Ադրբեջանի նոր հակահայկական նախագիծը և դրա վտանգները. Հայկական Ժամանակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    37%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    33 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 22°C
    44%
    4 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    64%
    9 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    37%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    90%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    37%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    53%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    58%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.1858
  • Դոլար = 389.501

Ադրբեջանի նոր հակահայկական նախագիծը և դրա վտանգները. Հայկական Ժամանակ

Ադրբեջանի նոր հակահայկական նախագիծը և դրա վտանգները. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակը» գրում է, - «Մայիսի 10-ին հայտարարվել է «Արեւմտյան Ադրբեջանի (Իրեւան) Հանրապետության վտարանդի կառավարության» ստեղծման մասին: Թուրքիայի Կայսերիի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Գաֆար Չախմաղլին «ընտրվել է» «Արեւմտյան Ադրբեջանի Հանրապետության» նախաձեռնող խմբի նախագահ Բոաոյան համաժողովի կազմակերպած տեսակոնֆերանսի ընթացքում տեղի ունեցած քննարկումներից հետո: Ադրբեջանական պարբերականների հետ զրույցում Չախմաղլին նշել է, որ «վտարանդի կառավարության» գաղափարն արդեն վաղուց կանգնած է «ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի օրակարգում», եւ որ «արեւմտաադրբեջանական (իրեւանական) ծագմամբ կարեւոր մարդիկ գնացել են այդ վճռական քայլին»: Նա նաեւ կիսվել է «Իրեւանի Հանրապետության» հեռանկարային պլաններով՝ նշելով, որ սկզբում նախատեսվում է ստեղծել Ազգային խորհուրդ, ինչից հետո տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ եւ կձեւավորվի կառավարություն: Թե ովքեր պետք է ընտրեն Ազգային խորհրդի պատգամավորներին, որն էլ իր հերթին պետք է ձեւավորի կառավարություն, չի նշվում: Փոխարենը Չախմաղլին նշել է, որ «Իրեւանի Հանրապետության» նպատակը «պատմական հողերը վերադարձնելն է»: «Պատմական հողերը» ենթադրում են Երեւանը, Սյունիքը, Սեւանը, Գյումրին եւ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներ:

Այս ամենը վատագույն դեպքում զավեշտալի կլիներ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը՝ ի դեմս նախագահ Իլհամ Ալիեւի, հրապարակայնորեն նույնատիպ մտքեր չարտահայտեր: Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի առթիվ ռուսական պարբերականներից մեկին տված հարցազրույցում Ալիեւը հայտարարել էր, թե 1820-ականներին Իրանից եւ Թուրքիայից «պատմական ադրբեջանական տարածք են տեղափոխվել հարյուր հազարավոր հայեր», իսկ մինչ այդ ներկայիս Հայաստանի մի շարք տարածքներում «ադրբեջանական պետականություն է եղել»: Պաշտոնական Բաքվի նման հռետորաբանությունը հիմք է տալիս՝ կարծելու, որ հերթական հակահայկական նախագիծը առաջիկայում լայն ֆինանսական եւ հոգեբանական աջակցություն կստանա Ադրբեջանի, ինչպես նաեւ հնարավոր է՝ Թուրքիայի կողմից, քանի որ լուծում է տարածաշրջանային այլ՝ միգուցե ավելի կարեւոր խնդիր, քան հայ-ադրբեջանական հակամարտությունն է:

Նորաստեղծ «վտարանդի հանրապետության» իրական նպատակները չեն սահմանափակվում Հայաստանի տարածքներով: Արեւմտյան Ադրբեջանը (Ազարբայեջան) նահանգ է Իրանի հյուսիս-արեւելքում՝ Իրանական Ադրբեջանում: Որպես քաղաքական նախագիծ՝ եզրույթը եւս նոր չէ եւ Ադրբեջանում սկսել է օգտագործվել 2000-ականների սկզբից: Որպես Իրանի դեմ խաղաքարտ՝ ակտիվ աջակցությունն է ստացել ԱՄՆ-ում: Այսինքն՝ որպես հեռանկարային նախագիծ՝ «Արեւմտյան Ադրբեջանը» կարող է օգտագործվել Իրանի դեմ՝ հընթացս փորձելով նպաստել Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի տարածքային նկրտումների բավարարմանը: Այս վարկածի օգտին է խոսում նաեւ այն, որ երկու ճանապարհն էլ տեղավորվում են պանթուրքիզմի գաղափարախոսության շրջանակներում:

Մյուս կողմից, սակայն, Իրանի հյուսիսը անկախացնելու սցենարում թուրք-ադրբեջանական տանդեմը պետք է ծայրահեղ զգույշ լինի՝ իրենց տարածքում անկախացումների շքերթ թույլ չտալու համար: Բացի դրանից՝ այս սցենարով շարժվելու դեպքում Բաքուն ու Անկարան պետք է հաշվի առնեն, որ տարածաշրջանային եւ միգուցե համաշխարհային խաղացողները եւս դիրքավորվելու են բարիկադների տարբեր կողմերում, ինչը կարող է զգալիորեն խառնել նախօրոք գծած ծրագիրը: Ինչ վերաբերում է զուտ Հայաստանի ուղղությամբ տարվող պայքարին, «Իրեւանի Հանրապետության» նպատակն ավելի շատ հոգեբանական է եւ հիմնված է հետեւյալ պարզունակ մտածելակերպի վրա. «Եթե Հայաստանից պահանջենք իրենց ողջ տարածքը, ապա նրանք կզիջեն մեզ մերը»: «Մերը» ասելով՝ հարեւան երկրում նկատի ունեն Արցախը եւ հնարավոր է՝ Սյունիքը: Ըստ էության՝ սա տարածքային պահանջ է ՀՀ-ին, դեռեւս անուղղակի, սակայն ֆինանսավորման աղբյուրների բացահայտման պարագայում կարելի է համարել պաշտոնական տարածքային ոտնձգություն:

Նվազագույն վտանգը, որը կարող է «Արեւմտյան Ադրբեջան» երեւույթը պարունակել, դա համեմատությունն է հայկական Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության հետ, սակայն ի տարբերություն «Արեւմտյան Ադրբեջանի»՝ Արեւմտյան Հայաստանի վտարանդի կազմակերպություններն ունեն պատմություն, բնականոն զարգացում եւ արդյունք են տարբեր երկրների հայության աշխատանքի: «Արեւմտյան Ադրբեջանը» բնական զարգացման եւ պատմական նախադրյալների բացակայության պատճառով նման հականիշներից զուրկ է, թեեւ «պատմաբանների» կողմից ամեն ինչ արվելու է՝ դրանք «ստեղծելու» եւ ոչ բծախնդիր ուսումնասիրողին հրամցնելու համար: Պակաս վտանգավոր չէ ինքնին «Արեւմտյան Ադրբեջան» գաղափարի, եզրույթի եւ անգամ քարտեզի շրջանառությունը, դրանց շուրջ խոսակցությունները եւ քննարկումները, անկախ դրանց երանգավորումից եւ բերված փաստարկներից, քանի որ վերոնշյալ «ոչ բծախնդիր ուսումնասիրողներին» հետաքրքրում է ոչ թե իրականությունը, այլ հնչողությունը եւ կրկնությունների քանակը:

Աղբյուր

Թեմայի այլ նորություններ