Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները զարգանում են. վարչապետի հանդիպումները Մոսկվայում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    15 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    51%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները զարգանում են. վարչապետի հանդիպումները Մոսկվայում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ապրիլի 19-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել էր Ռուսաստանի Դաշնություն:

Մոսկվայի «Վնուկովո 2» օդանավակայանում վարչապետին դիմավորել էր ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, որից հետո պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի էր ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, հնչել են Հայաստանի եւ Ռուսաստանի պետական օրհներգերը:

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում մերձմոկսովյան Նովո-Օգորյովո նստավայրում ապրիլի 19-ի տեղի է ունեցել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ողջունելով Վարչապետ Փաշինյանին` ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել:

Ձեր այցը նվիրված է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Գիտեմ, որ շատ մեծ ծրագիր ունեք` հանդիպում կառավարության ղեկավարի, Դաշնային ժողովի ղեկավարության հետ, այնուհետև այց Նիժնի Նովգորոդ: Նախատեսված է նաև մի շարք փաստթղթերի ստորագրում:

Մենք մեր իրավական հարաբերություններում ունենք 200 փաստաթղթերի հարուստ բազա` ստորագրված նախորդ տարիներին: Սա գործնականում լավ հնարավորություն է տալիս աշխատել բոլոր ուղղություններով, առաջնայիններից մեկը տնտեսությունն է: 2021 թվականին մենք ունեցել ենք 12,8 տոկոսի աճ` համաձայն մեր վիճակագրության, իսկ այս տարվա առաջին ամիսներին 50 տոկոսի աճ: Սա շատ լավ ցուցանիշ է, հատկապես ժամանակակից աշխարհում:

Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում են լինելու անվտանգության հարցերը, այդ թվում` կապված Ղարաբաղի հետ: Համաձայն եմ Ձեզ հետ, խնդիրները շատ են, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք, եթե ոչ ամեն շաբաթ, ապա յուրաքանչյուր 10 օրը մեկ զրուցում ենք հեռախոսով: Նաև չնայած պանդեմիային, ունենք կանոնավոր հանդիպումներ: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, բարի գալուստ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է. «Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն հրավիրելու համար:

Ինչպես ասացիք, այս այցն ունի ոչ միայն գործնական, այլ նաև խորհրդանշական նշանակություն, որովհետև նվիրված է մեր երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և ցույց է տալիս, որ մեր երկրների միջև հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակում: Հույս ունեմ, որ այս այցի արդյունքներով այդ դինամիկան ոչ միայն կշարունակվի, այլ նաև կլինի առավել արդյունավետ:

Մենք իսկապես գտնվում ենք մշտական կապի մեջ, շատ հաճախ հանդիպում ենք, մշտապես ունենում ենք հեռախոսազրույցներ, քանի որ մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է, գործնականում բոլոր ոլորտներում` սկսած տնտեսությունից, ավարտած մշակույթով, կրթությամբ և ռազմատեխնիկական համագործակցությամբ: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, մենք արդյունավետ փոխգործակցում ենք Եվրասիական տնտեսական միությունում, ԱՊՀ-ում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ունի առանցքային դերակատարություն մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում:

Պետք է ևս մեկ անգամ ընդգծեմ Ձեր առանցքային դերը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման գործում: Դրանից հետո ռուս խաղաղապահները գործում են Լեռնային Ղարաբաղում և պետք է ընդգծել, որ ընդհանուր առմամբ, իհարկե, ռուս խաղաղապահների գործունեությունն ապահովում է անվտանգությունը և թվում է` պետք է նայել, թե ինչ կարելի է անել, որպեսզի խաղաղապահների գործունեությունը դարձնել առավել արդյունավետ:

Իհարկե, գլխավոր քաղաքական հարցը մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն է, հույս ունեմ, որ այսօր այդ մասին նույնպես կխոսենք: Իսկապես, իմ այցն ունի շատ հագեցած օրակարգ, որի մեծ մասը կապված է այս բանակցությունների հետ: Վստահ եմ, մեզ կհաջողվի անցկացնել արդյունավետ բանակցություններ, շնորհակալություն եմ հայտնում և շատ ուրախ եմ Ձեզ տեսնել»:

Ամփոփելով` Վլադիմիր Պուտինն ասել է. «Դուք հիշատակեցիք մշակույթի ոլորտում մեր համագործակցությունը, մեզ մոտ Ձեր այցի և դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր, իսկ Հայաստանում տեղի են ունենում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր: Կարծում եմ` սա նույնպես մեր ուշադրությունը կգրավի այս հանդիպման ընթացքում»:

* * *

ՀՀ վարչապետի` ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու երկրների միջև ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը.

«Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև սոցիալ-աշխատանքային ոլորտում համագործակցության մասին» հուշագիր,

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառաության և Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջև 2022-2023թթ.» համագործակցության ծրագիր,

«Էներգետիկական և ոչ էներգետիկական նախագծերի բնագավառում հայ-ռուսական համագործակցության համալիր ծրագիր»,

«Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի և Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության միջև՝ բույսերի կարանտինի ոլորտում տեղեկատվական համակարգերի ինտեգրմանն անցնելու վերաբերյալ» արձանագրություն,

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025թթ. մշակույթի ոլորտում համագործակցության մասին» ծրագիր,

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության միջև 2022-2023թթ. համագործակցության ծրագիր»,

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր:

* * *

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը։

***

Ապրիլի 20-ի առավոտյան Վարչապետ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Ալեքսանդրի այգի, որտեղ ծաղկեսպակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել:

Վարչապետին ուղեկցել են ՀՀ կառավարական պատվիրակության անդամները:

Պաշտոնական արարողությանը հնչել է Հայաստանի պետական օրհներգը, որից հետո տեղի է ունեցել պատվո պահակախմբի քայլերթը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումա` հանդիպում ունեցել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը ՌԴ և ընդգծել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացման փաստը: «Գիտեմ, որ արդյունավետ բանակցություններ եք ունեցել ՌԴ նախագահի հետ, որի արդյունքներով ընդունվել է համատեղ կարևոր հայտարարություն»,- նշել է Վոլոդինը` ընդգծելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցը երկկողմ հարաբերությունների հետագա ընլայնման գործում առանձնահատուկ իրադարձություն է: Պետդումայի նախագահը կարևորել է նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդումը` հավելելով, որ այս ուղղությամբ ևս առկա է սերտ երկխոսություն: Պարոն Վոլոդինի խոսքով` երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխվստահությունը կապերն էլ ավելի զարգացնելու լավ հնարավորություն է տալիս:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ նման շփումները նոր ազդակ են հաղորդում միջպետական հարաբերություններին ու համագործակցությանը: ՀՀ կառավարության ղեկավարը նույնպես կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդումն ու ակտիվ երկխոսությունը: «Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված Լեռնային Ղարաբաղի անվտանգության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության, Երևանում ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի նիստի անցկացման, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության և այլ հարցերի շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Վալենտինա Մատվիենկոն ողջունել է վարչապետին Դաշնության խորհրդում և նշել, որ միջխորհրդարանական մակարդակում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը բավական հաջող զարգացման ընթացք ունի: Տիկին Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին միջխորհրդարանական համագործակցությունը զարգացնելու աշխատանքներին աջակցելու համար: «Միջխորհրդարանական հանձնաժողովը հաջողությամբ կատարում է իր աշխատանքը: Ռուսական կողմից հանձնաժողովը ղեկավարում է Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը, որը շատ պատասխանատու ձևով կատարում է իր աշխատանքը: Հանձնաժողովի ռուսական կողմի անդամները վաղը մեկնում են Երևան անցկացնելու արդեն 34-րդ նիստը»,- ասել է Մատվիենկոն: Երկկողմ համագործակցությունից զատ, Վալենտինա Մատվիենկոն ընդգծել է նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում արդյունավետ աշխատանքը:

Իր հերթին վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, երկու երկրների միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի 25-ամյակը, ՀԱՊԿ գործունեության 30-ամյակը: «Այս ընթացքում տեղի ունեցան նաև դրամատիկ իրադարձություններ, պետք է ամեն ինչ վերլուծել և տեսնել, թե որտեղ ենք հասել այն արդյունքներին, որոնք նախանշել էինք և ահա այդ համատեքստում պլանավորել մեր առաջիկա անելիքները, համատեղ ծրագրերը: Այդ գործընթացներում, ես կարծում եմ, որ առանցքային դեր են խաղում նաև միջխորհրդարանական կապերը»,-ասել է վարապետ Փաշինյանը:

ՀՀ կառավարության ղեկավարը հավելել է, որ ռուս գործընկերների հետ արդյունավետ համագործակցություն է ձևավորվել ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում: Վարչապետի խոսքով` նույնիսկ հաջողված ձևաչափերում պետք է մտածել, թե աշխատանքներն ինչպես կարելի է կազմակերպել առավել արդյունավետ, հատկապես երբ ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հետագա զարգացման, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև կրթության, մշակույթի և հումանիտար այլ հարցերի շուրջ:

ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ:

Ողջունելով ՀՀ վարչապետին, Միխայիլ Միշուստինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, ողջունում ենք Ձեզ Կառավարության տանը։ Ձեր պաշտոնական այցն ունի շատ կարևոր նշանակություն մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար, որոնք կապում են Հայաստանը և Ռուսաստանը։ Այս տարի մենք նշում ենք երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը և Հայաստանի հետ բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը։ Երեկ կայացած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դուք ձեռք եք բերել լայնածավալ պայմանավորվածություններ երկուստեք համագործակցության ամրապնդման մասին՝ գրեթե բոլոր ուղղություններով, որոնք կան մեր երկու երկրների օրակարգերում։ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները բարձր մակարդակում կայացած որոշումների իրականացման համար» ։

ՌԴ վարչապետի խոսքով՝ Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի արտաքին գործընկերների և ներդրող երկրների շարքում: «Ուրախացնում է այն փաստը, որ նախորդ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 13 տոկոսով՝ հասնելով 2 միլիարդ 600 միլիոն դոլարի, իսկ 2022 թվականի հունվար և փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրանքաշրջանառությունն աճել է 42 տոկոսով՝ կազմելով 430 միլիոն դոլար։ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ծավալը գերազանցում է 2 միլիարդ դոլարը։ Մենք հետաքրքրված են երկկողմ համագործակցության զարգացման, նոր նախագծերի իրագործման հարցում, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտային ենթակառուցվածքները, դեղագործությունը, գյուղատնտեսությունը և թվային տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիաները»,- ասել է Միշուստինը՝ հավելելով, որ նմանատիպ նախաձեռնություններով զբաղվում է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովը։

ՌԴ վարչապետն առաջարկել է արագացնել Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի տնտեսական համագործակցության նոր ծրագրի ստորագրման գործընթացը։ Միշուստինը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պայմաններում կարևորել է երկկողմ առևտրում ազգային արժույթների առավել ակտիվ օգտագործումը, արդյունաբերական կոոպերացիաների օգտագործումը, առևտրի նոր հնարավորությունների ստեղծումը:

«Մենք նաև առանձնահատուկ ուշադրություն ենք ցուցաբերում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև պայմանավորվածությունների կատարմանը` տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ: Վստահ եմ, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կնպաստի տարածաշրջանի հետագա զարգացմանը, կայունությանն ու խաղաղությանը` ի շահ Հարավային Կովկասի երկրների: Ռուսաստանը շարունակում է Հայաստանին ցուցաբարել հումանիտար օգնություն, այժմ Հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի միջոցով ստեղծվում են պայմաններ` փախստականների` իրենց մշտական բնակության վայրեր վերադառնալու, օբյեկտների և ենթակառուցվածքների վերականգնման համար»,- ասել է Միխայիլ Միշուստինը:

Իր խոսքում ՌԴ վարչապետը կարևորել է նաև կրթության և գիտության ոլորտում սերտ փոխգործակցության շարունակականության ապահովումը:

Իր հերթին, վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Սա իմ առաջին պաշտոնական այցն է Ռուսաստանի Դաշնություն և պետք է ասեմ, Դուք ճիշտ նկատեցիք, որ այն անցնում է շատ հաջող: Երեկ մենք Վլադիմիր Վլադիմիրիի հետ քննարկեցինք մեր միջպետական հարաբերությունների ողջ ծավալը, անցկացրեցինք շատ արդյունավետ բանակցություններ, ձեռք բերեցինք կարևոր պայմանավորվածություններ: Ռուսաստանը համարվում է Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը և մեր առևտրաշրջանառությունն ու առևտրատնտեսական կապերը շարունակական աճում են: Մենք արդյունավետ համագործակցում ենք նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Էներգետիկայի ոլորտում ունենք համագործակցության հարուստ փորձ և ռազմավարական ծրագրեր, որպեսզի զարգացնենք այդ բնագավառը: Իհարկե, տրանսպորտի և այլ ոլորտներում մենք ունենք կոնկրետ ծրագրեր և երեկ Վլադիմիր Վլադիմիրիի հետ պայմանավորվեցինք, որ միջկառավարական հանձնաժողովը պետք է դառնա հիմնական հարթակը` տնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մեր նախարարությունները բավականին լավ համագործակցում են, միջկառավարական հանձնաժողովը նույնպես ակտիվ գործում է, վերջերս Երևանում տեղի ունեցավ նիստ: Կարծում եմ, որ ընթացիկ իրավիճակում հայտնվում են ընդհանուր մարտահրավերներ, նաև հնարավորություններ, որոնք պետք է գրանցել, փորձել օգտագործել: Ուրախ եմ, որ այսօր ունենք հնարավորություն` քննարկելու որոշ կոնկրետ թեմաներ և հնարավոր է հաջողվի հանգել կոնկրետ լուծումների»:

Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ այս տարի նշվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ՀԱՊԿ 30-ամյակը, Հայաստանի ու ՌԴ-ի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը: «Այս հոբելյանական տարում ունենք միջոցառումների հարուստ ծրագիր, ինչն առաջին հերթին լավ հնարավորություն է նշելու հոբելյանները, ինչպես նաև վերլուծելու անցած ճանապարհը, հասկանալու, արդյոք հասցրել ենք հասնել այն նպատակներին, որոնք նախանշված են եղել, ինչպես նաև տեսնելու, թե որտեղ չենք հասցրել, մեր համագործակցությունը դարձնել առավել արդյունավետ»,- նշել է վարչապետը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տնտեսության, ենթակառուցվածքների, էներգետիկայի, առևտրաշրջանառության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու մի շարք ծրագրեր ու նախաձեռնություններ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում գերատեսչությունների միջոցով սերտորեն աշխատել` դրանք կյանքի կոչելու և հայ-ռուսական տնտեսական կապերը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում եղել է նաև է Նիժնի Նովգորոդում։ Օդանավակայանում վարչապետին դիմավորել են Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինը, Նիժեգորոդյան մարզի օրենսդիր խորհրդի նախագահ Եվգենի Լյուլինը, Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Յուրի Շալաբաևը։

ՀՀ կառավարության ղեկավարը նախ այցելել է «Գազ» մեքենաշինական ընկերության գործարան, որտեղ ձեռնարկության նախագահ Վադիմ Սորոկինի ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել արտադրանքին:

Այնուհետև վարչապետը եղել է Նիժեգորոդյան Կրեմլում` ծաղկեսպակ դրել անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Կրեմլի արվեստի պետական թանգարանում, Զանգակատանը, Զինվորական փառքի ծառուղում և եղել Միքայել Հրեշտակապետի տաճարում:

Վարչապետն առանձնազրույց է ունեցել Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինի հետ` քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները:

Գործադիրի ղեկավարը եղել է նաև տեղի հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում` կատարել մոմավառություն:

Նիկոլ Փաշինյանը Նիժնի Նովգորոդ այցը եզրափակել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ, որի ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարն անդրադարձել է ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքներին, պատասխանել տարբեր հարցերի: Դրանք վերաբերել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսության ոլորտում համագործակցությանը, Հայրենիքում ներդրումային ծրագրերի իրականացմանը և այլ թեմաների:

Վարչապետ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն ավարտվել է:

Թեմայի այլ նորություններ