Երևանի քաղաքապետն առցանց մասնակցել է «Քաղաքապետների համաժողով-2022»-ին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    22 կմ/ժ
  • Լոռի 13°C
    71%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    13 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

Երևանի քաղաքապետն առցանց մասնակցել է «Քաղաքապետների համաժողով-2022»-ին

Երևանի քաղաքապետն առցանց մասնակցել է «Քաղաքապետների համաժողով-2022»-ին

Ապրիլի 4-5-ը ՄԱԿ-ի նախաձեռնությամբ անցկացվող «Քաղաքապետների ֆորում-2022»-ին առցանց մասնակցել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Հեռավար հանդիպման ընթացքում 33 երկրի շուրջ 50 քաղաքապետ ներկայացրել են իրենց մոտեցումներն ու ծրագրերը քաղաքների զարգացման և առկա խնդիրների լուծման վերաբերյալ:

Նշվել է, որ ՄԱԿ-ը մեծացնելու է ջանքերը համընդհանուր նպատակների և COVID-19-ի հետևանքները վերացնելու համար: Կարևորվել է հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների առավել ակտիվ և անմիջական ներգրավվածությունը անհրաժեշտ միջազգային մակարդակում՝ քաղաքների «Կայուն զարգացման մարտահրավերներ»-ը հաղթահարելու համար: Երևանի քաղաքապետն իր ելույթում անդրադարձել է քաղաքային տրանսպորտի բարեփոխումներին ու ճանապարհային ցանցի կայուն զարգացմանը:

«Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք,

ինձ համար պատիվ է, նաև չափազանց հաճելի է այս տարի մասնակցել քաղաքապետերի համաժողովին և խոսքով հանդես գալ այսօր:

Մենք հանդիպում ենք այն ժամանակահատվածում երբ աշխարհը շարունակում է իր պայքարը COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած աննախադեպ հումանիտար և սոցիալ-տնտեսական ճգնաժամի դեմ: Համաճարակի, որն ազդել է յուրաքանչյուր ազգի առողջության և ապրելակերպի վրա, ընդ որում, դրանից առավելագույնը տուժում է բնակչության ամենախոցելի հատվածը: Քաղաքապետերի համաժողովի շրջանակներում քննարկումները լավ հնարավորություն են տալիս անդրադառնալու մինչ այժմ ունեցած ձեռքբերումներին և հանգամանորեն քննարկելու առկա մարտահրավերներն ու մեր հավաքական ջանքերը, որոնք միտված են կայուն զարգացման նպատակների իրագործման ճանապարհին վերադառնալու ուղիների ձևավորմանը: Այս տեսանկյունից, համաժողովի թեման՝ «Վերականգնումը COVID-19-ից՝ միաժամանակ առաջ մղելով SDG (Կայուն զարգացման նպատակների) իրականացումը», առավել քան ժամանակին է և տեղին։

Տիկնայք և պարոնայք,

հետքովիդյան վերականգնման 2030 թվականի օրակարգը չափազանց արդիական է, արդյունավետ և միևնույն ժամանակ երաշխավորում է, որ ոչ ոք չի անտեսվի: Հայաստանը հավատարիմ է 2030 թվականի օրակարգով սահմանված նպատակների իրականացմանը, և կառավարությունը ջանքեր է գործադրել Կայուն զարգացման նպատակները ներառելու Հայաստանի ոլորտային բարեփոխումներում, ինչպես նաև վերոնշյալ նպատակները համապատասխանեցրելու ազգային ռազմավարությանն ու տեղայնացնել է քաղաքական փաստաթղթերում: Երևանի քաղաքապետարանը իրականացրել է բարեփոխումների մեծ շրջանակ՝ SDG (ԿԶՆ) մեջ ներառված 11-րդ նպատակի իրագործման համար՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի կողմից 2030թ. օրակարգի ներդրմանը։ Սա ներառում է մի շարք բարդ՝ բնապահպանական, առողջապահական, անվտանգային միջոցառումներ՝ ուղղված քաղաքը ավելի կայուն, ներառական, անվտանգ և բոլորի համար հասանելի դարձնելուն:

Հայաստանի մայրաքաղաք Երևանը բազմաթիվ տնտեսական, կրթական և սոցիալական գործունեությունների կենտրոն է։ Ունենալով 227 քառակուսի կիլոմետր տարածք՝ այն հանդիսանում է ավելի քան 1,2 միլիոն բնակչի տուն, ինչը կազմում է Հայաստանի բնակչության 34 տոկոսը:

Բացի դրանից՝ վերջին տասնամյակում եկամուտների և գնողունակության կտրուկ աճի, ինչպես նաև առևտրային գործունեության զարգացման շնորհիվ քաղաքում զգալիորեն աճել է մասնավոր մեքենաների թիվն ու բնակարանաշինության ծավալը: Արդյունքում մենք ունենք քաղաքի երթևեկության խցանումների ավելացման, երթևեկության անվտանգության և աղտոտվածության, ինչպես նաև կայանատեղիների և հասարակական տրանսպորտի բացակայության հետ կապված խնդիրներ: Ավելին, COVID-19 համավարակի ազդեցությունը հասարակական տրանսպորտի ուղևորների թվի նվազման և բազմաթիվ քաղաքացիների կողմից մասնավոր մեքենաներ նախընտրելու գործում դեռևս ամբողջությամբ չի վերացվել։

Վերոնշյալ բոլոր խնդիրները լուծելու համար մեր քաղաքում գործի է դրվել քաղաքային տրանսպորտի կայուն զարգացման հայեցակարգը՝ զանազան ռազմավարական քաղաքականություններով և նախագծերով։ Այս հիմնախնդիրը ներառում է տարբեր ոլորտներ, ինչպիսիք են՝ քաղաքաշինությունը, ճանապարհաշինությունը, հասարակական տրանսպորտը և երթևեկության կառավարումը: Այս ոլորտներում մշակված և իրականացվող ցանկացած քաղաքականություն և ռազմավարություն պետք է համապատասխանի շրջակա միջավայրի և մարդկանց առողջության պահպանման պահանջներին:

Կայուն տրանսպորտային համակարգը պետք է ապահովի սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, իսկ ճանապարհները Երևանի պարագայում համարվում են կարևորագույն խնդիրներից մեկը։ Այս առումով Երևանի քաղաքապետարանի համար վերջին տարիներին կարևոր առաջնահերթություն է դարձել հասարակական տրանսպորտի գրավչության, հուսալիության և արդյունավետության բարձրացումը, և դա իրականացվում է տարբեր ծրագրերով։ Որքան քիչ մարդ է օգտվում մասնավոր տրանսպորտից, այնքան ցածր է լինում երթևեկության խցանումների մակարդակը և նոր ճանապարհների անհրաժեշտությունը։

Քաղաքի տեսլականն է՝ մեր քաղաքացիների համար ապահովել հնարավորինս լավ հասարակական տրանսպորտի համակարգ, որը կլինի հուսալի, մաքուր և հարմարավետ՝ քաղաքացիների մեծամասնության շրջանում առաջացնելով ավելի մեծ գրավչություն, քան մասնավոր մեքենաները:

Այս ոլորտում իրականացվող միջոցառումներից են 200-ից ավելի նոր, ՍԲԳ-ով (սեղմված բնական գազ) աշխատող ավտոբուսների և միկրոավտոբուսների ձեռքբերումը, շարժման ընթացքում լիցքավորվող էլեկտրական տրոլեյբուսների գործարկմամբ տրոլեյբուսների ցանցի թարմացման պլանները, հանրային տրանսպորտին առաջնահերթորեն գծերի հատկացումը և տոմսերի էլեկտրոնային ինտեգրված համակարգի ներդրումը։

Կայուն տրանսպորտային համակարգը պահանջում է նաև գործունեության հիմնական ոլորտների հետ սերտ փոխկապակցված հասարակական տրանսպորտի համակարգ: Այս առումով վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային և տեղական փորձագետների հետ համագործակցության շնորհիվ մշակվել է տարբեր չափերի ավտոբուսների ներդրման վրա հասարակական տրանսպորտի նոր ցանցի զարգացման նախագիծը, օրինակ, առաջարկվում է հիմնական երթուղիների սպասարկման համար շահագործել 18 մետր երկարությամբ միակցված ավտոբուսներ և միկրոավտոբուսներ՝ սնուցող ու տեղական երթուղիների սպասարկման համար: Բացի այդ, շարժակազմի սպասարկումն ու արդյունավետ շահագործումն ապահովելու համար մեկնարկել է ավտոբուսային նոր կայանատեղիների և կառավարման նոր կենտրոնի կառուցումը։

Քաղաքային կայուն տրանսպորտի ամենակարևոր և ակնառու կողմերից մեկն աղտոտվածության խնդրի լուծումն է։ Ի լրումն այն ռազմավարական քաղաքականությունների և նախագծերի, որոնք ուղղված են քաղաքացիների առաջնահերթ նախապատվությունը հասարակական տրանսպորտի վրա սևեռելուն, Երևանը նաև ամբողջ քաղաքի շարժունակության, կառավարման և երթևեկության հոսքերի բարելավման վերաբերյալ մի շարք տարբեր ծրագրեր է մեկնարկել:

Քաղաքի ներսում ավելի մեծ շարժունակություն և տեղաշարժ ապահովելու նպատակով վերջին տարիներին իրականացվել են ճանապարհների, մայրուղիների և կամուրջների տարբեր նախագծեր։ Այդպիսի նախագծերից մեկը, որն ավարտական փուլում է, Երևանի օղակաձև ճանապարհի կառուցումն է, որի նպատակն է կանխել միջպետական տարանցիկ երթևեկության հոսքերի ներթափանցումը քաղաք։

Երթևեկության կառավարման ոլորտում քաղաքն արդեն իսկ սկսել է երթևեկության կառավարման նոր կենտրոնի շինարարությունը՝ երթևեկության հոսքերն ավելի լավ կառավարելու, ճանապարհային երթևեկության պատասխանատու մարմինների և արտակարգ իրավիճակների ծառայությունների արձագանքման ժամանակը նվազեցնելու և կանոններն ու կանոնակարգերն առավել արդյունավետ կերպով կիրառելու նպատակով:

Բացի դրանից՝ մեր մասնագետները ներկայումս հետազոտություններ են անցկացնում երթևեկության կառավարման խելացի համակարգերի և հարմարվող ռեժիմով աշխատող լուսացույցներն ներդնելու նպատակով՝ գերբեռնվածության և օդի աղտոտվածության մակարդակի նվազեցման համար:

Բացի դրանից՝ քանի որ Երևանի օդն աղտոտող նյութերի մեծ մասի համար պատասխանատու են մասնավոր մեքենաները, ուստի, միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ քաղաքապետարանը ձեռք է բերել օդի որակի գնահատման նոր և ժամանակակից տվիչներ, որոնք օգտագործվելու են քաղաքի տարբեր կանգառներում՝ ավելի հստակ պատկեր ունենալու և թունավոր գազերի և մանր մասնիկների արտանետումները գնահատելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում՝ վերահսկողական միջոցառումներ իրականացնելու համար:

Վերջապես և՛ վարորդների, և՛ հետիոտնի համար առավել անվտանգ ճանապարհներ ապահովելու առումով վերջին տարիներին մենք իրականացրել ենք փողոցների լուսավորության մի շարք նշանակալի նախագծեր՝ օգտագործելով ավելի էներգաարդյունավետ LED լուսավորության ապրանքներ, ինչը, մեր կարծիքով, ծախսերը զգալիորեն նվազեցնելուց բացի, ի վերջո կնվազեցնի ածխածնի արտանետումը և կբարձրացնի քաղաքի կայունությունը: Նաև քաղաքի շրջակայքում ավելի քան 150 հետիոտնային անցումներ հագեցված են կոճակներով կարգավորվող լուսացույցներով և պատշաճ լուսավորությամբ, ինչի շնորհիվ զգալիորեն կրճատվել է հետիոտների մահացության ցուցանիշը:

Այսպիսով, շատ կարևոր է ոչ միայն Երևանի համար կայուն տրանսպորտային համակարգ ունենալը, այլև հետայսու դիտարկել այն մեր կայացրած յուրաքանչյուր քաղաքականության և որոշման մեջ։ Քանի որ մենք հավատում ենք, որ բոլորի համար մատչելի, արդյունավետ և հուսալի տրանսպորտի հասանելիությունն առանցքային է մեր քաղաքացիների և մեր ապագա սերունդների առողջության, կրթության և սոցիալական հզորացման բարելավման համար։

Կայուն տրանսպորտային համակարգը կարող է նաև զարգացումն արագացնելու միջոց ծառայել: Կայուն տրանսպորտային համակարգ ունեցող քաղաքը հեշտությամբ կարող է ներգրավել նոր բիզնեսներ և այլ գործունեության տարբեր տեսակներ:

Այսպիսով, կայուն տրանսպորտային համակարգի օգուտները չեն սահմանափակվում երթևեկության գերբեռնվածության նվազեցմամբ և օդի որակի բարելավմամբ, այլ նաև օգնում են նվազեցնել աղքատությունը և ապահովել քաղաքների տնտեսական բարգավաճումը:

Շնորհակալություն»,- ասել է Երևանի քաղաքապետն իր ելույթում:

Համաժողովին միացել է շուրջ 400 մասնակից:

Թեմայի այլ նորություններ