Երևանում հնչել են կրակոցներ, պարեկների հետապնդելուց հետո գողոնով բարձված մեքենան շրջվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    30 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    19 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    14 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    30 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    96%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

Երևանում հնչել են կրակոցներ, պարեկների հետապնդելուց հետո գողոնով բարձված մեքենան շրջվել է

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ փակ բաժնետիրական մի ընկերության Բագրևանդի փողոցի պահեստից մի խումբ անձինք պարբերաբար գողություն են անում։ Ըստ տեղեկությունների՝ նրանք նույն պահեստից պատրաստվում էին գողություն անել նաև մայիսի լույս 24-ի գիշերը, իսկ գողոնը տեղափոխելու էին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներով։ Օպերատիվ խմբերը շտապել էին Բագրևանդի փողոց և կազմակերպել դարանակալում։ Տեղեկությունները հավաստի էին. գողության մեջ կասկածվող անձանցից մի քանիսը «Ֆորդ» մակնիշի մեքենայով հայտնվում են ոստիկանների տեսադաշտում, ապա դիմում փախուստի՝ մեքենան վարելով ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Սկսվում է հետապնդում, որին միանում են պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները։ «Ֆորդն» ընթանում է Դավիթ Բեկի փողոցի ուղղությամբ՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Դավիթ Բեկի փողոցում հետապնդող պարեկներից մեկը, փախուստը կանխելու նպատակով, նախազգուշական կրակոց է արձակում, ապա թիրախավորում մեքենայի անվադողն ու կրակում։ «Ֆորդը» կողաշրջվում է։ Վարորդն ու մի խումբ անձինք բերման են ենթարկվում ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Մինչ Դավիթ Բեկի փողոցում ծավալվում էին այս գործողությունները՝ Բագրևանդի փողոցում ոստիկանների տեսադաշտում է հայտնվում մյուս «Ֆորդը», որը ևս հարկադիր կանգնեցվում է՝ շնորհիվ Նոր Նորքի քրեական հետախույզներից մեկի նախազգուշական կրակոցների։ Արդյունքում՝ վարորդը և ուղևորը, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվում բաժին։ Նոր Նորքի քրեական հետախույզները ևս երկու անձի հայտնաբերում են պահեստի մոտակայքում ու բերման ենթարկում բաժին։

Գողոնը հայտնաբերվել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ութ անձ ձերբակալվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Նախնական տվյալներով՝ 2022 թ. մայիսի 24-ի գիշերը ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ՓԲ ընկերությանը պատկանող պահեստարանից գողացել են շահագործումից հանված և պահեստավորված հեռախոսային պղնձյա մալուխներ՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 4.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:
 
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական անհետաձգելի և մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած ութ անձանց ինքնությունը, ովքեր հայտնաբերվել և բերման են ենթարկվել:
 
Վերջիններս ձերբակալվել են՝ առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու կասկածանքով:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
 
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ