Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լեհաստան-Հայաստան և Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբերի պատվիրակություններին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    71%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 21°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    13 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լեհաստան-Հայաստան և Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբերի պատվիրակություններին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լեհաստան-Հայաստան և Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբերի պատվիրակություններին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին նախագահն ասել է. «Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Ես լավ տեղյակ եմ, թե դուք ինչ մեծ աշխատանք եք կատարում Հայաստան-Լեհաստան հարաբերությունների ամրապնդման և զարգացման համար և իմ շնորհակալական խոսքն եմ հայտնում ձեր կատարած աշխատանքի համար:

Մեր հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտությունը մեծ տեղ ունի, որը նաև, իհարկե, կարող է խթանել իշխանության մյուս թևերի համատեղ աշխատանքի առավել ակտիվացմանը:

Մեր երկու երկրները դժվար ժամանակներ են ապրում: Մեր տարածաշրջաններում խաղաղ չէ: Համոզված եմ, որ մեր գործունեությունն ուղղված է նրան, որպեսզի տարածաշրջանի բարդ այս պայմաններում մենք հասնենք խաղաղության:

Եվ այս առումով Հայաստանի համար շատ կարևոր է, որ մեզ համար շատ բարդ, դժվար այս օրերին դուք մեզ հետ եք: Խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքի փակմանը: Մեր համատեղ աշխատանքում մենք մեկ նպատակ ունենք որպեսզի ձեզ փոխանցենք այն տեղեկությունները, որ կան, խնդրելով ձեզ այդ հավաստի տեղեկությունները փոխանցել մեր բոլոր գործընկերներին այլ երկրների, որովհետև ցավոք սրտի, մեր հարևան երկիրն ապատեղեկատվություն տարածելու մեծ հնարավորություններ ունենալով, փորձում է մեր գործընկերներին փաստի առջև կանգնացնել, ասելով, թե իբր Հայաստանը չի ցանկանում խաղաղության բանակցություններ վարել, իբր Հայաստանը լարվածություն է առաջացնում տարածաշրջանում: Համոզված եմ, որ ձեր այցելությունն այս առումով շատ օգտակար կլինի»:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Ռադոսլավ Ֆոգիելն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է այստեղ լինել: Միանշանակ, մենք բոլորս կհամաձայնենք այն մտքին, որ խորհրդարանական դիվանագիտությունն իրական դիվանագիտության էական մասն է կազմում: Մենք լիահույս ենք, որ թե՛ խորհրդարանական, թե՛ գործադիր մարմինների մակարդակներում մեր հարաբերությունները շարունակելու են խորանալ՝ դրական ուղղություն ստանալով:

Մենք աշխատելու ենք տարբեր ոլորտներում, մեր համագործակցությունը ծավալվելու է տարբեր ոլորտներում, սակայն գլխավոր շեշտը դրվելու է անվտանգության հարցին թե՛ այս տարածաշրջանում, թե՛ Եվրոպայում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լեհական համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի ֆոնդային բորսաների ակտիվ փոխգործակցությանն ու վերջինիս ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հնարավորություններին:

Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է Լեհաստանի հետ երկկողմ, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում ակտիվ համագործակցությունը: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է Եվրամիության հետ ձեռքբերված պայմանավորվածություններին և պատասխանատվությամբ է մոտենում ժողովրդավարական ինստիտուտների կայացման ու դեմոկրատական արժեքների պաշտպանության սկզբունքներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մի շարք իրողությունների: Շեշտվել է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման հրամայականը, ինչպես նաև հումանիտար խնդիրների առաջնահերթությունն ու Լաչինի մարդասիրական միջանցքի բնականոն գործունեության անհրաժեշտությունը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ նաև ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը և ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:

Ողջունելով հյուրերին Հանրապետության նախագահը կարևորել է հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների դինամիկ զարգացումը:

«Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում և, իհարկե, նաև նախագահի նստավայրում: Այս առիթն օգտագործելով ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ակտիվ համագործակցության և աջակցության համար: Այս երեսուն տարիների ընթացքում հայ-շվեդական հարաբերություններն իրենց զարգացումն են ապրել, որոնք հիմնված են եղել հստակ սկզբունքների և արժեքների վրա, դրանք ժողովրդավարական ինստիտուտներն են, մարդու իրավունքները և, իհարկե, ազատությունների պահպանումը: Ես համոզված եմ, որ այսօրվա ձեր այցելությունն էլ կնպաստի և մեր երկրների հարաբերությունների զարգացմանը և իհարկե, դուք ևս մեկ անգամ հնարավորություն կունենաք շփվել երկրի ղեկավարության և ձեր գործընկերների հետ: Հայաստանի Հանրապետության կառավարության, իշխանությունների ձգտումը մեկն է՝ խաղաղություն հաստատել տարածաշրջանում և բանակցությունների միջոցով վերջնական խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ»,- ասել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Բյորն Սյոդերն իր խոսքում նշել է. «Շնորհակալություն ընդունելության համար, մեզ համար պատիվ է Ձեզ հանդիպել: Ինչպես գիտեք, մենք ներկայացնում ենք Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը, որը նախկինում համեմատաբար փոքրաթիվ էր: Խորհրդարանական ընտրություններից հետո մեր բարեկամական խումբը համալրվեց նոր անդամներով: Կարծում եմ սա վկայում է Շվեդիայում Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ հետաքրքրության աճի մասին: Անշուշտ, մենք նաև շատ ենք կարևորում միջխորհրդարանական համագործակցությունը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես հայ-շվեդական փոխգործակցության օրակարգի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, այնպես էլ Եվրամիության հարթակում երկու երկրների համագործակցության սերտացման ուղիներն ու հեռանկարները: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանային իրողություններին, շվեդ խորհրդարանականներին մանրամասներ է հայտնել ավելի քան երեք ամիս ադրբեջանական կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման վերաբերյալ:

Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման հեռանկարին Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերությունների հաստատման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և սահմանների բացման իր դիրքորոշմանը:

Թեմայի այլ նորություններ