան, բայց շուտով կարող է լինել հավանականություն, թեև ես շատ կասկածում եմ, որ կա կամք մինչև վերջ այն ուղին անցնելու, ինչ գերմանացիներն անվանում են Schuldfrage՝ մեղքի հարց»,-ասաց նա:

Իտալացի լրագրողը նկատում է՝ ի՞նչ նշանակություն ունի հիշատակելը, եթե նույնիսկ այսօր անտարբեր ենք մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության նկատմամբ: Նա հիշեցրեց, որ նոր հազարամյակում արդեն տեսել ենք առնվազն մեկ ցեղասպանություն՝ եզդիների նկատմամբ իրականացվածը, և այն, իհարկե, վերջինը չի լինի, եթե չակտիվացվեն կանխարգելման մեխանիզմները  խորհրդարաններում և միջազգային կառույցներում։ Այդ համատեքստում Սիմոնե Ձոպելարոն տեղեկացրեց, որ Միլանում գտնվող հիմնադրամը, որի հետ ինքն աշխատում է՝ «Gariwo»-ն, անցյալ տարի մի քանի կարևոր առաջարկներ է արել Իտալիայի խորհրդարանին։ Մասնավորապես, խորհրդարանում նշանակել իտալացի խորհրդական՝ աշխատելու ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի և ԵՄ կառույցների հետ համագործակցությամբ: Առաջարկվում է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին պարտավորեցնել մշակել տարեկան զեկույց՝ հանրությանը ներկայացնելով աշխարհում նոր ցեղասպանությունների վտանգները և դրանց կանխարգելման համար ձեռնարկվելիք հնարավոր միջոցները: Դրանից բացի, կարևորվում է նաև Իտալիայում մարդու իրավունքների անկախ գործակալության ստեղծումը, ինչն առաջարկվում է Եվրամիության կողմից, որը, համագործակցելով Միջազգային քրեական դատարանի հետ, մշտապես կհետաքննի աշխարհում մարդու իրավունքների հետ կապված վիճակը և մարդկության դեմ հանցագործությունները։

«Մեզ պետք է հանձնառություն, որը կապում է անցյալն ու ներկան, և որը գալիս է կրթությունից դեպի մշակույթ և քաղաքականություն: Մենք չենք կարող իմանալ մեր ապագան, բայց պետք է խորանալ մեր անցյալի, հատկապես ամենասարսափելի էջերի մեջ, որպեսզի դրանք չկրկնվեն: Ցավոք, վերջին ամիսների իրադարձություններն ամենավատն են հուշում մեր ապագայի համար։ Այդ իսկ պատճառով ավելի քան երբևէ կարևոր է հիշել և գործել»,-հավելեց իտալացի լրագրողը։

Անդրադառնալով այս օրերին Հայաստանի ու Թուրքիայի միջև ընթացող երկխոսությանը՝ Սիմոնե Ձոպելարոն նշեց, որ մտերմացումն անհրաժեշտություն կլիներ, բայց ըմբռնումով է մոտենում շատ հայերի մտավախությանը: Նրա խոսքով՝ այսօրվա Թուրքիան ավտորիտար է և բռնի, Էրդողանը՝ անվստահելի է, և նրա ագրեսիվ դերը Ղարաբաղում անհերքելի է: Եթե նման մերձեցումն իրականություն դառնար, ապա, ըստ նրա, դա կարևոր քայլ կլիներ ընդհանուր հիշողության և խաղաղության համար:

«Բայց զգույշ եղեք, եկեք վերցնենք Իտալիայի և Սլովենիայի օրինակը. երկու ժողովրդավարական պետություններ, որոնք Եվրամիության մաս են կազմում, և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կատարված հանցագործություններ. ընդհանուր հիշողությունը դեռ շատ դեպքերում չի բավականացնում, իսկ լարվածությունը չի անցել նույնիսկ վերջերս: Այնպես որ, պետք չէ այս առումով կեղծ լավատեսություն տարածել: Ինչ էլ որ լինի, դա երկար ճանապարհ է և ոչ առանց խոչընդոտների»,- հավելեց իտալացի լրագրողը:

Թեմայի այլ նորություններ